Հետեւելով հայաստանյան լրատվամիջոցներին՝ կարող եմ ասել, որ մեդիան հիմնականում սրում է ազգամիջյան կոնֆլիկտները: Մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության, հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայով լրատվությունը հիմնականում ուղղված է իրավիճակը թեժացնելուն:
Լրատվամիջոցներով շատ հազվադեպ կարելի է տեսնել որեւէ նորություն կամ մեկնաբանություն, որը միտված լինի խաղաղասիրական տեսակետ ներկայացնելուն:
Մեդիան իրականացնում է պրոպագանդա՝ ներկայացնելով խնդրի վերաբերյալ իշխանության մոտեցումը, որտեղ փոքր է հնարավորությունը՝ բացահայտելու կամ ներկայացնելու իրական վիճակը:
Տուրք տալով ձեւավորված կարծրատիպերին, ընդհանուր բացասական մթնոլորտին՝ մեդիան փորձում է հակամարտող կողմին ներկայացնել միայն բացասական կողմից եւ հանդես գալ ազգայնական դիրքերից, ինչը ոչ միայն չի նպաստում հակամարտության տրանսֆորմացիայի հիմքերը դնելուն, այլեւ ընդհակառակը՝ ավելի է ամրապնդում այսօրվա բավական թեժ մթնոլորտը՝ կապված համակարտության հնարավոր վերսկսման հետ:
Հակառակ կողմից եկող նույնիսկ ամենաչեզոք ինֆորմացիան թշնամական եւ ատելության երանգներով է ներկայացվում: Որքան երկար տեւի սա, արդյունքում այնքան կբարդանա հակամարտության լուծումը:
Քիչ են լրատվամիջոցները, որոնք փորձում են լրացնել խաղաղասիրական ինֆորմացիայի բացը: Հատկապես հեռուստատեսությամբ բացառվում է որեւէ խաղաղասիրական ռեպորտաժ տեսնել, ընդհակառակը՝ միայն պատերազմի քարոզ:
Ի տարբերություն հայ-ադրբեջանական հակամարտությանը, հայ-թուրքական հակամարտության լուսաբանումը վերջին տարիներին համեմատաբար փոխվել է, բայց դա վերաբերում է նաեւ հակամարտության դինամիկային ընդհանրապես: Եթե Ղարաբաղյանը ոչ մի փոփոխություն չի կրել, կամ հակառակը՝ գնում է դեպի վատթարացում, ապա հայ-թուրքական հակամարտության պարագայում թունելի վերջում լույս է նկատվում, դրա համար էլ գուցե մեդիան կարողանում է դա ինչ-որ ձեւով արտացոլել:
Սակայն մեծ հաշվով խնդիրն այն է, որ մեր մեդիան չի սպասարկում հանրային շահը, իսկ խաղաղությունը մեզ համար հանրային եւ ազգային շահ է: Միայն իշխանությունների քարոզած մոտեցումներ ներկայացնելը կարծում եմ՝ բացասական հետեւանքներ կարող է ունենալ ինչպես սերունդների դաստիարակման, այնպես էլ ապագա լրագրողների կայացման գործում:
Հասկանալի է, որ մեդիային ավելի հետաքրքիր են նեգատիվ ինֆորմացիան, ճգնաժամային իրավիճակները, որովհետեւ լսարան հավաքելու խնդիր կա, եւ այդ առումով խաղաղության արժեքները տարածելը հրապուրիչ չէ: Ամբողջ աշխարհում է այդպես:
Սակայն Հայաստանի նման երկրներում մեդիան շատ կարեւոր դեր ունի. այն կարող է կա՛մ նպաստել, կա՛մ խոչընդոտել հակամարտության կարգավորմանը: Այսօր մեր մեդիան հիմնականում խոչընդոտում է, որովհետեւ շարունակում է ամրապնդել կարծրատիպերը՝ դրանք կոտրելու փոխարեն:
Արտակ Այունց
Կոնֆլիկտաբան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: