2024.06.06,

Տեսակետ

«Կեղծ լուրերի դեմ պայքարելու համար մենք համագործակցում ենք նաև մեր մրցակիցների հետ»

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Ապատեղեկատվության դեմ պայքարում է ողջ աշխարհը։ Media.am-ի հետ զրույցում ասում է CNN-ի ավագ խորհրդական, նախկին համակարգող փոխխմբագիր Ջեյմս Ռ. ԼիՄեյը։ Ըստ ԼիՄեյի՝ ապատեղեկատվության դեմ պայքարի իր միակ գործուն խորհուրդն է՝ չընկնել օպերատիվության, տեղեկատվությունը առաջինը հրապարակելու ծուղակի մեջ և սպասել մինչև այն կհաստատվի։ 

Եկեք խոսենք ապատեղեկատվության մասին. ամեն օր ավելի ու ավելի շատ կեղծ լուրեր են շրջանառվում, այդ թվում՝ հայաստանյան լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով։ Ինչպե՞ս պետք է մեդիան արձագանքի ապատեղեկատվությանը։ 

Կան որոշ ծրագրեր և կայքեր, որոնք գործարկելու դեպքում հնարավոր է ստուգել կեղծ լինելու փաստը լինի դա տեսանյութ, լուսանկար, մետատվյալներ, թե տեղեկատվություն։ Լրատվամիջոցներին մնում է ընտրել իր համար լավագույն տարբերակը և գործի դնել գործիքները։ Այլընտրանք, քան ֆիլտրել տեղեկատվությունը, չկա։   

Փորձարկեք դրանք և գտեք, թե որն է հարմար կիրառության համար և սկսեք օգտագործել, լա՞վ։ Քանի որ ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ բովանդակություն եք ուզում ֆիլտրել, ինձ դժվար է հիմա տալ այդ ծրագրերի անունները, բայց որոնողական համակարգերում դուք դրանք կգտնեք։  

Կարծում եք խնդիրը միայն նրանում է, որ լրատվամիջոցները ծանոթ չե՞ն այդ ծրագրերին։  

Դա միակ խնդիրը չէ, բայց այն մեծ մարտահրավեր է լրագրողների համար։ 

Հայաստանյան մեդիան շատ «երիտասարդ» է։ Նկատի ունեմ, որ դուք դեռ չեք հասել այդ փուլին: Դուք այս փուլում արդեն հասկանում եք դրա կարևորությունը, բայց դեռ չեք կիրառում, մինչդեռ արևմտյան աշխարհի մեծ մասը ավելի հաճախ է բախվում ապատեղեկատվության հետ հատկապես ընտրությունների և նման խոշոր իրադարձությունների ժամանակ։ 

Հայաստանում կեղծ լուրերը տարածվում են հիմնականում սոցիալական ցանցերով։ Ինչպիսի՞ն է իրավիճակը ձեր երկրում: Կա՞ն օրենքներ, զսպող մեխանիզմներ, որոնք արգելում են օրինակ հղում տալ ֆեյսբուքյան, ինստագրամյան անանուն հրապարակումներին։ 

Այո, նույնիսկ ավելին: Սոցցանցերի ալգորիթմներն էլ ավելի ջանասիրաբար են փնտրում կեղծ լուրերը և հեռացնում դրանք, բայց մեդալն ունի երկու կողմ։ Այդ ալգորիթմների հետևանքով հեռացվում են նաև շատ տեղական նորություններ, որոնք հեռացման ենթակա չէին ու հարվածում լրատվամիջոցների աշխատանքին։ Ուստի, ես խորհուրդ եմ տալիս նախ հասկանալ, թե որ լուրերն են սպառնում հանրությանը, որոնք են որ վնասում են մարդկանց և եթե կան կեղծ լուրեր, բացահայտել դրանք ու մարդկանց ասել, որ դրանք կեղծ են։ 

Ավելի քան տասը տարի աշխատել եք ամերիկյան CNN-ում։ Ինչպե՞ս եք այդ ժամանակ պայքարել այդ կեղծ լուրերի դեմ, որ դրանք չհայտնվեն եթերում։ 

Մենք ունեինք մեծ թիմ, մարդկանց մեծ խումբ, որոնց աշխատանքն էր ստուգել մեր տրամադրած տեղեկատվությունը: Այս գործընթացը փոքր կազմակերպությունների համար դժվար է, երբ թիմը փոքր է, ուստի մնում է, որ բոլորը լինեն բանիմաց։ Ահա թե ինչու են պետք գործիքները, որոնց մասին ես խոսեցի սկզբում։ 

Առաջիկայում ԱՄՆ-ում տեղի կունենան նախագահի ընտրություններ։ Հասկանալի է, որ կլինեն քարոզչական, կեղծ նորություններ։ Կա մտավախություն, որ գործի կդրվի արհեստական բանականությունը։  

Այո, իրավացի եք, սպասվող ընտրությունները խոշոր իրադարձություն են այս տեսանկյունից։ Տարեցտարի ավելի ու ավելի դժվար է լինելու պայքարել կեղծ լուրերի դեմ, քանի որ տեխնոլոգիան շարունակում է կատարելագործվել: Ընդհանուր առողջ դատողություն կա, որ եթե ինչ-որ բան շատ լավ է թվում ճշմարիտ լինելու համար, ուրեմն մի բան այն չէ:  

Երբեմն, մենք բախվում ենք մի այնպիսի սարսափելի բանի, որ կանգ ենք առնում և երկու անգամ մտածում։ Նախկինում մենք կարող էինք դա արագ ընկալել, գտնել լուծումներ, իսկ հիմա մենք ավելի հաճախ ենք մտածում, թե ինչպես արձագանքել այդ մարտահրավերներին։ Նոր իրողություններ են և փորձի փոխանակման համար մենք աշխատում ենք նաև մեր մրցակիցների հետ (նկատի ունի CNN-ը)։ Նախկինում մենք երբեք նման բան չենք արել, սա անսովոր պրակտիկա է մեզ համար, բայց հիմա մենք չենք տեսնում այլ ճանապարհ, քան փորձերով փոխանակվելը, որպեսզի ավելի ու ավելի հեշտ լինի հասկանալ՝ ինչ անել։ 

Իսկ ի՞նչ եք անում քարոզչության դեմ։  

Քարոզչությունից քաջատեղյակ են և՛ սպառողները, և՛ լրագրողները։ Նրանք հասկանում են, որ այն իրենից ներկայացնում է կոնկրետ կուսակցության տեսակետը։ Նրանք ուղղակիորեն չեն մերժում այն, ոչ էլ ամբողջովին հավատում են դրան: Նրանք ուզում են տեղեկացված լինել, թե ինչ է ասվում, բայց գիտեն նաև, որ կա երկրորդ, երրորդ կարծիք ևս, որի հետ պետք է ծանոթանալ ու հաշվի նստել։ Որպես լրագրողներ, մեր պարտականությունն է ներկայացնել բոլոր տեսակետները։ Մենք պետք է կարողանանք տեսնել քարոզչությունը՝ լինի դա պահպանողականների, թե ազատականների կողմից, և մեր պարտականությունն է սպառողին տրամադրել հավասարակշռված տեսակետ երկու կողմի մասին էլ։ 

Հարցազրույցը՝ Տիգրանուհի Մարտիրոսյանի  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *