2024.09.06,

vox populi

Հասույթի նվազումը ահազանգող է հատկապես մարզային մեդիայում

Հանրությանը տեսալսողական ծառայություններ մատուցող ընկերությունների իրական անկախության, ինքնաբավ  խմբագրական քաղաքականության ու պատասխանատու դիրքավորումից խոսելիս միշտ հանգում ենք այն հարցին, թե որտեղից գտնել բավարար գումար։

Իհարկե, միայն փողը (ներդրումները, գովազդային եկամուտները, դրամաշնորհները և այլն) բավարար չեն խոսելու համար անկախ ու որակյալ մեդիայի մասին, բայց դա այն նախապայմանն է, որը թույլ է տալիս տեսալսողական մեդիա ծառայություններ մատուցողներին կամ այդ մատուցումը հասանելի դարձնողներին հաշվարկել իրենց ռեսուրսներն ու չապավինել ստվերային, «մութ» ֆինանսական աղբյուրներին՝ դրանից բխող ազդեցությամբ բովանդակության վրա։

Կամ էլ ընդհակառակը՝ անընդհատ ուշանալով, իմիջիայլոց ու առանց հեռանկարային զարգացման մարտավարության շարունակել գործունեությունը՝ հուսալով, որ ինքնաբերաբար մի բան կստացվի։ 

Հասույթի մասին հայտարարագրերը, որոնք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով են ներկայացնում այդ մարմնի կարգավորման ներքո գործող ընկերությունները, վկայում են, թե ինչպիսի լուրջ ճգնաժամ է ֆինանսական տեսակետից հատկապես մարզային հեռուստաընկերություններում։

Վերգետնյա հեռարձակում, ռադիո սփռում ունեցող, լիցենզավորված ու հեղինակազորված ընկերությունների, այդ թվում նաև ցանցային օպերատորների ու ինտերնետ կապի ծառայություններ մատուցող ընկերությունների հասույթը 2023–ին կազմել է մոտ 57 մլրդ դրամ։ (Տվյալներում արտացոլված չէ Հանրային հեռարձակողների հասույթը, որը բացի պետական բյուջեով հաստատված տարեկան 8 մլրդ դրամից նաև ներառում է գովազդային և այլ ոչ բյուջետային մուտքեր)։

2021-2023 թվականների հասույթի համեմատական պատկերը (ներառված չեն Հանրային հեռարձակողները)

Ընդ որում՝ հասույթի կարկանդակի մեծ հատվածը պատկանում է ցանցային օպերատորների ծառայություն մատուցող ու ինտերնետ կապ տրամադրող 59 ընկերությունների։ Այսինքն, մեդիա բովանդակությունը փաթեթավորողներին ու վերահեռարձակողներին, ոչ թե ստեղծողներին։

Փաստացի, նրանց հասույթը 2023–ին կազմել է 49 մլրդ դրամ։

Ու թեև շատ ցանցային օպերատորներ ոչ միայն տեսալսողական բովանդակության հեռարձման, այլև ինտերնետ կապի ծառայություններ են մատուցում (հայտարագրերում դրանք զատված չեն), միևնույն է ստացվում է, որ ողջ մեդիա դաշտի ահռելի տոկոսը բաժին է հասնում միջնորդներին ու կապ տրամադրողներին, ոչ թե բովանդակության բուն հեղինակներին։

Եթե հայտարարագրված տարեկան 57 մլրդ դրամ հասույթից հանենք այդ 49 մլրդ դրամը, ապա մնացած 8 մլրդ դրամը կարող ենք համարել մեդիա բովանդակության գումարային շրջանառություն։

Այդ 8 մլրդ դրամը  բաշխվում է մոտավորապես այսպես (կրկին չհաշված Հանրային հեռարձակողին)․

  • Հանրապետական սփռում ունեցող հեռուստաընկերություններ՝ մոտ 4,5 մլրդ դրամ,
  • Հանրային ցանցով սփռվող ռադիոընկերություններ՝ մոտ 1 մլրդ դրամ,
  • Հեղինակազորված 23 ընկերություններ՝ մոտ 1 մլրդ դրամ,
  • Մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերություններ՝ մոտ 816 մլն դրամ,
  • Մարզային սփռում ունեցող հեռուստաընկերություններ՝ մոտ 383 մլն դրամ։

Հայաստանի մարզերում տեսալսողական ծառայություններ են մատուցում 9 հեղինակազորված հեռուստաընկերություններ։ Եվ նրանց հասույթը 2023–ին (բոլորինը միասին հաշվարկված) կազմել է 383 մլն դրամ։ Ընդամենը։

Իհարկե, հասույթի նվազումն ունի մի քանի պատճառներ։ 

Առաջնայինը գովազդային մուտքերի կրճատումն է, որը հատկապես ակնառու է մարզային մեդիայում։ Այս գծապատկերը հստակ ցույց է տալիս, թե որքան սրընթաց է իջնում գովազդային մուտքերի կորը վերջին տարիներին։ Ուղղակի գահավիժում է։

Մարզային սփռման տեսալսողական ծրագրերում հեռարձակվող գովազդային մուտքերի ծավալներն ըստ տարիների

Շատ մարզային հեռուստաընկերությունների գոյությունն ինքնին հայտնվել է հարցականի տակ։ 

Կազուսային վիճակ է. փող չունեն, որ բովանդակություն ստեղծեն։ Բովանդակություն չեն ստեղծում, որով կարող են փող աշխատել։

Որոշակի գումարային ներդրումներ մարզային հեռուստաընկերություններին ապահովում են միջազգային դրամաշնորհները և տեղական բիզնես կառույցները։ Բայց դա չի կրում համակարգային բնույթ, որ հնարավոր լինի խոսել հեռանկարային զարգացման մասին՝ ապավինելով միայն մարզերի ուժերին կամ կապերին։

Մյուս պատճառը անհավասար մրցակցային պայմաններն են, որոնք գոյություն ունեն պետության կարգավորման ներքո գտնվող և միայն ինտերնետում տեսալսողական ծառայություններ մատուցողների միջև։ 

Եթե պետությունը որոշակի կարգավորման գործառույթներ ունի հանրային մուլտիպլեքսում հեռարձակողվողների նկատմամբ, ապա ինտերնետում ապրող մեդիա միավորների հանդեպ չկան ոչ միայն ազդեցության լծակներ, այլ հստակ հետազոտություններ, թե ինչպես է ձևավորվում նրանց բյուջեն (խմբագրակազմ ունեցողներից մինչև բլոգերներ)։

Պետությունը հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող ընկերություններից պահանջում է հանրօգուտ բովանդակություն (ըստ օրենքի՝ 20%), նաև ներդրումներ՝ ապահովելու սուրդոթարգմանությունն ու կրկնօրինակումը՝ հայերենով, մինչդեռ որևէ խրախուսման կամ աջակցման ծրագիր չի առաջարկում։

Գումարած դրան՝ շատ մարզային հեռարձակողների համար Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցին (ՀՀՌՑ) տարեկան պարտադիր վճարները ևս այն ֆինանսական բեռն են, որը կրելը դառնում է գրեթե անհնարին։

Հասունացել է պահանջը գործի դնելու մարզային մեդիայի աջակցման հետևողոկան ու հեռանկարային ծրագիր, որը կլինի միաժամանակ թափանցիկ ու արդյունավետ։

Այլապես մարզային մեդիան այսպես դանդաղ մարելու է։

383 մլն դրամ տարեկան հասույթի պատկերը էլ ավելի է դառնում մտահոգիչ, երբ տեսնում ես, թե ինչպես է բաշխվում հասույթը ըստ մարզերի։

Մարզային սփռում ունեցող հեռարձակողների 2023–ի հասույթը

Այս տոկոսային գծապատկերը ցույց է տալիս, որ արդեն իսկ նվազած 383 մլն դրամ հասույթի հսկայական հատվածը բաժին է ընկնում «Ձագեձոր» ՍՊԸ–ին, որը հեռարձակվում է Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում և ունի աջակցություն տեղական խոշոր գործարար կառույցներից։

Եվ այդ մեկ ընկերությունն ավելի շատ հասույթ է ստանում, քան բոլորը միասին վերցրած։ 

Ընդ որում՝ հասույթի չափը բնավ էլ չի երաշխավորում հեռարձակվող բովանդակության որակը, բազմազանությունն ու խորությունը։ Մեծ հաշվով՝ գումարի չափը չի ապահովում հաղորդումների նշմարելի մակարդակ կամ մարզի խնդիրներին արագ ու արդյունավետ արձագանքման քայլերի քարտեզ ունենալու մասին։ 

Բայց բոլոր դեպքերուրմ 383 մլն դրամ հասույթը իսկապես շատ փոքր գումար է, որ հնարավոր լինի խոսել մարզային մեդիայի լուրջ դերակատարման մասին։ 

Մարզերում տեսալսողական ծառայություններ մատուցողները կարծես հայտնվել են խեղճ բարեկամի դերում՝ չստանալով աջակցություն կամ առնվազն՝ որոշակի երաշխիքներ, որ իրենք պետական ռազմավարության օղակներից մեկն են։ Ասենք, արտակարգ կամ ռազմական իրավիճակներում կարող են դառնալ հրատապ իրազեկման գործիք և համայնքի հետ թիրախային աշխատանք կատարող մոբիլիզացիոն հարթակ։ 

Թե՛ տեղեկատվական անվտանգության ճգնաժամի ու այլ պետությունների կողմից կազմակերպված ինֆորմացիոն գրոհների, թե՛ աղետալի հետևանքներ առաջացրած բնական երևույթների ժամանակ (երկրաշարժ, ջրհեղեղ, սողանք կամ բոլորը միասին) մարզային մեդիայի դերը թերագնահատելը խելամիտ չէ։

Եվ չպետք է անտեսել այն փաստը, որ որքան թուլանա մարզային հեռուստատեսային բովանդակության որակն ու քանակը, այնքան կբարձրանա օտարալեզու հեռարձակողների դիտելիությունը, ինչն արդեն մտահոգիչ ցուցանիշ է։

Ըստ ՀՌՀ ուսումնասիրությունների՝ ցանցային օպերատորների փաթեթներով մեր սպառած հեռուստաարտադրանքի 58%–ը (այսինքն, ամենամեծ հատվածը) ռուսերեն է։ 

Վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի հեռարձակման լեզուն

Ակնհայտ է, որ հարցը, թե որտեղից գտնել կայուն ֆինանսական աղբյուրներ արդյունավետ աշխատելու և միաժամանակ չհայտնվելու համար շահերի բախման կետում (քաղաքական, առևտրային, օտար պետությունների ազդեցության), կանգնած է ոչ միայն յուրաքանչյուր մարզի, այլև պետության առջև։ 

Ի վերջո, մարզային տեսալսողական մեդիան կարող է բռնկվել (և շատ մոտ ապագայում)՝ լրջագույն խնդիրներ ստեղծելով տեղեկատվական անվտանգության տեսակետից։ Կամ էլ այսպես դանդաղորեն մարել ու ինքն իրեն անընդհատ կրճատելով ու խմբագրելով՝ վերածվել ժամկետանց ու անզոր գործիքի։

Թերևս առանց պետական աջակցման ռազմավարական ծրագրի, այլընտրանք չի երևում։

Այդ թվում նաև՝ օգտագործելով Հանրային հեռարձակողի ներուժը (ֆինանանսական, տեխնիկական, մասնագիտական և այլն), որ հնարավոր դառնա համագործակցությունն ու համատեղ տեսալսողական արտադրանքի ստեղծումը։ Մրցունակ ու մեդիա շուկայում գին և իրական պահանջարկ ունեցող բովանդակությունը մարզերում ծնվելով է ուժեղացնում մարզը։

Նունե Հախվերդյան
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *