2024.02.02,

Նյուսրում

Հակասական օրինագիծ ընդդեմ հեռուստատեսային եթերում «քրեական ենթամշակույթի»

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Հայաստանում առաջարկվում է սահմանափակել հեռուստաալիքներով քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի, սերիալների և հաղորդումների ցուցադրումը։ 

Փոփոխությունն արվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու միջոցով, որի հեղինակները Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն են։ 

Մասնավորապես առաջարկվում է 06։00-ից մինչև 00։00-ն արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող հեռուստաարտադրանքի ցուցադրումը։ 

Հեղինակները նշում են, որ նման ֆիլմերն ու հաղորդումները բացասաբար են ազդում անչափահասների, երիտասարդների վրա։  

«Քրեական ենթամշակույթի տարրեր ասելով մենք նկատի ունենք այս մշակույթի ռոմանտիզացումը, ռոմանտիզացված կերպարների առկայությունը։ Նման հաղորդումները, ֆիլմերը մեծ դիտումներ են ապահովում հեռուստատեսություններին, բայց դրականացվում են, հերոսացվում են քրեական մշակույթի ներկայացուցիչների կերպաները ու ազդում են անչափահասների առողջության, մտավոր զարգացման վրա։  

Դրանք պարունակում են գռեհկաբանություն, հայհոյախոսություն, ժխտում են բարոյականության համընդհանուր նորմերը, քարոզում են անբարո ապրելակերպ, նսեմացնում են կրթության ու դաստիարակության դերը, նպաստում են քրեական ենթամշակույթի բարքերի, վարվելաձևերի, խոսելաձևերի տարածմանը հասարակության մեջ, հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիզացմանը»,- ասել է հեղինակ Արթուր Հովհաննիսյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 30-ի հերթական նիստում։   

Նա նշել է, որ հաճախ անչափահասներն ու երիտասարդները փորձում են նմանվել կամ նմանվում են այդ կերպարներին։  

Media.am-ի հետ զրույցում Հեռուստատեսության և ռադոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը նախագիծը գնահատեց խնդրահարույց։ Նա նշում է որ եթե անգամ հեռուստատեսությամբ ժամային սահմանափակում դրվի, ապա նույն անչափահասները միևնույն է կարող է տեսնել այդ ամենը սոցիալական ցանցերում, Յություբում, կաբելային հեռուստատեսությամբ և վերջ ի վերջո catch up-ի (հեռարձակվող պրոդուկտը հետ տալու և կրկին դիտելու հնարավորություն) օգնությամբ։ 

Նա ասում է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը միայն հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող մեդիա միջոցներով հնարավոր չէ իրականացնել և պետք են ավելի համապարփակ գործողություններ։  

«Քրեական ենթամշակույթն ավելի շատ գովազդվում է ցանցում՝ բլոգերում, սոցիալական ցանցերում։ Հեռուստատեսության արտադրանքը, ենթադրենք սերիալը, եթե TV-ով նայում են 30000 հոգի, Յություբում նայում են 700000 հոգի։ Այս արատավոր մշակույթի դեմ պայքարելու համար պետք է լայն մոտեցում»,- հավելում է Տիգրան Հակոբյանը։  

Բացի այդ, ՀՌՀ նախագահն ասում է, որ հստակ չէ, թե ինչ ասել է քրեական մշակույթի քարոզ։ «Ենթադրենք՝ սերիալում կա նման կերպար, ով մի քանի սերիաներում հաջողության է հասնում, սիրվում, բայց վերջում այդպիսին լինելու պատճառով խնդիրների մեջ է հայտնվում՝ ցուցադրելով, որ այդ կյանքը ստաբիլ չէ, նա պատժվում է, բանտ է նստում։ Հիմա սա քարո՞զ է, թե այդ երևույթի դեմ պայքար»,- մանրամասնում է նա։  

Տիգրան Հակոբյանը նաև նկատում է, որ նախագծի հիմնավորման մեջ բացակայում են սոցիալական հարցումները, հետազոտությունների արդյունքները, միջազգային փորձը։  

«Երիտասարդները նայո՞ւմ են հեռուստացույց, որ ազդվեն դրանից։ Ենթադրենք, եթե նայում են, ինչը հասկանալի է բոլորիս, որ այդպես չէ, որքանո՞վ են ազդվում նման հաղորդումներից։ Այս մասին պիտի հետազոտություններ արվեին, որոնք չեն արվել։ Եթե ուզում ենք, որ պայքարենք այս երևույթի դեմ, որ պիտի սկսենք համացանցից։ Մի հայտնի սերիալ կա՝ «Слово пацана»։ Ոչ մի հայկական հեռուստաալիք այն չի ցուցադրել, կաբելային հեռուստատեսությունը չի ցուցադրել, բայց ամեն երկրորդ անչափահասը ֆիլմից մեջբերումներ է անում, այդ ժարգոնով խոսում են իրար հետ։ Այս ազդեցության դեմ պետք է պայքարենք»,- նշում է նա։  

Ավելին, Տիգրան Հակոբյանը շեշտում է, որ քրեական ենթամշակույթին պատկանող նշաններ են դրվում գերեզմաններում, բակերի տաղավարներում ու անչափահասները առաջինը հենց այդտեղ են ծանոթանում դրանց հետ։  

Արթուր Հովհաննիսյանը համաձայնում է, որ երևույթի դուռը սահմանափակմամբ չի փակվում, քանի որ կա համացանց, որը կարգավորելու հարցում օրենսդրությունը զորեղ չէ, կա catch up-ի հնարավորություն, բայց սա չի նշանակում, որ չպետք է մտածել անչափահասների առողջության մասին ու ավելացնել այս շարքում նման ֆիլմեր ու հաղորդումներ դիտելու ևս մեկ հնարավորություն։  

Պատգամավորը չի կիսում կարծիքները, թե նման հերոսներին ֆիլմի վերջում պատժելու պարագայում անչափահասները կարող է չնմանվեն նրան։ Ըստ նրա՝ երիտասարդները հաճախ չեն ընկալում ֆիլմի վերջաբանը կամ էլ չեն դիտում դրանք մինչև վերջ։  

«Երեխաներ կան, որ Սարդ մարդը ֆիլմն են նայում ու հետո դժվար է այդ երեխաներին համոզել, որ չկրկնեն հերոսի գործողությունները։ Գողերին են նայում, ռոմանտիզացված կարպար, և ուզում են կրկնել»,- ասում է Արթուր Հովհաննիսյանը։  

Իշխող ուժի ներկայացուցիչը խոստանում է, որ կարող են մեծացնել ՀՌՀ օրենսդրական գործիքները, եթե խախտումները գտնելու համար ներկայիս գործիքները չբավարարեն։  

Առաջարկվող փոփոխությունները կքննարկվեն ԱԺ լիագումար նիստում, ապա կդրվեն քվեարկության։

Տիգրանուհի Մարտիրոսյան  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *