2024.09.02,

vox populi

Արցախյան փոդքասթները՝ մեկ տեղում

Հայալեզու փոդքասթների տիրույթում անցյալ սեպտեմբերից մինչև հիմա Արցախի մասին և Արցախյան բարբառով  6-ից ավելի փոդքասթ է ավելացել։

Արցախցիներն ավելի քան երբևէ կարիք ունեն խոսելու, լսելու իրար, վերհիշելու ու վերապրելու կատարվածը և փոդքասթն՝ իր անշտապ, անկեղծ ու ոչ ֆորմալ զրույցների ձևաչափով տալիս է այդ հնարավորությունը։  

«ՓՈԴՔԱԹ»

Լրագրողներ Տաթևիկ Խաչատրյանի ու Մարիամ Սարգսյանի հեղինակած «Փոդքաթ» անվանմամբ փոդքասթն արդեն այնքան մեծ տարածում է գտել համացանցում, որ դիտողները երբեմն շփոթում են փոդքասթ և փոդքաթ բառերը։ Բառախաղի միջոցով աղջիկները ստացել են «փոդքաթ» անվանումը, որտեղ «քաթ» արմատը Հադրութի բարբառով նշանակում է զրույց։ Աղջիկներն արցախյան բարբառով «քաթ են անում» իրենց  հյուրերի հետ։ Համոզված են, որ հենց այսպես՝  բարբառով խոսելով, կարող են պահպանել այն։

«Տեղահանումից հետո սկզբնական շրջանում «Փոդքաթ»-ը մեզ իսկական դեղահաբ էր՝ օգնում էր այս մղձավանջը հաղթահարել, խոսել հարազատ մարդկանց հետ՝ հարազատ բարբառով»։ Մարիամ Սարգսյան

Փոդքասթը ստեղծվել է անցած տարեվերջին՝ Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնի հետ համագործակցությամբ։ Լսարանի մեծ մասն արցախցիներ են, քանի որ զրույցները արցախյան բարբառով են։ Կարելի է ասել, որ այս փոդքասթը դիտում և լսում են նաև սփյուռքում,  քանի որ արցախցիների մի մասը հեռացել է Հայաստանից։ Վերջին շրջանում զգալիորեն աճել է փոդքասթին հետևող հայաստանցիների թիվը։

Աղջիկներն ասում են, որ սոցցանցերում հաճախ են ատելության խոսք պարունակող մեկնաբանություններ ստանում, սակայն իրենց հետևող, սիրող, ոգևորող հետևորդների արձագանքներն անհամեմատ ավելի շատ է։  

Փոդքասթը դեռևս որևէ շահույթ չի բերում, ավելին՝ ֆինանսական առումով բեռ է, բայց  դիտողների հավատն ու նվիրումը ստիպում են, որ աղջիկներն ամեն անգամ նույն ոգևորությամբ դուրս գան եթեր։

Տարբեր սոցցանցերում ավելի քան 16 հազար հետևորդ ունեցող  Փոդքաթը ամռանը դրամահավաք է սկսել Patrion և  Rearmenia  հարթակներում, որով փորձելու է լուծել ֆինանսական խնդիրներն ու նոր էպիզոտների ամենաշաբաթյա կանոնավոր նկարահանումները։

«Փոդքասթը մեզ համար մեծ պատասխանատվություն է, քանի որ մարդիկ սպասում են մեր եթերներին։ Համացանցում օ-ից ստեղծված էջը սկսեց օրգանիկ կերպով՝ առանց գովազդների մեծ թվով հետևորդներ հավաքել, ինչը մեզ համար ձեռքբերում է»։
Մարիամ Սարգսյան

Օրինակ էպիզոդներից մեկում Մարիամն ու Տաթևիկը զրուցում են ծնունդով բերդաշենցի Հերմինե Զարգարյանի հետ։ Հերմինեն մեկն էր այն նվիրյալ բժիշկներից, որոնք սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին օգնություն էին ցուցաբերում Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում։ Թե ինչ ապրումներ են ունեցել, ինչերի միջով են անցել Հերմինեն և շրջափակված Ստեփանակերտի հիվանդանոցում մնացած բժշկական անձնակազմը, դժվար է պատկերացնել։ Առավել դժվար է այդ ամենն էկրանի առջև վերապրելը, դրա համար էլ էպիզոդն ամենահուզիչներից է։

«ԻՆԱԴՈՒ»

«Ինադու»-ն ստեղծվել է Արցախում՝ շրջափակման ծանր օրերին։ Փոդքասթն արդեն մեկ տարեկան է։ Արցախցի երիտասարդներ Շողեր Սարգսյանն ու Նինա Շահվերդյանը տեսնելով, որ Արցախից դուրս եկող տեղեկատվությունը քիչ է և թերի, որոշեցին Հայաստանում և սփյուռքում ապրող հայերին հնարավորինս բաց և անկեղծ և գրական հայերենով պատմել շրջափակման օրերի մասին։

Այս փոդքասթն ակամա դարձավ Արցախի վերջին օրերի վավերագրությունը։ Ստեփանակերտում առաջին էպիզոդները նկարելիս՝ աղջիկները նույնիսկ երկու միանման աթոռ չունեին։ Հոսանքի հովհարային անջատումների արանքում և առանց տեխնիկական բավարար միջոցների նկարահանված էպիզոդներն աղջիկների համար առանձնակի նշանակություն ունեն։ Տեղահանումից հետո աղջիկները որոշեցին շարունակել փոդքասթը նաև Հայաստանում, քանի որ հասկացան, որ Արցախի խնդրի ու արցախցիների մասին, միևնույն է,  քիչ է խոսվում։

«Ինադու անվանումը ես և Նինան պատահական ենք մտածել։ Երբ մի օր Նինան հարցրեց, թե ինչպես ենք ապրում և դիմադրում այս պայմաններում, ես պատասխանեցի՝ ինադու՝  (ի հեճուկս) նրանց, ովքեր չեն ուզում, որ մենք ապրենք։ «Ինադու»-ի մեջ հարմարվողականություն չկա, այն ավելի ուժեղ է, քան «հանուն»-ը, որովհետև այն քեզ մղում է գործողության»։
Շողեր Սարգսյան

Փոդքասթին հիմնականում հետևում են երիտասարդները։ Նինան ու Շողերը խոսում են երկուսով կամ ունենում են հյուր, որի հետ քննարկում են տեղահանված արցախցիների խնդիրները։

«Առաջին իսկ օրվանից սա մի տեղ էր, որտեղ ինձ անվտանգ էի զգում անկեղծանալու և պատմելու պատմությունները, որոնք ուրիշ ոչ մի հարթակում չէի պատմի։ Այն էպիզոդները, որտեղ միայն ես և Նինան ենք խոսում, ինչ-որ տեղ թերապևտիկ են մեզ համար, որովհետև երկուսիս անկեղծ զրույցն է։ Առանց տեսախցիկների էլ նույնը կլիներ՝ մի տարբերությամբ, որ առօրյայում մենք խոսում ենք մեր բարբառով, իսկ այստեղ՝ գրական հայերենով»։
Շողեր Սարգսյան

Հետագայի մասին աղջիկները դժվարանում են խոսել։ Ցանկանում են, որ փոդքասթը հնարավորինս երկար կյանք ունենա, թեև այն իրենց համար աշխատանք չէ, ոչ էլ եկամտի աղբյուր։

Էպիզոդներից մեկում Շողերն ու Նինան խոսում են 12 տարեկան արցախցի Մանեի հետ։ Մանեն մեծի պես աղջիկներին պատմում է հայրենքը կորցնելու, մեկ օրում մեծանալու մասին։

«ՄՈՒԿԼՄԱՆԴԻԼ»

Լիկա Զաքարյանի փոդքասթը ևս արցախյան բարբառով է։ Արցախցի Լիկան վավերագրում է մարդկային պատմություններ՝ փոդքասթի ձևաչափով։ «Մուկլմանդիլ» անվանումով զրույցների շարքը հեռարձակվում է Սիվիլնեթի օնլայն հարթակով։ Թե ինչու «Մուկլմանդիլ» (արցախյան բարբառով նշանակում է սարդոստայն), Լիկան բացատրում է այսպես․ «Մեր կյանքի պատմությունները սարդոստայնի նման խճճված են, հատիկ-հատիկ դրանք վեր հանելով՝ մեկ պատկեր է ստացվում իրականության մասին»։ Բացի այդ՝ մուկլմանդիլը Լիկայի սիրած բարբառային բառերից է։

Փոդքասթի ստեղծման նպատակներից մեկն էլ բարբառի վավերագրումն  է այնպես՝ ինչպես այն կա հիմա։ Այստեղ մարդիկ պատմում են իրենց գլխով անցած պատմությունները՝ ինչպես էին հաղթահարում շրջափակման դժվարությունները, ինչ եղավ սեպտեմբերի 19-ին և դրանից հետո, ինչպես են  անցնել գաղթի ճանապարհով, ինչ հիշողություններ են բերել իրենց հետ Արցախից։ Խոսում են նաև տեղահանումից հետո կյանքը շարունակելու մասին՝ ինչպես են հարմարվում, ինչ դժվարությունների են բախվում և ինչպես են դրանք հաղթահարում։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններից պարզ է դառնում, որ փոդքասթը դիտում են ոչ միայն արցախցիները, այլ նաև շատ հայաստանցիներ։ Հիմնական դժվարությունը, որին բախվում է հաճախ Լիկան, հյուրերին համոզելն է, որ գան ու խոսեն։

«Արցախցին այսպիսի հատկություն ունի՝ անող է, բայց խոսող չէ։ Շատ արցախցիներ կան, որոնք մեծ գործեր են արել, բայց բացարձակ չեն ուզում խոսել այդ մասին»։
Լիկա Զաքարյան

Լիկայի հյուրերը սովորական արցախցիներ են՝ իրենց ոչ սովորական պատմություններով ու ցավով։ Միասին վերապրում են անցած օրերը, ապրումակցում միմյանց և փորձում առնել տան կարոտը։

«Ինձ փոքր-ինչ օգտակար եմ զգում, որ անում եմ այս գործը։ Կարծում եմ, որ լեզվաբանների համար այս նյութերը հետագայում կարող են ուսումնասիրությունների հիմք հանդիսանալ»։
Լիկա Զաքարյան

Առաջին էպիզոդում արցախցի Կարինե Պետրոսյանն է կիսվում իր կյանքի պատմությամբ, պատմում հումորի միջոցով շրջափակման դժվարությունները հաղթահարելու, յոթ հոգով մեկ մեքենայի մեջ խցկված Արցախից հեռանալու մասին։

«ԱՄԱԼՅԱ ԿՅԱԼՈՒ»

«Ամալյա կյալու» փոդքասթը հունվարից Բուն TV-ի եթերում է։ Ինչքան էլ բարդ լինի, միևնույնն է՝ ամալ ա կյալու, այսինքն՝ ստացվելու է․ այս տրամաբանությունն է ընկած փոդքասթի հիմքում։ Փոդքասթի հյուրերը իրենց ոլորտում կայացած արցախցի երիտասարդներ են, որոնք կարող էին ոգեշնչման աղբյուր լինել մյուսների համար,  զրույցները՝ հիմնականում ուսուցողական, ճանաչողական են, նպատակը՝ Բուն TV-ի հեռուստադիտողին ներկայացնել կրթված, իրենց գործի գիտակ արցախցիների։

«Փոդքասթի հիմքում ի սկզբանե դրվել էր չհանձնվող, դժվարությունները պատվով հաղթահարող, ստեղծագործող, արարող արցախցու կերպարը։,-  ասում է հեղինակ և վարող Նորա Հարումյանը,- Չէինք ուզում մտնել մարդու անձնական դաշտ, թեև հուզիչ պահերից լիովին խուսափել հնարավոր չէ»։

Որոշ ժամանակ անց փոդքասթը դարձավ նաև տեղեկատվության աղբյուր արցախցիների համար։ Հյուրերի հետ քննարկում էին արցախցիներին առնչվող խնդիրներ, հրավիրում էին նաև Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների։  

«Որպես արցախցի ինձ համար այս փոդքասթը նաև վերականգնվելու հնարավորություն էր, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Շփվելով ուժեղ կամքի տեր երիտասարդների հետ՝ հասկանում էի, որ պետք է ապրել, պետք է գործել»։
Նորա Հարումյան

Էպիզոդներից մեկում Նորան զրուցում է արցախցի հոգեբան Մարիամ Գասպարյանի հետ, որը 2020թ․ պատերազմից հետո աշխատել է կորուստներ կրած  մարդկանց հետ։ Արձագանքներից Նորան հասկացել է, որ պատերազմի թողած տրավմաների ու դժվարությունների հաղթահարման  մասին խոսելու կարիք շատ կա։

«ECHOES»

Ի տարբերություն արցախյան թեմայով մյուս փոդքասթների՝ Ալյոնա Հայրապետյանի ու Անի Բալայանի փոդքասթն աուդիո տարբերակով է։ Ալյոնան փոդքասթի հեղինակն ու վարողն է, իսկ Անին լուծում է տեխնիկական հարցերը։ Փոդքասթն ամբողջությամբ նվիրված է Արցախի բարբառներին։ Կոչվում է «Echoes»: Այս նախագիծը նույնպես ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։ Առաջին սեզոնում նախատեսվում է հրապարակել 8 էպիզոդ։

Ալյոնան իր հյուրերի հետ ունկնդիրներին սովորեցնում է արցախյան բարբառով բառեր ու արտահայտություններ, ինչպես նաև՝ փորձում է բացատրել  բարբառի քերականական նրբությունները: Հյուրերն Արցախի բարբառի ու դրա խոսվածքների կրողներն են։  Միասին քննարկում են բարբառի այս կամ այն առանձնահատկությունը, պատահական սկզբունքով ընտրված բառերի բացատրությունն են տալիս, պատմում դրանց հետ կապված զվարճալի պատմություններ: Փոդքասթը գրական հայերենով է, այնպես որ՝ բոլոր ցանկացողները կարող են լսել ու սովորել Արցախի բարբառը:

«Մեր փոդքասթը բացառապես կրթական նպատակ է հետապնդում, չնայած՝ ձևաչափը հնարավորինս ոչ ֆորմալ է»:
Այլոնա Հայրապետյան

Իրենց նորաստեղծ փոդքասթի մասին հեղինակները հասցրել են և՛ դրական, և՛ բացասական կարծիքներ լսել։ Դրական արձագանքները միանշանակ ավելի շատ են։ Մարդիկ ոգևորող մեկնաբանություններ են գրում, նշում են, որ շատ են հավանում թե՛ բարբառը, թե՛ փոդքասթը։ Ոմանք փորձում են  հեղինակների հետ սովորել բարբառը:

Առաջին՝ «Լյուսու պատառ» անվանմամբ էպիզոդում Ալյոնան և իր հյուրը՝ Սվետլանա Հարությունյանը խաղի տեսքով իրար հետ քննարկում են 10 արցախյան բառ։ Զրույցն ուղեկցվում է բարբառի հետ առնչվող հետաքրքիր պատմություններով։ Օրինակ՝ Ալյոնան ոչ թե ասում է, որ ինքը տխուր է, այլ «աշխարհքը կլխես մթնվալ ա, փոլ եկալ»՝ այս կերպ բացատրելով դարձվածքի բարբառային տարբերակը։

«ՏԱՆԱՆ ՆԻԳՅԱՐԱՆ»

Անուշ Պետրոսյանի «Տանան Նիգյարան» փոդքասթը վավերագրական զրույցների շարք է արցախյան բնակավայրերի՝ գյուղերի ու քաղաքների, և նրանց երբեմնի բնակիչների մասին։

«Ինչո՞ւ «Տանան Նիգյարան»․ որովհետև մենք՝ արցախցիներս տնից նիգյարան, այսինքն՝ տնից մտահոգ, անհանգիստ ենք։, ու նաև՝ մենք մեր տան ու բնակավայրի հանդեպ կարոտախտով ենք լցված»։
Անուշ Պետրոսյան

Արցախցիներն ամեն օր մտովի հայտնվում են իրենց գյուղի կամ քաղաքի տանը, նստում իրենց բակում, քայլում փողոցներով, լսում ծանոթ ձայներ և փնտրում հարազատ դեմքեր։ Փոդքասթը հույզերի ու հուշերի փոխանակման, էկրանից այն կողմ դրանք փոխանցելու միջոց է։ Բայց այն նաև ականատեսների վավերագրությունն է, արցախյան գյուղերի ու քաղաքների մասին պատմական և մշակութային ակնարկ՝ ներկայացված հենց տվյալ բնակավայրում ապրած մարդկանց խոսքով։

«Այստեղ մենք վավերագրում ենք մեր կորցրած գյուղերի ու քաղաքների, այնտեղ ապրած մարդկանց մասին փաստեր և պատմություններ։ Միասին կարոտում ենք մեր տունը, հիշում մեր անցած ճանապարհը»։
Անուշ Պետրոսյան

Յուրաքանչյուր էպիզոդ արցախյան մեկ գյուղի կամ քաղաքի մասին է։ Փորձում ենք հասկանալ, թե որն էր տվյալ բնակավայրի պատմական, մշակութային կամ աշխարհագրական առանձնահատկությունը, ովքեր էին նրա բնակիչները։

«Օրեցօր Արցախի թեման դուրս է մղվում հայկական օրակարգից, իսկ արցախահայերի հարցը վերածվում է կենցաղային հոգսեր ունեցող մարդկանց խնդրի։ Մի քանի տարի անց մենք մեր արցախցի լինելը ապացուցելու խնդիր ենք ունենալու։ Հիմա, ավելի քան երբեք կարևոր եմ համարում հնարավոր բոլոր միջոցներով Արցախի բնակավայրերի ու արցախցների մասին վավերագրական նյութերի ստեղծումը»։
Անուշ Պետրոսյան

Այս փոդքասթի մեկնարկը ևս հնարավոր է դարձել Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի ծրագրի շրջանակներում։ Էպիզոդները դեռ նկարահանման փուլում են։ Թե ինչքան կշարունակվի փոդքասթը, հիմա դժվար է ասել, քանի որ այն ենթադրում է ֆինանսական ծախսեր և որևէ շահույթ չի հետապնդում։

Առաջին էպիզոդում Անուշը զրուցում է Շուշիի քահանա Տեր Անդրեաս Թավադյանի հետ։ Շուշիի ազատագրումից մինչև Շուշիի առեղծվածային անկումը, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծությունն ու Շուշիի եկեղեցիների ներկայիս ողբերգական ճակատագիրը, մայիսյան հաղթանակներն ու հավատի կարևորությունը երկու շուշեցիների զրույցի թեման են։

Արցախցին ցանկանում է պահել իր ինքնությունը։ Այս դեպքում նա դա անում է քաթ անելով՝ ինադու աշխարհին։ Փորձում է ազատվել շրջապատող մուկլմանդիլներից։ Տանան նիգյարան է, բայց վստահ է, որ ամալյա կյալու։

Փոդքասթները հավաքեց «Տանան նիգյարան»-ի հեղինակ
Անուշ Պետրոսյանը

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *