«Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամն ուսումնասիրել է ու փորձել պարզել, թե սոցիալական հարթակներում ինչ բնույթ ունի հանրային և քաղաքական գործունեություն ծավալող կին գործիչներին ուղղված ատելության խոսքը, և որն է խտրական վերաբերմունքի պատճառը։
«Կանանց թիրախավորող առցանց ատելության խոսքը Հայաստանում» հետազոտությունն իրականացնելու համար հեղինակները մոնիթորինգի են ենթարկել մեծ լսարան ունեցող հայաստանյան լրատվամիջոցների ֆեյսբուքյան ու յություբյան էջերը։ Մեդիամոնիտորինգից բացի, զրուցել են նաև Հայաստանում գենդերային խնդիրներով զբաղվող փորձագետների հետ։ Մեդիա ոլորտի աշխատակիցների և քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների հետ էլ ֆոկուսխմբային քննարկումներ են անցկացրել ու փորձել հասկանալ, որն է պատճառը, որ առցանց տիրույթում կանայք թիրախավորվում են ու արժանանում ատելության խոսքի։
Հետազոտության ընթացքում դիտարկվել են 2021-ից 2023 թվականի, այլ կերպ ասած` 2020-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո գրված հրապարակումները և դրանց մեկնաբանությունները։ Կին քաղաքական և հասարակական դերակատարների՝ նախապես կազմված անվանացուցակից Crowdtangle գործիքի միջոցով ֆեյսբուքյան 38 լրատվական էջերից դուրս են բերվել 3553 հանրային հրապարակումներ։ Հետագայում առանձնացվել և ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել առավել քննարկված՝ երեք հարյուրից ավելի մեկնաբանություն ունեցող 138 հրապարակումներ։
Հատուկ գործիքների, չափորոշիչների ու բանալի բառերի օգնությամբ էլ այդ հրապարակումների մեկնաբանությունների շարքից առանձնացվել է ատելության խոսք պարունակող 1519 բովանդակություն։
Հետազոտության հեղինակները չեն հանրայնացնում հետազոտված լրատվամիջոցների ցանկը։
Հետազոտության արդյունքները
Մեդիամոնիտորինգի արդյունքներն ամփոփում են ատելության խոսքի ինտենսիվության և տվյալ պահի քաղաքական իրադարձությունների կապը, կանանց թիրախավորման ձևերը, ատելության խոսքի բովանդակությունն ու ընդհանուր միտումների համատեքստը։
- Հանրային գործունեություն ծավալող կանանց թիրախավորման շուրջ 42%-ը՝ ամենամեծ հատվածը, գենդերային հիմքով ատելության խոսք է։ Հայաստանյան մեդիայում գենդերի հիմքով ատելության խոսքն ուղղակիորեն չի թիրախավորում կանանց՝ որպես սոցիալական խումբ։ Փոխարենը թիրախավորում է առանձին կանանց և հիմնված է գենդերային դերի ընկալման և դրանից բխող կարծրատիպերի վրա։
- Գենդերային հիմքով ատելության խոսքը պարբերաբար արտահայտվում է՝ թիրախում ունենալով անհատի արտաքին տվյալները և/կամ ֆիզիկական/հոգեկան առողջությանը վերագրվող խնդիրները։ Արտաքին տվյալների հիմքով ատելության խոսքը կազմում է դիտարկված տվյալների 14 %-ը։ Այս թիրախավորման հիմքում գենդերային դերի վերաբերյալ կարծրատիպերն են։ «Հոգեկան հիվանդ», «հիվանդ», «գիժ», «խելքից պակաս», «ծալապակաս» և այլ ածականներ ակնարկում են թիրախավորված անձի՝ իրավիճակին չտիրապետելու, իրերը չընկալելու մասին, ինչն արժեզրկում է տվյալ անձի խոսքը և առհասարակ գործունեությունը։
- Առցանց տիրույթում կանանց նկատմամբ ատելության խոսքը դրսևորվում է հիմնականում արժեզրկող, նվաստացնող և ծաղրող բնույթի վիրավորական արտահայտություններով՝ բռնության կոչերով, սեռական բնույթի հայհոյանքներով։ Առանձնացված մեկնաբանությունների 12%-ը սեռական կամ այլ բնույթի բռնության կոչեր են, իսկ 20%-ը հայհոյանքներ, որից 11%-ը՝ սեռական բնույթի։ Տարածված է նաև կնոջ ընտանիքի թիրախավորումը՝ բռնության կոչեր և հայհոյանքներ ուղղված երեխաներին, ծնողներին, ամուսիններին։
- Ատելության խոսքի ծավալով զգալի չափաբաժին են կազմում նաև քաղաքական թեմաներով հրապարակումները։ Եվ այս դեպքում բացարձակ կարևոր չէ, թե թիրախավորված անձը քաղաքական գործիչ է, թե՝ ոչ։ Իրենց արտահայտած քաղաքական հայացքների համար թիրախավորվել են նաև մշակույթի և արվեստի ոլորտը ներկայացնող կանայք։ Նրանք թիրախավորվել են անգամ իրենց մասնագիտական ոլորտին վերաբերող հրապարակումների մեկնաբանությունների բաժնում։
- Երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները մեծապես ազդում են օգտատերերի ակտիվության, կիրառած բառապաշարի ու շրջանառվող ատելության խոսքի չափաբաժնի վրա։ 2021 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմին հաջորդած տարվա ընթացքում փողոցային պայքարի, ընտրական գործընթացների ֆոնին գրանցվել են ամենից շատ ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները, մինչդեռ հաջորդող երկու տարիների (2022-2023թթ․) ընթացքում նման ակտիվությունը և օգտագործված նվաստացնող բառապաշարն աստիճանաբար թուլացել է։ Նման իրավիճակներում առավել հաճախ թիրախավորվել են քաղաքական պաշտոններ զբաղեցնող, կուսակցական և քաղաքական դիրքորոշումներ ունեցող, հանրության համար ճանաչելի կանայք։
- Հաճախ ատելության խոսք պարունակող մեկնաբանությունների զգալի մասը լրատվամիջոցի ընտրած վերնագրի, այլ ոչ նյութի բովանդակության արձագանքն է։ Լրատվամիջոցները, երբեմն, որպես հրապարակման վերնագիր, ընտրում են բանախոսի նշած ամենասուր ու համարձակ ձևակերպումները, որոնք կարող են հատվածական ներկայացնել նրա միտքը կամ չհամապատասխանել բովանդակությանը։ Արդյունքում, մեդիասպառողների զայրույթը, հակակրանքը ավելի է սրվում տվյալ կին գործչի նկատմամբ և բազմապատկվում են քաղաքական քննադատությունները կամ հայհոյանքի ու թշնամանքի արտահայտությունները։
- Ատելության խոսքն երբեմն ուղեկցվում է դավադրության մասին տեսություններով և տարածում է ապատեղեկատվություն, որը ոչ միայն թիրախավորում է անհատին, այլ՝ համակարգերին։ Դրանք հաճախ իրադարձային դրսևորումներ են ունենում, երբ երկրում քննարկվում կամ ընդունվում են նոր օրենքներ, առկա է ճգնաժամային իրավիճակ, ինչպիսին է հակամարտության սրումը, պատերազմը, համավարակը։ Նմանօրինակ բովանդակություն պարունակող ատելության խոսքը զգալիորեն տարածում է նաև հակագիտական տեղեկություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են ազդել հանրային անվտանգության և առողջության վրա։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: