2024.06.26,

Ստուգված է

Ինչ մեղադրանքներ են առաջադրվել Քևին Սփեյսիին և ինչպես է նա արդարացվել

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի հյուրն է լինելու օսկարակիր դերասան Քևին Սփեյսին։ Այս մասին երեկ՝ հունիսի 25-ին, հայտնել էր կինոփառատոնի ֆեյսբուքյան էջը։ Ըստ հայտարարության՝ Սփեյսիի այցի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, որը 60 մլն դրամ է հատկացրել «Ոսկե Ծիրան» Կինոյի զարգացման ՀԿ-ին՝ միջոցառման կազմակերպման համար։

Այս նորությունը ընդունվեց ոչ միանշանակ․ սոցիալական ցանցերում եղան ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական արձագանքներ (1 2 3 4 5

Փառատոնին Սփեյսիին Հայաստան հրավիրելու հետ կապված բացասական վերաբերմունքն առնչվում է  դերասանի՝ վերջին տարիների համբավի և նրա դեմ հարուցված քրեական գործերի հետ։ Մարդիկ քննադատում էին այդ որոշումը՝ դերասանի կողմից իբրև կատարված բռնաբարությունների ու սեռական ոտնձգությունների համար։ Քևին Սփեյսին սեռական ոտնձգությունների գործով արդարացվել է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Մեծ Բրիտանիայի դատարաններում։

«Ստուգված է»-ն ուսումնասիրել է, թե ինչ մեղադրանքներ են հարուցվել դերասանի դեմ և ինչ հիմքով է նա արդարացվել։

Երբ սկսվեց ամեն ինչ

2017 թվականին դերասան Էնթոնի Ռափը «BuzzFeed News»-ի հետ զրույցում առաջին անգամ պատմել էր, որ Սփեյսին սեռական ոտնձգություն է իրականացրել իր նկատմամաբ 1986 թվականին, երբ ինքը 14 տարեկան էր (Սփեյսին այդ ժամանակ 26 տարեկան էր)։ Ի պատասխան՝ օսկարակիր դերասանը ներողություն էր խնդրել՝ շեշտելով, որ չի հիշում այդ միջադեպը, և եթե դա տեղի է ունեցել, ապա իր հարբածության հետևանքով։ Նա միաժամանակ առաջին անգամ հրապարակային հայտնել էր, որ նույնասեռական է։ Նրա այս խոստովանությունը շատերը համարել էին ուշադրությունը բռնության մեղադրանքից շեղելու փորձ։

Ռափի մեղադրանքներից հետո ավելի քան 30 մարդ, որոնց մեծամասնությունը տղամարդիկ էին, մեղադրեցին Սփեյսիին սեռական ոտնձգության և բռնաբարության փորձերի համար։ Նրանց թվում 20 մարդ, ովքեր բացահայտվել էին Լոնդոնի Old Vic թատրոնում իրականացված հետաքննության ժամանակ։ Սփեյսին 12 տարի եղել է այդ թատրոնի գեղարվեստական ​​ղեկավարը։ Ըստ մեղադրանքների՝ ոտնձգությունները եղել են նկարահանման հրապարակում, բարերում, մեքենայում և այլուր։ Դերասանի դեմ կային 50-ից ավել մեղադրանքներ։

Այս սկանդալը լուրջ ազդեցություն ունեցավ Սփեյսիի կարիերայի վրա։ Netflix-ը նախ կասեցրեց «House of Cards» սերիալի արտադրությունը, որտեղ Սփեյսին գլխավոր դերակատարն ու պրոդյուսերն էր, իսկ հետո թողարկեց վերջին սեզոնը առանց նրա մասնակցության։ Բացի դրանից, դատարանը պարտավորեցրեց Սփեյսիին 31 միլիոն դոլար վճարել նկարահանումներն իրականացնող MRC Studios-ին՝ պայմանագրային պարտավարությունները խախտելու համար։

Ինչպես Սփեյսին արդարացվեց

Լոս Անջելեսի դատախազությունն առաջինն արձագանքեց Սփեյսիի դեպքին, սակայն դերասանի գործը կարճվեց՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Ապա նրա դեմ քաղաքացիական հայց ներկայացվեց՝ 2016-ին Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում մերսողի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։ Անանուն մերսող- թերապևտը պնդել էր, որ Սփեյսին դիպչել է իրեն սեռական օրգաններով և պահանջել օրալ սեքս։ Հայցվորը, սակայն, 2019 թվականին մահացավ, և այս գործը ևս կարճվեց։

2018 թվականի դեկտեմբերին Սփեյսիի դեմ առաջին անգամ պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց։ Մասաչուսեթսի դատախազները նրան մեղադրեցին լրագրող Հիզեր Ունրուհի 18-ամյա որդու նկատմամբ սեռական ոտնձգությունների համար: Ինքը՝ դերասանը, հրաժարվել է ընդունել մեղքը և ասել, որ պարզապես սիրախաղ է արել։

Մեղադրող կողմի հիմնական ապացույցն այն էր, որ տուժողը իր ընկերուհուն Սփեյսիի գործողությունների մասին նամակներ է ուղարկել, սակայն պաշտպանվող կողմը ապացույցներ ներկայացրեց, որ որոշ տեղեկություններ ջնջվել են նամակագրությունից՝ հեռախոսը ոստիկանությանը հանձնելուց առաջ։ Սփեյսիի պաշտպանները մեղադրեցին ապացույցները ոչնչացնելու համար։ Արդյունքում մեղադրող կողմը հետ վերցրեց ցուցմունքը, իսկ գործը կրկին կարճվեց։

Իր հրապարակային մեղադրանքներից չորս տարի անց՝ 2020-ին, Էնթոնի Ռափը և մեկ այլ տղամարդ, որը ցանկացել էր անանուն մնալ, կրկին դատական հայցով հանդես եկան Սփեյսիի դեմ։ Նրանց հաջողվել էր դա անել՝ 2019-ին Նյու Յորք նահանգում ընդունված նոր օրենքի շնորհիվ, որով երկարաձգվում է անչափահասների դեմ հանցագործության դեպքերի վաղեմության ժամկետը։ Սփեյսիի պաշտպանները այս ցուցմունքներում անհամապատասխանություն էին գտել։ Ըստ Ռափի՝ Սփեյսիի ոտնձգություններն իր նկատմամբ եղել էին վերջինիս երկու սենյականոց բնակարանում, մինչդեռ, ըստ փաստաբանների, Սփեյսին այդ տարիներին ապրել է այլ վայրում։

2022-ին Սփեյսին դատարանում հայտնեց, որ զղջում է ներողություն խնդրելու համար, մեղադրանքն անվանեց սխալ ու հավելեց, որ երբեք նույն տարածքում մենակ չի եղել Ռափի հետ։ Նույն տարում նա անմեղ ճանաչվեց։

Դերասանի դեմ մեկ այլ գործ բացել է Լոնդոնի ոստիկանությունը՝ 2018թ.-ին։ Գործը վերաբերում էր Օլդ Վիկ թատրոնի երեք աշխատակիցների նկատմամբ ենթադրաբար իրականացված ոտնձգություններին, որոնցից մեկն ամենածանր մեղադրանքն էր ներկայացրել՝ սեռական գործողություն՝ առանց իր համաձայնության։

Դերասանն իրեն մեղավոր չի ճանաչել, թեև չի հերքել, որ ճանաչում է զոհերի մեծ մասին կամ նույնիսկ սեռական հարաբերություն է ունեցել նրանց հետ, բայց պնդել է, որ հարաբերությունները կամավոր են եղել, և ինքը միայն ավելորդ «սիրախաղ» է արել։

Գործով որպես վկա ելույթ է ունեցել երաժիշտ Էլթոն Ջոնը։ Նրա խոսքով՝ Սփեյսին միայն մեկ անգամ է ներկայացել իր ամենամյա պարահանդեսին և դա 2001 թվականն է եղել։ Այսպիսով երաժիշտը հակասել է զոհերից մեկի ցուցմունքին, որը պատմել էր 2004-ին կամ 2005-ին նման միջոցառման ժամանակ ոտնձգությունների մասին:

Դերասանի լոնդոնյան դատավարությունը տևեց չորս շաբաթ, դատարանը նրան անմեղ ճանաչեց բոլոր կետերով: Սփեյսին արդարացվեց իր ծննդյան օրը։

Այս տարվա մայիսին ԱՄՆ-ում տեղի ունեցավ Քևին Սփեյսիի մասին պատմող «Դիմակազերծված Սփեյսին» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմում 10 տղամարդ և երկու կին, ովքեր աշխատել են «House of Cards» սերիալի նկարահանման հրապարակում, պատմում էին իրենց բացասական փորձառության մասին դերասանի հետ աշխատանքում, նրանցից շատերը մանրամասներ էին ներկայացրել, թե ինչպես են ենթարկվել սեռական ոտնձգության։ Ֆիլմում ներկայացված չէր Քևին Սփեյսիի խոսքը։ Նշվում էր, որ նրանք փորձել են, սակայն Սփեյսին պատասխանել է, որ իրեն բավարար ժամանակ չի տրվել մեղադրանքներին պատասխանելու համար։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *