2024.04.29,

Քննադատ

Ներդրումային զեղծարարությունների երկրորդ ալիքի խաբեությունները

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Հայաստանում և ողջ աշխարհում մեծ թափ է ստանում ինտերնետով մարդկանց կեղծ ներդրումային հարթակների միջոցով կրիպտարժույթային ծուղակների մեջ գցելը։ Անընդհատ ստեղծվում են նորանոր կեղծ հարթակներ, որոնք իրենցից ներկայացնում են կա՛մ հայտնի և անհայտ ընկերություններում գումարներ ներդնելու և գերշահույթ ստանալու առաջարկներ, կա՛մ ուրիշ մասնագետի միջոցով կրիպտոարժույթի թրեյդինգով զբաղվելու, և կրկին գերշահույթ ստանալու առաջարկներ, կա՛մ էլ ինչ-որ անհասկանալի աշխատանքային սխեմաների մեջ ներգրավվելու, ներդրումային փաթեթեներ գնելով կրկին ու կրկին գերշահույթ ստանալու անընդհատ ու բազմազան առաջարկներ։ 

Բազմազան են նաև խողովակները, որոնցով դրանք տարածվում են։ Օգտագործվում են գրեթե բոլոր հնարավոր հարթակները և մեսենջերները։ Այսօր հայաստանյան լսարանի վրա ամենամեծ ազդեցությունն ունեն Մետայի հարթակներում գովազդի միջոցով տարածվող կեղծ առաջարկները, ինչպես նաև Տելեգրամում գործող զեղծարարները, որոնք կիրառում են ինչպես հասարակ օգտահաշիվների միջոցով մարդկանց հետ կապի դուրս գալու միջոցները, այնպես էլ՝ տելեգրամյան խմբերը, ալիքները, բոտերը։  

Սակայն, այս ամենով մարդկանց արկածները չեն ավարտվում։ Հերիք չէ, որ մարդիկ կորցնում են մեծ գումարներ, «ներդնելով» այստեղ և այնտեղ։ Դրանից հետո սկսվում է երկրորդ թատերաշրջանը։ Տուժածներից փորձում են շարունակական գումար կորզել։ Այս անգամ մարդկանց հետ, հիմնականում ագրեսիվ գովազդի միջոցով, Մետայի հարթակներում կապվում են արդեն կազմակերպություններ, որոնք առաջարկում են օգնություն այդ գողացած, կորած գումարները վերադարձնելու հարցում։ 

Նրանք ներկայանում են որպես հատուկ կրիպտոարժույթի կորուստների հարցով զբաղվող, կամ բրոքերային խաբեությունների դեմ պայքարող իրավաբանական կազմակերպություններ և նմանատիպ այլ մասնագիտացված խմբեր ու սկսում են արդեն այս կողմից մարդկանցից գումարներ հավաքագրել, իբր, կորած ֆինանսները վերադադրձնելու համար։ 

Այս երկրորդ փուլի խաբեությունը հաճախ բերում է ավելի մեծ գումարների կորստի, քան առաջին փուլում։

Կարող է տարօրինակ թվալ, բայց սա ունի իր բացատրությունը։ Երբ մարդկանց խաբելով ներգրավում են կեղծ ներդրումային ծրագրի մեջ, ապա հաճախ նրանց ներկայացնում են հարթակներ, որտեղ մարդը ստանում է անձնական վահանակ, որի վրա տեսնում է իր «ներդրման» հետևանքով կուտակված ահռելի գումարներ, որոնք ինքն, իբր, արդեն վաստակել է։ Մարդու մոտ տպավորություն է ստեղծվում, որ ինքն իսկապես ունի տասնյակ և հարյուր հազարավոր դոլարներ, պարզապես չի կարողանում դրանք փոխանցել իր հաշիվներին կամ կանխիկացնել։ Երկրորդ փուլով եկած իրավաբանը առաջարկում է այդ իբր վսատակած գումարները ստանալ։ Ինչն էլ մարդկանց դրդում է փոխանցել գումարներ այս կեղծ իրավաբանական կազմակերպություններին։  

Գովազդները տեղադրվում են կա՛մ նորաստեղծ էջերով, որոնք նմանակում են իրական իրավաբանական ընկերություններ, կա՛մ կոտրած էջերի միջոցով։ 

Գովազդների մի մասը հայերեն են. 

Սակայն այս գովազդների մեծամասնությունը ռուսալեզու են և թիրախավորում են ոչ միայն Հայաստանի լսարանը. 

Իհարկե, բարդ է հստակ հասկանալ, թե որտեղից են գործում կիբեռհանցագործները։ Սակայն, շատերի մոտ որպես էջի ադմինի տիրույթ հանդիպում է Ուկրաինան. 

Ամեն դեպքում, կարևոր է հասկանալ, որ մարդկանց հիմնական անվտանգության երաշխիքը այս ոլորտում սեփական գլուխն է։ Եվ հստակ պատկերացումը, որ գերշահույթներ ինտերնետային հարթակներում նեդրումների միջոցով՝ բնութան մեջ գոյություն չունեն։ Եվ գումարի վերադարձ, այն էլ, շատ քիչ հավանական, հնարավոր է միայն իրավապահ մարմինների միջամտության միջոցով, այլ ոչ նմանատիպ ծառայություններ առաջարկող կազմակերպությունների միջոցով։ 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Ներդրումային զեղծարարությունների երկրորդ ալիքի խաբեությունները”
  1. Anahit says:

    Շնորհակալ եմ Ձեր մարդասիրական գործնեության համար, մարդկանց կրկնակի խաբվելուց պաշտպանելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *