2024.03.22,

Խաչմերուկ

Թափանցիկության վեհ քա՞յլ, թե՞ հերթական զիջում

author_posts/knar-khudoyan
Քնար Խուդոյան
twiter

լրագրող

Հայաստանում մեդիան իր բևեռացվածությունը ցույց տալու նոր առիթ ունի. մի հատվածը  գովերգում է Փաշինյանի բաց զրույցը գյուղերի հանձնման մասին, մյուսները քննադատում պարտվողականությունն ու կոչ անում գյուղացիներին չհանձնվել։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում բնակիչների հետ հանդիպում է նախաձեռնել և բացահայտել  Ադրբեջանի հետ բանակցություններից որոշ մանրամասներ։ 

Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքներում առաջ գնալու համար Ադրբեջանը չորս ոչ անկլավային գյուղեր է պահանջում Տավուշից։ Եթե այդ գյուղերը չվերադարձվեն, պատերազմ կարող է սկսվել մինչև շաբաթվա վերջ և Փաշինյանը գիտի՝ դա ինչ ելք կունենա։ Այս զիջումը պետք է, քանի որ դա կբերի սահմանի հստակեցման, իսկ սահմանը պարիսպ է, ունի լեգիտիմություն, ինչը խաղաղության «շատ թե քիչ գործուն միակ երաշխիքին է»։

Վարչապետն ինքն իր բացահայտումը համարում է ժողովրդի հետ բաց խոսելու գովելի արարք։ Նա բաց խոսում է, որ հետո մեղադրանքներ չստանա։ Որոշ անկախ փորձագետներ շարունակեցին էլի ավելի մանրամասնել նոր ինֆորմացիան։ Այսպես, լրատվամիջոցները հայտնեցին, թե որ գյուղերի մասին է խոսքը. Բաղանիս Այրում, Ասկիպարա, Խեյրիմլի, Ղըզըլհաջիլի։ Գյուղերը, պարզաբանեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը, հայկական չեն, բնակեցված չեն, ուղղակի գտնվում են հայկական տիրապետության տակ։  Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ այստեղ Ադրբեջանը շահեկան դիրքում է, դրա համար է ուզուոմ հենց այս հատվածից սկսել դեմարկացիայի գործընթացը։ «Պարզ է, եթե իրեն ոչ հարմար տեղից սկսեինք (դեմարկացիան), Ալիևը չէր համաձայնի։ Օրինակ, եթե Ջերմուկից սկսեինք, պիտի զորքերը հետ քաշեր»,- ասում է Խուրշուդյանը։  

Ընդդիմադիր մեդիան Փաշինյանին չի գովում։ Նրանց եթերների մեծ մասում  Փաշինյանին արարքը  մեկնաբանվեց որպես հերթական, միակողմանի զիջում՝ սա դիտելով վերջին չորս տարիների պարտությունների ու զիջումների շարքում։ 

Շատերը նկատում են, որ զիջումը նույնիսկ չի երաշխավորի, որ պատերազմ չի լինի։ «Պատրեազմի վտանգով բնակչությանը ահաբեկելը նոր չէ։ Վախի տարածումով են իշխանությունները զբաղված։ Այսինքն ամեն անգամ երբ կա ադրբեջանական պահանջ, ներկայացվում է մի պատկեր, թե եթե մենք չենք ընդունում՝ լինելու է պատերազմ»,- ասում է փորձագետ Տիգրան Գրիգորյանը։  

Մի քանի լրատվամիջոց ու քաղաքական ուժեր Փաշինյանի՝ Ոսկեպար այցի հաջորդ օրը մեկնեցին նույն Ոսկեպար գյուղ։  Նրանք մարկանց հետ հարցումներ և ուղիղ հեռարձակումներ հրապարակեցին գյուղամեջից՝ զրուցարաններում հավաքված մտահոգ պապիկների մասնակցությամբ։ Այս նյութերում լրագրողները տեղացիներին հարցնում են՝ արդյո՞ք կողմ են հանձնվելուն։  Տավուշեցիները տեսախցիկների առաջ ասում են՝ ոչ։ 

Ինչպես գյուղացիների հետ հանդիպման՝ Կառավարության տարածած տեսանյութն էր քարոզչական նյութ, այնպես էլ դրան հետևած այս լայվ տեսանյութերը կարող են դասվել այդպիսինի շարքին։ Գյուղամեջի տեսանյութերում չկա բովանդակային քննարկման համար անհրաժեշտ իրավիճակ, գյուղացիներն  ունեն լրագրողների հետ շփման փորձի պակաս, հարցերը կտրուկ են, թեման՝ չափազանց զգայուն։ Այս էմոցիոնալ վիճակում բովանդակային ու անկեղծ կարծիքներ ստանալը գրեթե անհնար է։ Տավուշի սահմանամերձ համայնքների չհանձնվելու կամքը խրախուսվում է և գովերգվում։ Ընդ որում, ոչ միայն հարցախույզեր անող լրագրողների կողմից, այլև  սյունյակագիրներ, վերլուծաբանների՝ «Տվեք զենք մարդկանց» ձևակերպումներով։ Նրանք, ինչպես Փաշինյանը, չեն երաշխավորում ոչինչ։  Այսպես բոլորը խոսում են ժովորդի անունից ու հանուն ժողովրդի։

Այսպիսով մենք ունենք միջնորդավորված հաղորդումներ տավուշեցիների անունից։  Բևեռացված մեդիապնակը, սակայն, թույլ չի տալիս հասկանալ՝ ինչպիսին է Տավուշում, և առհասարակ Հայաստանում, հանրային կարծիքը։ Դեռ չկան սոցհարցումներ, չի անցկացվել հանրաքվե կամ այլ որևէ վստահելի գնահատում։  Հանձնել-չհանձնելու թեման ուշ թե շուտ կփոխարինվի այլ վերնագրերով ու նորություններով։ Տավուշեցի գյուղացիները կվերադառնան լրատվության լուսանցք։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *