2024.07.24,

Ստուգված է

Անճշտություններ՝ Արդարադատության նախարարության տրամադրած տվյալներում

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Media.am-ի փաստերի ստուգման թիմը հուլիսի 15-ին հրապարակել էր Արդարադատության նախարարության (ԱՆ) տրամադրած տվյալները՝ անչափահասների ծնելիության վերաբերյալ։

Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում առկա տվյալներում ամփոփված էին 16-19 տարեկանների մասին միասնական տվյալներ և դրանից հնարավոր չէր հասկանալ, թե յուրաքանչյուր տարիքային խումբ որքան երեխա է ունեցել, այդ պատճառով գրավոր հարցում էինք արել Արդարադատության նախարարություն, որի ստորաբաժանումներից մեկն էլ՝  Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը (ՔԿԱԳ), հայցվող տվյալները գրանցող մարմինն է։

Նախարարության՝ մեզ տրամադրած տվյալներում, սակայն, կային անճշտություններ։ Համադրելով դրանք Վիճակագրական կոմիտեից ստացված տվյալների հետ, կարելի է նկատել մեծ տարբերություններ։ Հետաքրքիր է, սակայն, որ Վիճակագրական կոմիտեն մեր կողմից հայցվող տեղեկության աղբյուր էր նշել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ծննդյան վերաբերյալ ակտային գրանցումները։

Մեզ տրված պատասխանում Արդարադատության նախարարությունը նշել էր, որ 2015 թվականի համար 14 տարեկանների շրջանում երեխա չի ծնվել, մինչդեռ Վիճակագրական կոմիտեի տվյալներով գրանցվել է երկու ծնունդ։ 15 տարեկանների շրջանում ծնունդները ԱՆ-ն նշել էր երկուսը, մինչդեռ կոմիտեի տվյալներով այդ թիվը 13 է։ 16 տարեկանների շրջանում ծնունդը ոչ թե 12 էր, ինչպես նշել էր ԱՆ-ն, այլ 56: 17 տարեկանների շրջանում ծնվել էր 215 երեխա, մինչդեռ նախարարությունը նշել էր 43:

Տվյալների այս տարբերությունները շարունակվում են մինչև 2018 թվական։ Սկսած այդ տարվանից թվերը նույնն են՝ բացառությամբ 2023 և 2024 թվականների, որոնց վերաբերյալ Վիճակագրան կոմիտեն տվյալներ չի տրամադրել։ 2023-ի ծնելիության ցուցանիշները, ըստ Վիճակագրական կոմիտեի, հրապարկվելու են այս տարվա օգոստոսի 5-ին, իսկ 2024-ի տվյալներն արդեն 2025 թվականին։

Այս հղումով կարելի է գտնել անչափահասների ծնելիության մասին մեր նյութի թարմացված տարբերակը։

Բայց ինչո՞ւ

Մենք հարցում էինք արել Արդարադատության նախարարություն՝ հասկանալու, թե ինչ մեթոդաբանությամբ են հավաքագրել տվյալները և ինչու են սխալ վիճակագրություն տրամադրել մեզ, և, վերջապես, ինչու չեն հիշատակել հնարավոր անճշտության մասին։

Նախարարությունից այսօր պատասխանել են հարցմանը՝ նշելով, որ իրենք տվյալները ստացել են ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման e-civil միասնական համակարգի միջոցով՝ գործակալության մասնագետների կողմից համապատասխան զտում իրականացնելու արդյունքում: Միևնույն ժամանակ ընդգծել են, որ Հայաստանում գրանցված քաղաքացիական կացության ակտային գրանցումների քանակի վերաբերյալ տեղեկությունները տրամադրելու իրավասությամբ օժտված է Վիճակագրական կոմիտեն։

Իսկ թե ինչու է նախարարությունը տրամադրել տեղեկություն, որի վերաբերյալ վիճակագրություն չի վարում և որի տրամադրման իրավասությունը Վիճակագարկան կոմիտեինն է, կամ, թե ինչու հարցման պատասխանում չէր նշվել հնարավոր շեղումների մասին, պարզ չէ։

Նախարարությունը սխալ տվյալների տրամադրումը բացատրել էր 2021 թվականին ոլորտը կարգավորող նոր օրենքի ընդունումից հետո տեղի ունեցած տարածքային բաժինների կոդերի փոփոխությամբ․

«Հաշվի առնելով հանգամանքը, որ Գործակալության կողմից վիճակագրություն չի վարվում գրանցված ակտային գրանցումների քանակի վերաբերյալ՝ հնարավոր է, որ Գործակալության կողմից տրամադրված տեղեկությունը տարբերվի Վիճակագրական կոմիտեի կողմից տրամադրված տեղեկությունից:

Գործակալության կողմից զտված տեղեկության քանակային առումով ավելի քիչ լինելը պայմանավորված է նրանով, որ 2021 թվականի մայիսի 16-ից ՔԿԱԳ ոլորտը կարգավորող նոր օրենքի ընդունմամբ  տեղի է ունեցել  ՔԿԱԳ տարածքային բաժինների կոդերի փոփոխություն  և տեղեկության տրամադրման ժամանակ իրականացված զտման արդյունքում վերոնշյալ շեղումը դրա հետևանքն է»,- նշված է նախարարության պարզաբանման մեջ։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *