Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում 2024» լրագրողական մրցույթը: Նպատակն է խրախուսել որակյալ և պատասխանատու լրագրությունը, մասնագիտական էթիկայի սկզբունքների պահպանումը և արժևորումը, փաստահեն նյութերի, մարդակենտրոն պատմությունների ստեղծումն ու տարածումը, նորարար մոտեցումների ու ժամանակակից գործիքների կիրառումը։
«Թվապատումը» նպաստում է հասարակության բազմակողմանի տեղեկացվածությանը՝ երկրում ընթացող իրադարձությունների և զարգացումների մասին, մարդու իրավունքների, մարդասիրական խնդիրների, տնտեսության տարբեր ճյուղերի, կայունացման ճանապարհների և հնարավոր լուծումների վերաբերյալ՝ խրախուսելով հավաստի լրատվությունը ու լրագրության բազմաշերտ, վերլուծական ժանրերը, ինչպիսիք են հետաքննական, բացատրական և տվյալների լրագրությունը։
«Թվապատում 2024» մրցույթի անվանակարգերն են`
Homo Agendi (Գործող անձ)
Այս ավանդական անվանակարգի առանցքում հերոսն է՝ իր նախաձեռնություններով, քաղաքացիական դիրքորոշմամբ, միջավայրն ու իրավիճակը փոխելու և բարելավելու, մարդկանց օգնելու փորձով և օրինակներով։ Թեմատիկ սահմանափակում չկա։
Homo Agendi անվանակարգում պարգևատրվում է թե՛ հաղթող նյութի հեղինակը, թե՛ հերոսը, յուրաքանչյուրը՝ 300,000-ական դրամով:
Դիտակ
Այս անվանակարգում ընդունվում են հետաքննական, փաստերի ստուգման օրինակներ, որոնք ճշգրտում, վերլուծում և բացահայտում են քողարկված, անորոշ, մոլորեցնող տեղեկատվություն, այդ թվում ապատեղեկատվություն և մանիպուլյացիա։ Աշխատանքները գնահատելիս` հաշվի կառնվեն տվյալների լրագրության հմտությունները, փաստերի ստուգման մասնագիտական վարպետությունը և արդի մեդիա գործիքների կիրառումը:
Մրցանակը՝ 250,000 դրամ:
Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում
Անվանակարգը խրախուսում է լրագրության ասելիքի և արդի տեխնոլոգիաների համադրությունը՝ առանց թեմատիկ սահմանափակումների։ Նյութերում պետք է օգտագործված լինեն նորարարական մոտեցումներ, պատմությունները ներկայացվեն արդի հարթակների և գործիքների միջոցով, ինտերակտիվ լուծումներով։ Այս անվանակարգը կգնահատի տվյալների լրագրությունը, ստեղծագործական աշխատանքն ու մեդիայի թվային հնարավորությունների լավագույն կիրառումը։
Մրցանակը՝ 250,000 դրամ:
Տուն և տեղ
Անվանակարգն արժևորում է լավագույն վերլուծական բովանդակությունը։ Այս տարվա նյութերը պետք է լինեն քաղաքային ու գյուղական համայնքերի զարգացման, ապրելու և գործելու պայմանների, հարմար ու ապահով միջավայրի թեմաներով։ Վերլուծական հրապարակումները բացատրական և լուծումների լրագրության ժանրերով պետք է ներկայացնեն քաղաքների, գյուղական բնակավայրերի խնդիրներն ու հեռանկարները, առանձնահատկություններն ու հնարավորությունները։
Մրցանակը՝ 250,000 դրամ։
Ականջօղ
Անվանակարգը խրախուսում է գենդերային հավասարության, կնոջ ու տղամարդու դերերի ժամանակակից ընկալումների, համայնքային, հանրային ու պետական մակարդակներում առկա խնդիրների մասին հրապարակումներ, ինչպես նաև՝ ընտանեկան բռնության, հասարակությունում առկա մարտահրավերների, որոշակի դեպքերի մասին նյութեր։
Մրցանակը՝ 250,000 դրամ
Հիմնական անվանակարգերից բացի կլինեն հատուկ մրցանակներ․
Արտակարգ գրություն
Հայաստանում և Հայաստանին առնչվող ճգնաժամերի, մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող մարդասիրական խնդիրների մասին պատմող լրագրողական աշխատանք։ Նյութերը կարող են առնչվել սահմանամերձ բնակչության, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների խնդիրներին, անվտանգության և կենսական այլ հարցերի, հակամարտության հետևանքով փոխված մարդկային ճակատագրերին և այլն։
Մրցանակը՝ 250,000 դրամ:
Լուսաբանելով գիտությունը
Գիտության թեմայով կամ գիտական լրագրության լավագույն աշխատանք։ Նյութերը կարող են ներկայացված լինել ցանկացած ժանրով և ձևաչափով։
Մրցանակը՝ 200,000 դրամ։
Ընտրող հանձնաժողովի հայեցողությամբ կարող են շնորհվել նաև այլ հատուկ և/կամ խրախուսական մրցանակներ։
Ժամկետներ և պայմաններ
Նյութերը պետք է հրապարակված լինեն 2023 թ-ի սեպտեմբերի 11-ից մինչև 2024 թ-ի սեպտեմբերի 10-ը ժամանակահատվածում հայաստանյան (Հայաստանում գրանցված) լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից (հեռուստատեսություն, ռադիո, տպագիր, օնլայն, սոցիալական մեդիա) և ժանրից (լրատվական նյութ, հատուկ ռեպորտաժ, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, հեղինակային սյունակ, վավերագրական ֆիլմ, ֆոտոռեպորտաժ, մուլտիմեդիա, փոդքասթ և այլն):
Հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ (լրացնելով 3 տարբեր հայտ)՝ միևնույն կամ տարբեր անվանակարգերում: Մրցույթի կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ մինչև 2024 թ. սեպտեմբերի 10-ը ներառյալ: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024 թ-ի հոկտեմբերին:
Ընտրող հանձնաժողովը կազմվում է մեդիա և հաղորդակցության մասնագետներից, լրագրողներից, այդ թվում նախորդ տարվա հաղթողներից։ Հանձնաժողովում չեն ընդգրկվում մրցույթում մասնակցող լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Ուշադրություն. «Թվապատում» մրցույթին չեն կարող ներկայացվել այն լրագրողական աշխատանքները, որոնք ստեղծվել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կամ ՄՆԿ-ի մասնակցությամբ իրականացված ծրագրերի շրջանակում տրամադրված դրամաշնորհների միջոցով։
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
Արշալույս Մուրադյանին` [email protected] էլ. հասցեով, 010 58 36 20, 055 56 32 36 հեռախոսահամարներով:
Անի Դարբինյանին՝ [email protected] էլ. հասցեով, 010 583620, 093 26 04 77 հեռախոսահամարներով։
«Թվապատում 2024» լրագրողական մրցույթը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
«Թվապատում 2024» լրագրողական մրցույթի «Տուն և տեղ» և «Ականջօղ» անվանակարգերին աջակցում է Եվրոպական միությունը:
«Թվապատում 2024» լրագրողական մրցույթի «Արտակարգ գրություն» և «Լուսաբանելով գիտությունը» անվանակարգերին աջակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և «Գիտուժ» նախաձեռնությունը:
«Թվապատում 2024» լրագրողական մրցույթին աջակցում է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: