2024.07.25,

Նյուսրում

Արցախից տեղահանման պատմությունները՝ ինտերակտիվ քարտեզի վրա   

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Շուրջ 6 ամիս տևած աշխատանքից հետո արդեն պատրաստ է Մեդիա նախաձեռնություների կենտրոնի՝ (ՄՆԿ) «Վերջին 70.000 մետրը ի՞նչ է պատմում ճանապարհը» մուլտիմեդիա նախագիծը։     

Հայաստանի ու Արցախի մի խումբ լրագրողներ ՄՆԿ-ի՝ «Վավերագրելով դրան» մուլտիմեդիա հատուկ նախագծի ընթացքում հավաքել են արցախցիների տեղահանության պատմությունները։  

Մուլտիմեդիայի ժամանակակից գործիքների օգնությամբ  նախագծի հեղինակները քարտեզագրել են Ստեփանակերտից դեպի Կոռնիձոր ճանապարհը, փրկվելու հույսով վերջին անգամ այդ ճանապարհով անցնող մարդկանց պատմությունները տեղորոշել  ու ներկայացրել են քարտեզի վրա։ 

«Երբ որոշեցինք, որ անդրադառնալու ենք հենց ճանապարհի ընթացքում տեղի ունեցած դեպքերին, սկսեցինք քարտեզներում փնտրել այդ ճանապարհը, բայց ոչ մի քարտեզում չգտանք այն։ Ասում էին, որ շատ նեղ ու նոր ճանապարհ է և նկատելի չէ քարտեզի վրա։ Մենք ստիպված եղանք ինքներս կետ առ կետ, կորդինատ առ կորդինատ գծել այդ ճանապարհը։ Եվ նախագծի առանձնահատկությունն այն է, որ մենք քարտեզագրել ենք այդ ճանապարհը և այն հիմա ինտերակտիվ տարբերակով  առկա է»,- ասում է ՄՆԿ ուսումնական ծրագրերի ղեկավար Նարինե Սաֆարյանը։ 

Ճանապարհը քարտեզագրելու, հավաքած տվալներն ընթերցողի համար հասկանալի կերպով վիզուալիզացնելու և նախագծում աշխատող լրագրողներին մասնագիտական նոր գործիքների հետ ծանոթացնելու համար՝ ՄՆԿ-ն հրավիրել էր «Ռոյթերս»-ին, «Շփիգել»-ին, «Ալ-Ջազիրա»-ին թղթակցող, տվյալների լրագրության ոլորտում հեղինակավոր միջազգային մրցանակների արժանացած իտալացի Ջակոպո Օտտավիանին։   

«Մուլտիմեդիա նախագիծը մի քանի մասից է բաղկացած։ Հիմնական շեշտը դրված է քարտեզագրված ճանապարհի վրա տեղորոշված և ներկայացված 6 պատմություների վրա,  բայց սրանցից բացի կան տեղեկություններ նաև  շրջափակման մասին, տեղահանված արցախցիների սեռատարիքային բաշխվածության մասին։  Միջազգային արձագանքի հատվածում երկիր առ երկիր ներկայացրել ենք այդ օրերին տարածված պաշտոնական հաղորդագրություները։ Նպատակը մեկն է, որ անգամ եթե ընթերցողը, որը որևէ տղեկություն կամ պատկերացում չունի  թե ի՞նչ է կատարվել, ստանա ամբողջական ինֆորմացիա»,- ասում է ՄՆԿ փորձագետ Արմեն Սարգսյանը։  

Արմեն Սարգսյանը նախագծի ներկայացման ժամանակ

Նորարար լուծումներով ու մոտեցումներով այս նախագծի ամենածանր ու դժվար հատվածը հոգեբանական դաշտում էր։ Թե՛ պատմությունների հերոսներին, թե՛ իրենց  հոգեբանորեն չվնասելու և ընթերցողին էլ լրագրողական էթիկայի բոլոր կանոններին համապատասխանող պատմություններ պատմելու համար, լրագրողները փոքրիկ դասընթաց են ունեցել հոգեբանների հետ։   

Լրագրողներից Շուշան Փափազյանը, որը ներկայացրել էր Երևանից Ստեփանակերտ գնացած շտապ օգնության 51–րդ բրիգադի բժշկի ու նրա բուժառուի պատմությունը, ասում է, որ երբեմն օրեր էին պետք լինում հարցազրույցների ընթացքում տեսածն ու լսածը ընկալելու ու ընդունելու համար։ 

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պատմություն, որը տեղի է ունեցել այդ օրերին, պետք է լսելի լինի։ Սա մեր փոքր քայլն էր, որով կարող էինք տեղահանված արցախցիների ձայնը լսելի դարձնել ու մեկ պատմության միջոցով վավերագրել ու ցույց տալ կատարվածն իր ամբողջ ծանրությամբ»,- ասում է Շուշանը։ 

Շուշան Փափազյանը նախագծի ներկայացման ժամանակ

Նախագծի պաշտոնական ներկայացման արարողությանը ներկա էին նաև պատմությունների հերոսները։ 51-րդ բրիգադի բժիշկ Վազգեն Ասատրյանն ասում է, որ նախ հրաժարվել է Ստեփանակերտում տեսածն ու զգացածը պատմել լրագրողին, հետո մտափոխվել է։ 

 «Սկզբում ինձ թվաց, թե նյութն իմ մասին է լինելու, թե ես ինչ եմ արել, ինչ կարևոր աշխատանք եմ արել, հետո, երբ նորից քննարկեցինք, հասկացա, որ ես պատմելու եմ տեսածիս մասին։ Համաձայնեցի, որովհետև կարծում եմ, որ աշխարհը կամ մեր այն հայրենակիցները, որոնք չեն տեսել այդ դեպքերը, հենց մեր միջոցով պետք է լսեն, տեսնեն ու իմանան, թե ինչ է կատարվել»,-ասում է բժիշկ Ասատրյանը։  

Բժիշկը պատմել էր նաև  շտապ օգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում Ստեփանակերտից Երևան տեղափոխված Արթուր Ավանեսյանի մասին ու խնդրել էր Շուշանին, հնարավորության դեպքում գտնել նրան կամ նրա ընտանիքին։ 

Արթուրի քույրը՝ Անուշը, որը նույնպես ներկա էր նախագծի ներկայացման արարողությանը, պատմում է, որ պատահական է տեսել ֆեյսբուքում Շուշանի՝ Արթուրին փնտրելու գրառումը։  

«Երբ Շուշանը գրեց, նախագծի մասին, ասաց, որ Արթուրին շտապ օգնության մեքենայով Երևան տեղափոխած բժշկը փնտրում է նրան և առաջարկեց, որ բժշկի հետ այցելեն Արթուրին, մենք միանգամից համաձայնեցինք, նախ որովհետև Արթուրը շատ կուրախանար, մյուս կողմից էլ ես կարծում եմ, որ մենք շատ պետք  է խոսենք, ներկայացնենք կատարվածը։ 44-օրյայից հետո մինչև այսօր ես չեմ կարողանում լռել, անընդհատ ուզում եմ բոլորին պատմել, ասել թե ինչ է կատարվել, պատմել այն հերոսների մասին, որոնք պաշտպանել են մեր երկրը, այդ թվում նաև 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված իմ եղբոր մասին»,- ասում է Անուշը։  

«Վերջին 70.000 մետրը ի՞նչ է պատմում ճանապարհը» մուլտիմեդիա նախագիծի անգլերեն տարբերակն էլ շուտով պատրաստ կլինի։ ՄՆԿ-ում ասում են, որ ուրախ կլինեն, եթե գործընկեր լրատվամիջոցներն էլ օգտվեն ստեղծված քարտեզից։ Շարունակեն վավերագրել, պատմեն ու քարտեզի վրա տեղորոշեն այն հազարավոր դեպքերը, որոնք տեղի են ունեցել Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհին։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *