Հայաստանում թատրոնների միավորման առաջին գործնական քայլն արվեց 2021 թվական սեպտեմբերի 8-ին։ Կառավարությունը որոշեց Պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին:
Այն ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հայտնում էին, որ թատրոնների միավորումը հնարավորություն կտա պահպանել Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի մասնագիտական գործունեության շարունակականությունը և «լուծել մշակույթի ոլորտում առկա կարևոր խնդիրը՝ միջազգային ճանաչում և բարձր վարկանիշ ունեցող կոլեկտիվի բնականոն գործունեությանն անհրաժեշտ միջավայրի ձևավորումը»։
ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Արա Խզմալյանը (այժմ Մատենադարանի տնօրնն է), մասնավորապես, ասել էր․
«․․․ Այդպես, իրականում, շատ ավելի լավ պայմաններ են ստեղծվում Երաժշտական թատրոնի կոլեկտիվի համար, որովհետև, եթե կան երգող, պարող դերասաններ, Պարոնյանի թատրոնի բեմից սկսած և մնացած ենթակառուցվածքներով ու մասնագիտական ռեսուրսով ավարտված՝ տասնապատիկ ավելի լավ պայմաններում են հայտնվելու»։
Կառավարության որոշումով՝ Կամերայինի շենքը տրվեց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին։ Պատճառաբանությունն այն էր, որ Սիմֆոնիկ նվագախումբը 15 տարի փորձեր էր իրականացնում «տարբեր հարթակներում»։
Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն պարզեց, որ Կամերային երաժշտական թատրոնի միավորումից հետո աշխատակազմի գրեթե կեսը՝ 27 անձ, դադարեցրել են համագործակցությունը պետական թատրոնների հետ․ կա՛մ պայմանագրերն են ավարտվել և նորերը չեն կնքվել, կա՛մ հեռացել են իրենց դիմումների համաձայն, իսկ թատրոնի շենքը, որտեղ պետք է փորձեր իրականացներ Սիմֆոնիկ նվագախումբը, չի օգտագործվում։
Ովքեր գնացին, ովքեր՝ մնացին
Մեր գրավոր հարցմանը ԿԳՄՍ նախարարությունից պատասխանել էին, որ Կամերային երաժշտական թատրոնը, նախքան Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին միանալը, ունեցել է 56 աշխատակից: Ներկայում նրանցից աշխատում են 29-ը։
Նրանք գործունեությունը շարունակել են պետական թատրոններում հետևյալ կերպ.
- 24 աշխատակից տեղափոխվել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն: 11-ը ներկայում շարունակում են աշխատել։
- 15 աշխատակից՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն: 12-ը ներկայում շարունակում են աշխատել:
- 4 աշխատակից՝ Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն: Մեկը շարունակում է աշխատել։
- 1 աշխատակից՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն․ շարունակում է աշխատել։
- 5 աշխատակից՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ։ Մեկը շարունակում է աշխատել։
- 1 աշխատակից՝ Երևանի խամաճիկների պետական թատրոն․ շարունակում է աշխատել։
- 2 աշխատակից՝ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն (որն արդեն լուծարվել է)։
- Տնօրենի հաստիքը կրճատվել է:
- 3 աշխատակիցներ հրաժարվել են տեղափոխվել որևէ ՊՈԱԿ և իրենց դիմումների համաձայն ազատվել են աշխատանքից։
Փաստացի, Կամերային թատրոնի 27 աշխատակից այժմ չի աշխատում որևէ պետական թատրոնում։
Ինչ վերաբերում է Կամերային երաժշտական թատրոնի շենքին, որը պետք է ծառայեր Սիմֆոնիկ նվագախմբի կարիքներին, ապա այն այժմ դատարկ է։ Սիմֆոնիկ նվագախմբի լրատվական բաժնի փոխանցմամբ՝ ընթանում են վերակառուցման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման աշխատանքներ: Սա այն դեպքում, երբ Արա Խզմալյանը 2022-ին հայտնել էր, թե հաջորդ տարի՝ 2023-ին, սկսելու են շինարարական աշխատանքները։
Միավորման հակառակ կողմը
Սամսոն Ստեփանյանը Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորն էր։ 2024 թվականի հունվարից նա գործազուրկ է։ Կամերայինի միավորումից հետո աշխատանքը շարունակել է Պարոնյան թատրոնում, որտեղ աշխատել է երկու տարի, ղեկավարությունը, սակայն, 2023-ի դեկտեմբերին իրեն և ևս երկու աշխատակցի հայտնել է, որ չի շարունակելու համագործակցությունը նրանց հետ․ պայմանագիրը չի երկարաձգվել․
«Կադրերի բաժնի վարիչի միջոցով տեղեկացրին մարդկանց ազատման մասին։ Ընդ որում՝ տեղեկացրին խախտումով․ երկու ամիս առաջվա փոխարեն հայտնեցին 15 օր առաջ։ Նոր տարուց 15 օր առաջ։ Իմ զանգերին և հաղորդագրություններին որևէ պատասխան չեղավ»,- պատմում է Սամսոն Ստեփանյանը։
Ռեժիսորի խոսքով՝ Պարոնյանում իրենց լավ ընդունեցին, խնդիրը, սակայն, աշխատակիցների զբաղվածությունն էր։ Կամերային թատրոնի ներկայացումները այդպես էլ չեն բեմադրվել՝ չնայած խոստմանը, որ խաղացանկը կպահպանվի։ Ինքը՝ Ստեփանյանը, երկու տարվա ընթացքում միայն մեկ բեմադրություն է ունեցել։
«Բանն էն է, որ մարդիկ, որոնք ազատվեցին աշխատանքից, էդպես էլ զբաղվածություն չունեցան, իրենց չներգրավեցին որևէ ներկայացման մեջ։ Մի քանի հոգի կան, որ ներգրաված են թատրոնի ներկայացումներում և առայժմ մնում են։ Ըստ էության, Պարոնյանում կարող են մի պատճառաբանություն բերել, որը դերասանի պրոբլեմը չէ, այլ՝ իրենց։ Կարող են ասել, որ դերասանները զբաղված չեն, զբաղվածություն չունեն ներկայացումներում։ Իրենց իրավունքն է այս դեպքում ազատել աշխատանքից, բայց այդ դերասանը նոր-նոր եկել է այդ թատրոն։ Ձեր խնդիրն է դերասանին զբաղեցնել, աշխատել, որպեսզի իրենք ծանրաբեռնված լինեն»,- պատմում է ռեժիսորը։
Ստեփանյանը այս միավորումը ոչ ռացիոնալ է համարում, քանի որ Կամերային երաժշտական թատրոնը աշխատում էր շահույթով և որևէ մեկից ֆինանսական կախում չուներ։ Պետությունից, ռեժիսորի խոսքով, ստանում էինք սուբսիդիա՝ աշխատավարձի տեսքով։ Մնացած բոլոր ծախսերը հոգում էր ինքը՝ թատրոնը։
«Արդյունքում կորավ մի ամբողջ թատրոնի միավոր, ընդ որում՝ շահութաբեր թատրոնի»։
Պարոնյանի տնօրենի մեկնաբանությունը
Հ․Պարոնյանի անվան երաժշտական թատրոնից, ըստ ԿԳՄՍՆ-ի, հեռացել է 13 աշխատակից։ Ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը նրանցից մեկն է։ «Ստուգավծ է»-ն Պարոնյանի տնօրեն Կարո Շահբազյանից հարցրեց, թե որն էր կրճատումների պատճառը և պոստ ֆակտում՝ ինչպես է նա գնահատում թատրոնները միավորելու որոշումը։
Ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի հեռաանալու մասին տնօրենն ասաց, որ պայմանագիրը չի երկարաձգվել, քանի որ իրենց քաղաքականությամբ ռեժիսորները պետք է լինեն ոչ թե հաստիքային, այլ՝ հրավիրյալ։
«Նույն Սամսոն Ստեփանյանը կարող է գալ մեզ մոտ ծրագրով բեմադրություն անել և ստանալ հոնորար։ Ամսական աշխատավարձ ստանալով ռեժիսոր, իմ սուբյեկտիվ կարծիքն է, սխալ է։
Եթե չեմ սխալվում, դերասաններն ինն էին (Կամերայինի, խմբ․)։ Երկու տարվա մեջ յոթը ինտեգրվեցին, ունեցան և ունեն լուրջ զբաղվածություն։ Մյուս երկու դերասանները ոչինչ չարեցին, չունեցան զբաղվածություն»,- ասում է Կարո Շահբազյանը։
Պարոնյանի աշխատանքի արդյունավետության վրա, ըստ տնօրենի, միավորումը չի ազդել, սակայն միավորման մասին որոշումը ճիշտ և արդյունավետ չի համարում․
«Եթե մի բանը վատ է, պետք է փոխել ղեկավարումը, գտնել լավացնելու ձևը, ոչ թե վերակազմակերպել։ Պայմանական 50 աշխատողներ, որ գային մեր թատրոն, մեծ մասը չէին ունենալու զբաղվածություն։ Մենք ունինք 40 դերասան, երգչախումբ, հսկիչներ, մյուսը, մյուսը։ Այստեղ ոչ թե հաստիքի խնդիրն էր գալու, այլ ֆունկցիա չկար։ Որոշվեց այնպես անել, որ մարդիկ ունենան զբաղվածություն։ Պետք էին հաստիքներ Համազգային թատրոնին, ներքին ձևով ճշտվեց, գնացին համազգային թատրոն, պետք էին Տիկնիկայինին, գնացին Տիկնիկային, պետք էին Գոյին․․․Հաստիքը տվեցին, գումարը տվեցին, բայց ինքը չէր աշխատելու»,- ասում է տնօրենը։
Հարցին, թե ինչու մինչ օրս Պարոնյանում Կամերայինի խաղացանկից որևէ ներկայացում չի խաղացվել, տնօրենը պատասխանեց, որ Կամերայինի համեմատ իրենց բեմը գրեթե 20 անգամ մեծ է։ Այնտեղի ներկայացումները, դեկորացիան չէին համապատասխանում այս բեմին։ Նրա կարծիքով՝ պետք էր նոր ներկայացում բեմադրել։
Այսպիսով, նախարարության խոստումը, թե միավորումը կլուծի Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի մասնագիտական գործունեության շարունակականության հարցը, չիրականացավ։ Անձնակազմի գրեթե կեսը այժմ չի աշխատում պետական թատրոններում։ Սիմֆոնիկ նվագախմբի փորձերի անցկացման խնդիրը ևս լուծված չէ։
Խնդիրը հատկապես արդիական է դառնում նախաձեռնված նոր միավորումների ֆոնին։ Օրակարգում է ինչպես «Գոյ» թատրոնի, այդպես էլ կրթական մի շարք հաստատությունների վերամիավորման հարցը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: