2024.04.25,

Նյուսրում

Հայաստանում լրատվամիջոցները շարունակում են մնալ բևեռացված․ ԱՄՆ պետդեպի զեկույցը

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է իր «Մարդու իրավունքներ 2023. Հայաստան» տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձել է նաև երկրում մամուլի և խոսքի ազատությանը:

Զեկույցում նշվում է, որ թե՛ անհատ քաղաքացիները, թե՛ լրատվամիջոցները օգտվել են ազատ խոսքի իրենց իրավունքից, նրանք՝ առանց հաշվեհարդարից վախենալու, հիմնականում, ազատորեն քննադատել են կառավարությանը։ Կառավարությունը, որոշ բացառություններով, ընդհանուր առմամբ հարգել է խոսքի ազատությունը։

Հայաստանի վերաբերյալ իր հինգերորդ եզրակացության մեջ Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն լուրջ մտահոգություն էր հայտնել 2021 թվականին եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործի հետևանքների վերաբերյալ, որն ունեցել էր սառեցնող ազդեցություն խոսքի ազատության վրա` հատկապես ազգային փոքրամասնությունների իրավապաշտպանների համար:

Մյուս օրինակներում նշվում է, որ հետաքննող լրագրողները, որոնք լուսաբանել են բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործունեությունը, օրինակ, թե ինչպես են նրանք շուկայականից ցածր գներով  անշարժ գույք գնել, ճնշումների են ենթարկվել։

Սեպտեմբերի 7-ին լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին պատկանող մեկ միլիոն դրամի (2500 դոլար) ակտիվների սառեցման վերաբերյալ դատարանի որոշման դեմ։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից ստեղծված «Փաստերի ստուգման հարթակը» (Fip.am)-ը հրապարակում էր արել, որտեղ նշվում էր, որ իշխող ուժը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրս է կիրառել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այս հրապարակումից հետո դիմել էր դատարան և՛ հերքում էր պահանջել, և՛ մեկ միլիոն դրամի բարոյական վնասի փոխհատուցում: Իրենց հայտարարության մեջ լրագրողական կազմակերպությունները մտահոգություն էին հայտնել իշխող կուսակցության կողմից ակտիվների սառեցման պահանջի առնչությամբ՝ այն համարելով լրատվամիջոցի վրա ճնշում գործադրելու և քաղաքական հաշիվներ մաքրելու փորձ: Նրանք կոչ էին արել առաջին ատյանի դատարանին վերանայել  ակտիվները սառեցնելու որոշումը։

Զեկույցը, հղում անելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին, ասում է, որ 2023-ի առաջին կիսամյակում համեմատաբար հանգիստ քաղաքական միջավայր է եղել, որի արդյունքում էլ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր չեն արձանագրվել։ Սակայն աշնանը իրավիճակը փոխվել է Երևանի ավագանու ընտրությունների և սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունների և դրան հաջորդած բողոքի ակցիաների ընթացքում։

Ըստ ԽԱՊԿ-ի, այդ ընթացքում տեղի ունեցած ցույցերի ու հավաքների ժամանակ գրանցվել է լրագրողների ֆիզիկական բռնության երկու դեպք. մեկը` ոստիկանության, մյուսը՝ հանրահավաքի մասնակցի կողմից։ Բացի այդ, արձանագրվել են լրագրողների վրա նաև տարատեսակ հարձակումներ սոցիալական ցանցերի միջոցով։ Կառավարության հետ կապ ունեցող անձանց կողմից հարուցվել են դատական հայցեր լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ։ Զեկույցում նշվում է, որ ըստ ԽԱՊԿ-ի տվյալների՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով հարուցվել է 29 հայց, որոնցից 13-ը ներկայացվել է պետական պաշտոնյաների կողմից:

Անդրադառնալով գրաքննությանը կամ բովանդակության սահմանափակումներին՝ ԱՄՆ պետդեպարտամենտն իր զեկույցում նշում է, որ Հայաստանում ԶԼՄ-ները անցած տարվա ընթացքում շարունակել են մնալ  քաղաքականապես բևեռացված։ Լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությունը շարունակել է խոչընդոտ հանդիսանալ մամուլի ազատության համար: Զեկույցում ասվում է, որ նախկին իշխանությունների կամ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների հետ փոխկապակցված մասնավոր անձինք կամ խմբերը, 2023-ին շարունակել են  բաժնետոմսեր ունենալ բազմաթիվ հեռարձակվող լրատվամիջոցներում և թերթերում, որոնք հակված են եղել արտացոլել իրենց սեփականատերերի քաղաքական հայացքները և ֆինանսական շահերը: Իշխանություններն էլ ամբողջ տարվա ընթացքում ավելացրել են իրենց ֆինանսական ներդրումները լրատվամիջոցներում՝ էլ ավելի սրելով բևեռացումը:

Միայն մի քանի լրատվամիջոցներ են եղել, որոնք չեն ապավինել այս կամ այն քաղաքական ուժի ֆինանսական աջակցությանը։ Նրանք էլ, գովազդից և բաժանորդային վճարներից ստանալով ցածր եկամուտներ, դիմել են միջազգային դոնորների աջակցությանը։

Զեկույցում նշվում է, որ սոցցանցերի օգտատերերը տարբեր սոցիալական մեդիա հարթակներում ազատորեն արտահայտել են իրենց կարծիքը կառավարության և նախկին իշխանությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ, քաղաքական պատկանելության, գենդերային ինքնության և գենդերային հավասարության թեմաներով կիբեռհարձակումները, ներառյալ լրագրողների նկատմամբ, հանգեցրել են ինքնագրաքննության:

Խոսելով համացանցի ազատության մասին՝ ԱՄՆ պետդեպարտամենտն ասում է, որ Հայաստանի կառավարությունը անցած տարվա ընթացքում չի սահմանափակել կամ խոչընդոտել ինտերնետ հասանելիությունը, չի գրաքննել առցանց բովանդակությունը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *