2013.12.04,

Քննադատ

Ով, ինչ, երբ, որտեղ եւ ինչու չի ուզում նորմալ նյութեր գրել

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Դասական լրագրության մեջ կան մի շարք օրենքներ, որոնք միջազգային կոնվենցիաներով դեռ չեն արգելվել։ Օրինակ՝ ենթադրվում է, որ լրատվական նյութը պետք է պատաասխանի հինգ հարցի՝ ո՞վ, ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ եւ ինչու՞ (Who, What, When, Where, Why)։

Տեսականորեն լրագրության ֆակուլտետի բոլոր ուսանողները պետք է, որ արդեն զզված լինեն այս օրենքից, քանի որ լսարան մտնող ամեն մի նոր դասախոս պետք է, որ հասցրած լիներ սրա մասին խոսել ու հետն էլ ստուգել, որ առաջադրանքները համապատասխանեն այս օրենքին։

Իրականությունը շատ ավելի դաժան է։ Վերցնենք ցանցային մամուլը։ Լրագրողների եւ խմբագիրների մեծ մասը չի հետեւում կանոններին։ Եվ, որպես հետեւանք, ստացվում են նյութեր, որտեղ Այսինչ Այսինչյանը հայտարարում է, թե ինքն այնինչն է։ Բայց թե որտեղ է հայտարարել, ինչ միջոցառման ժամանակ, հաճախ չենք էլ տեղեկանում։

Բայց համաձայնեք, որ հաճախ շատ կարեւոր է, թե երբ եւ որտեղ է ասվել այսինչ կամ այնինչ բանը։ Մանրամասներն են ստեղծում քաղաքականությունը։ Եվ եթե մամուլը պատրաստ չէ այդ մանրամասներին հետեւել, քաղաքական գործընթացներն սկսում են նմանվել մութ անտառում արձագանքի: Ո՞վ էր, ի՞նչ էր… մարդ բան չի հասկանում։

Կամ էլ ինչ-որ սենսացիոն նորություն է, որի աղբյուրը նշվում է մոտավորապես այսպես՝ թուրքական մամուլ, բրիտանական գիտնականներ։ Նման նյութերը բավական լուրջ խնդիրներ կարող են առաջացնել, քանի որ աղբյուր չի նշվում, եւ հաճախ դժվար է դրանք ստուգելը։ Այդ պատճառով էլ ապատեղեկատվությունը հեշտ է տարածվում լրատվական դաշտում:

Սրանք ամենաաչքի ընկնող թերություներն են։ Հատկապես այն մարդկանց համար, ովքեր տարիներ շարունակ հետեւում են լրահոսին, ծանոթ են քաղաքական անցուդարձին։

Իսկ հիմա ուզում եմ նյութի մի օրինակ բերել հայկական ամենաայցելվող կայքերից մեկից։ Այս նյութը հազարավոր նյութերից մեկն է հարյուրավոր կայքերից վերցված, եւ ընտրությունը պատահական է։

Յանուկովիչը դիմել է ուկրաինացի ժողովրդին

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դիմել է Ուկրաինայի ժողովրդին, փոխանցում է РИА «Новости»-ն: Նա հայտարարել է, որ «ոչ ոք Ուկրաինային եվրոպական ճանապարհից չի շեղի»:

«Մեզանից ոչ ոք չի խլի հավասար իրավունքներով Ուկրաինայի, եվրոպական Ուկրաինայի մասին երազանքը: Ինչպես նաև մեզ ոչ ոք չի շեղի այն ճանապարհից, որը մեզ տանում է դեպի այդ երազանքը»,- ասել է նա:

Դրանից բացի, նա ուկրաինացիներին շնորհակալություն է հայտնել «քաղաքացիական գիտակցության» համար:

«Ես երբեք Ուկրաինային և ժողովրդին վնասող քայլեր չեմ անի: Ուկրաինայի քաղաքացու կամքը եղել, կա և մնում է իմ յուրաքանչյուր քայլի որոշիչ պայմանը: Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան դա»,- հայտարարել է նա: Յանուկովիչն ավելացրել է, որ «Ուկրաինայում եվրոպական ստանդարտներով կառուցված հասարակությանն այլընտրանք չկա»:

Բացի այդ, Ուկրաինայի նախագահը խոստացել է ավելի մանրամասն հարցազրույց տալ հետագա քայլերի և գործողությունների վերաբերյալ:

Ինչպես հասկացաք, տեքստը նկարագրում է Ուկրաինայի ներքին քաղաքական վիճակը այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները հայտարարեցին, որ չեն ստորագրի Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը։

Սա հասկացաք դուք, հարգելի ընթերցողներ, քանի որ հետեւել եք իրադարձություններին։ Բայց արդյո՞ք խմբագիրը պետք է ենթադրի, որ իր բոլոր ընթերցողները հասուն մարդիկ են, որոնք անընդհատ հետեւում են քաղաքական կյանքին ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում։ Անկասկած՝ ոչ։

Սկսենք նրանից, որ հասարակությունը փոփոխվող է՝ ընթերցողների շարքերը անընդհատ համալրվում են երիտասարդներով, որոնք նոր են սկսում հետաքրքրվել քաղաքական կյանքով։ Բացի դրանից՝ միջին վիճակագրական ընթերցողը չի հասցնում հետեւել բոլոր թեմաներին, եւ միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչ է Ասոցացման պայմանագիրը, ինչու Ուկրաինան այն չստորագրեց։ Նաեւ՝ կա՞ն արդյոք այլ երկրներ, որոնք վերջին պահին հրաժարվել են ստորագրել պայմանագիրը։

Արդյունքում մենք ստանում ենք լրահոս, որտեղ ներկայացված են կցկտուր, չփոխկապակցված փաստեր: Կարծես խառնված խճանկար լինի։ Իհարկե, դա ավելի տոկուն է դարձնում այն մարդկանց, ովքեր արդեն սովորել են աշխատել նման լրահոսի հետ։ Բայց մեղք չե՞ն մյուսները։

Փաստացի, լրագրողներն ու խմբագիրները հաճախ իրենց նյութերը գրում են արդեն պատրաստված, ամեն ինչից տեղյակ լսարանի համար։ Սա, իհարկե, լուրջ խթան է ինքնակրթության համար, բայց կրթելը մամուլի գործը չէ։

Վերջաբան: Այս նյութում ոչ մի լրատվամիջոցի անուն չեմ նշել, քանի որ համարում եմ, որ նույնիսկ ամենապատասխանատու սակավաթիվ լրատվամիջոցների մոտ սայթաքումներ լինում են, իսկ նշածս խնդիրները վերաբերում են գրեթե բոլոր լրատվամիջոցներին։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *