2024.04.13,

Ստուգված է

«Առաջին ալիքն» անտեսել է Freedom House-ի զեկույցում Կառավարությանն ուղղված քննադատությունը

author_posts/lusine-voskanyan
Լուսինե Ոսկանյան

Լրագրող

Ապրիլի 11-ին «Առաջին ալիքի» «Լուրերի» գլխավոր թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվել «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ «Nations in Transit 2024» զեկույցին։ Ինչպես միջազգային մյուս՝   Amnesty International կազմակերպության և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների դեպքում, այս դեպքում ևս նյութի հեղինակը չի անդրադարձել Հայաստանի կառավարության նկատմամբ հնչած քննադատությանը՝ ներառելով միայն ՀՀ ժողովրդավարության վրա արտաքին գործոնների ազդեցության մասին գնահատականները։ 

«Ըստ զեկույցի՝ Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա բացասաբար է ազդել Լեռանյին Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը, որի հետևանքով հարյուր հազարից ավել էթնիկ հայեր լքել են իրենց տունը՝ փրկելու սեփական կյանքը։

«Նրանք հիմնականում բնակություն են հաստատել Հայաստանում, որի կառավարությունը փորձում է  բավարարել ստեղծված հումանիտար խնդիրները, դրան զուգահեռ նաև պաշտպանում է  սեփական տարածքները, ասված է փաստաթղթում»»,- նշել է Հանրայինի լրագրողը։ 

Այնուհետև անդրադարձ է եղել զեկույցի հատվածներին, որտեղ շեշտվում է Ռուսաստանի և Ադրբեջանի ավտոկրատական ռեժիմների ազդեցությանը տարածաշրջանում․

«Ըստ «Freedom House»-ի՝ Միացյալ Նահանգները կամ Եվրամիությունը պետք է զսպող միջոցներ ձեռնարկեն, քանի որ Կովկասում ավտորիտար ագրեսիայի ռիսկեր կան։ «Ռուսաստանը և Ադրբեջանը ցինիկաբար պահանջում են հարգել իրենց ինքնիշխանությունը՝ միաժամանակ մերժելով իրենց հարևանների ինքնավարությունը, յուրահատուկ պատմությունը և գոյության իրավունքը», – նշվում է զեկույցում: 

Իրականում, սակայն, զեկույցում խիստ քննադատություն է հնչել նաև կառավարության  հասցեին՝ ընդգծելով, որ Հայաստանում ժողովրդավարական կառավարման վարկանիշի անկում է գրանցվել։ 

«Ստուգված է»-ն ամփոփել է «Freedom House» զեկույցի հիմնական կետերը, որոնց մասին «Առաջին ալիքը» լռել է:

Միավորներ

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Nations in Transit 2024» զեկույցը, որտեղ Հայաստանը հնարավոր 100-ից ստացել է 35 միավոր և դասվել անցումային կամ հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների շարքին»,- այպես է սկսում ռեպորտաժը «Առաջին ալիքի» լրագրողը։

Նա չի նշում, որ Հայաստանը ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշում անկում է գրանցել՝ 2.50-ից հասնելով 2.25-ի:

«Ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշը 2.50-ից իջել է 2.25-ի` պայմանավորված գործադիրի կողմից իշխանության կոնսոլիդացման, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու բազմամյա միտման և իշխող կուսակցության ֆինանսների թափանցիկության պակասի»,- նշում են զեկույցի հեղինակները՝ հավելելով, որ արդյունքում Հայաստանի ժողովրդավարության միավորը 3.11-ից իջել է 3.07-ի։ 

Ազգային ժողովրդական կառավարում (2.25/7)

Ըստ կազմակերպության, համեմատած նախորդ տարիների, 2023 թվականը հարաբերականորեն կայուն տարի էր Հայաստանի ներքաղաքական կյանքում։ 

Հայաստանը շարունակել է էական բարեփոխումներ կատարել՝ դատական համակարգի, հակակոռուպցիոն ջանքերի, տարածքային կառավարման, կրթության և սահմանադրական փոփոխությունների նախագծի ոլորտներում։ Ընդգծվում է, որ ներքաղաքական կյանքը շարունակում է խիստ բևեռացված մնալ «Քաղաքացիական պայմանագրի» և նախահեղափոխական իշխանությունների վերնախավերի միջև։

Իրավապաշտպան կազմակերպությունը հիշատակում է նաև «Ինֆոքոմի» և «ՍիվիլՆեթի» (վերջինս OCCRP-ի հետ համագործակցությամբ)  իրականացրած երկու անկախ հետաքննությունները, որոնք բացահայտել են քաղաքական կոռուպցիայի լուրջ նշաններ:

Ընտրական գործընթացներ  (3.5/7)

Զեկույցում անդրադարձ է կատարվում 2023թ․ Երևանի ավագանու ընտրություններին՝ որպես ներքաղաքական կյանքի գլխավոր իրադարձություն։ Ըստ դրա՝ «այն կարող է դիտարկվել որպես վստահության քննություն նախորդ՝ 2021 թվականի և 2026 թվականի գալիք համազգային խորհրդարանական ընտրությունների միջակայքում»: 

Կազմակերպությունն ընդգծում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» շարունակել է կասկածելի մարտավարությամբ՝  որոշ դեպքերում ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնազրկելու գործելակերպը փոքր համայնքների ավագանիներում [Երևանում]: 

Ընտրական գործընթացը հիմնականում դրական գնահատական է ստացել տեղական և միջազգային դիտորդների կողմից։ Այնուհանդերձ, այն նշանավորվել է նաև իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի՝ թավշյա հեղափոխությունից ի վեր աննախադեպ մասշտաբի չարաշահմամբ:

Ուշադրություն է հրավիրվում նաև հանրային հետաքրքրության բացակայության և արդյունքում ցածր մասնակցության, լրատվամիջոցների շահարկումների և բևեռացման փաստի վրա, որոնք «բոլորն էլ մտահոգություն են առաջացնում նախընտրական գործընթացների արդարության վերաբերյալ»:

Քաղաքացիական հասարակություն (4․75/7)

Այս ոլորտում իրավապաշտպան կազմակերպությունը դրական միտումներ է նկատել՝ առանձնացնելով մի քանի հիմնական խնդիրները։ Դրանից մեկը վերաբերում է  չհաստատված հաղորդումներին այն մասին, որ կառավարությունը Pegasus և Predator լրտեսական ծրագրերով թիրախավորել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ 

«Հայաստանի քրեական օրենսգրքում 2020թ․ կատարված փոփոխությունը (Հոդված 226․2), որը քրեականացնում է բռնության հրապարակային կոչերը և բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, հիմնականում օգտագործվել է ընդդիմադիր ձայների դեմ, մինչդեռ անտեսվել են կառավարության կողմնակիցների կողմից արված վիրավորանքները»,- նշվում է զեկույցում։

Տեղական ժողովրդավարական կառավարում (1/7) 

Զեկուցում նշվում է, որ կարևոր բարեփոխումների ֆոնին տեղական իշխանությունների անկախության և լեգիտիմության երաշխիքները հարցականի տակ են դրվել իրենց տեղական ընտրատարածքների կողմից ընտրված ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու «Քաղաքացիական պայմանագրի» համակարգված փորձերի պատճառով:

«Թեև քաղաքապետերին անվստահություն հայտնելը օրինական մեխանիզմ է, իշխող կուսակցության ճնշումներով, շանտաժով և քաղաքական բարեհաճության տարբեր ձևերով ուղեկցվող գործելաոճը, որոնք հակասում են տեղական կառավարման լավագույն շահերին, կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը»,- գտնում են զեկույցի հեղինակները։

Անկախ մեդիա (3/7)

Զեկույցի համաձայն՝ անցած տարվա ընթացքում կառավարության և իշխող կուսակցության պատգամավորների կողմից եղել են մի քանի հետադիմական օրենսդրական նախաձեռնություններ տեղեկատվության ու խոսքի ազատության վերաբերյալ։ 

Զեկույցի հեղինակները քննադատել են այն փաստը, որ կառավարության նախաձեռնությամբ, Ազգային ժողովը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունը, որով թույլատրվում է մերժել պաշտոնական տվյալների հարցումները, եթե հայցվող նյութը պարունակում է «սահմանափակ տարածման պաշտոնական տեղեկատվություն»: 

«Տվյալ դրույթն անորոշ է և շատ ընդհանրական, ինչը Կառավարությանը մեկնաբանելու լայն դաշտ է տալիս և լավ հնարավորություն է ստեղծում լրագրողների հասանելիությունը պաշտոնական տվյալներին ավելի սահմանափակելու համար»,- նշված է զեկույցում։

Մեդիայի վերաբերյալ  Freedom House-ի զեկույցում տեղ գտած նկատառումների մասին ավելի մանրամասն անդրադարձել է Media.am-ը։

Դատական համակարգի անկախություն (2.75/7)

Ըստ զեկույցի՝ Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքում մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու և նրանց թղթաբանական բեռը նվազեցնելու ուղղությամբ, որոնք երկար ժամանակ խոչընդոտել են արդյունավետ դատական համակարգի գործունեությունը։ Freedom House-ն ընդգծել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Անդրեասյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի դերում պաշտոնավարումը նշանավորվել է մի քանի դատավորների նշանակման և ազատման վերաբերյալ վիճահարույց որոշումներով, մասնավորապես, քննադատվում է նախկին իշխանությունների հետ կապված կամ ԲԴԽ-ի անկախությունը կասկածի տակ դնող դատավորների նկատմամբ կարգապահական միջոցների կիրառումը։

Զեկույցը նաև առանձնացրել է 2023 թվականի ընթացքում հանրային դիտորդների ահազանգն այն մասին, որ ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքերի աճել են։ 

Կոռուպցիա (3/7)

Կազմակերպությունը նկատում է, որ չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան վերացել է, շատերն են կասկածի տակ դնում վարչապետի խոսքերը, թեև իսկապես, ըստ դիտորդների, կոռուպցիայի մակարդակը հեղափոխությունից հետո նվազել է։ 

Տարվա ընթացքում մի քանի լրագրողական հետաքննություններ բացահայտել են պաշտոնյաների կամ նրանց հետ առնչություն ունեցող անձանց կասկածելի վարքագծի նոր դեպքեր։ Նման հետաքննությունները բացահայտել են պաշտոնյաների կողմից արտոնյալ գներով անշարժ գույքի գնումներ, հանրային հողերի յուրացում, պետական ծառայողների կասկածելի մեծ ակտիվների նկատմամբ պաշտոնական վերահսկողության բացակայություն, կազմակերպություններից առանց պետական մրցույթների պետական գնումների օրինակներ և այլն։ 

Զեկույցում հիշատակվում է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների՝ Հայկուհի Հարությունյանին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ վերընտրելուն դեմ քվեարկելու փաստը, որ կասկածներ է հարուցել կոռուպցիայի դեմ պայքարելու կառավարության շահագրգռվածության և մտադրության վերաբերյալ, քանի որ հայտնի է՝ Հարությունյանը մի շարք հետաքննություններ էր սկսել իշխող կուսակցության ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։

Այպիսով, «Առաջին ալիքը» շարունակում է ընտրողաբար ներկայացնել Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ զեկույցների առանձին հատվածներ՝ անտեսելով քննադատությունը։ Այսպես, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Nations in Transit 2024» զեկույցում կառավարությունը տարբեր ոլորտներում քննադատության է ենթարկվել, սակայն «Առաջին ալիքը» որևէ կերպ չի անդրադարձել դրան։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

2 Responses to “«Առաջին ալիքն» անտեսել է Freedom House-ի զեկույցում Կառավարությանն ուղղված քննադատությունը”
  1. Հարգելի լրագրող, շնորհակալություն անդրադարձի համար։ Սակայն, ավելորդ չէր լինի հաշվի նստել տեղեկատվական ձևաչափերի հետ։ “Մեկ տողով լուրերում” անհնար է անդրադառնալ “Freedom House”-ի զեկույցի ամբողջ բովանդակությանը։ Փոխարենը, Հանրային հեռուստաընկերությունը անդրադարձել է ՀՀ կառավարության քննադատությանը առանձին հաղորդմամբ։
    https://youtu.be/JsTFjfAz1Ro?t=21

  2. Լուսինե Ոսկանյան says:

    Հարգելի պարոն Շիրինյան, շնորհակալություն արձագանքի համար։ Իհարկե, հնարավոր չէ 1 րոպեում ողջ զեկույցը ներկայացնել, սակայն կարծում եմ՝ կհամաձայնեք, որ հակիրճ հնարավոր էր անդրադառնալ զեկույցում տեղ գտած և՛ դրական, և՛ բացասական կետերից մի քանիսին։ Շնորհակալ եմ նաև զեկույցի վերաբերյալ թարմ հարցազրույցի հղումը տրամադրելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *