Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզի Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ կանցկացվեն:
Առաջադրված թեկնածուները երեքն են՝ ՀՀԿ անդամ, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը եւ Կապան քաղաքի բնակիչ, անկուսակցական Վահրամ Հովհաննիսյանը:
Թեկնածուները սեպտեմբերի 1-ից արդեն մեկնարկել են իրենց նախընտրական քարոզարշավը, բացառությամբ՝ Վահրամ Հովհաննիսյանի:
Պատգամավորի թեկնածուների նախընտրական հանդիպումները տեղում լուսաբանում է միայն
մարզային «Սոսի» հեռուստաընկերությունը: Հեռուստաընկերության տնօրեն Վահե Սարգսյանի խոսքով՝ ամբողջ քարոզարշավի ընթացքում իրենք հավասարաչափ մոտեցում են ցուցաբերելու եւ լուսաբանելու են բոլոր թեկնածուների քարոզչությունը:
«Պատգամավորի թեկնածուներին հավասար պայմաններով տրամադրելու ենք նաեւ վճարովի եթեր՝ քաղաքական գովազդի համար: 1 րոպեի արժեքը սահմանել ենք 6000 դրամ: Առայժմ դիմողներ չկան»,- ասում է մարզային հեռուստաընկերության տնօրենը:
Կապանի «Խուստուփ TV» մալուխային հեռուստատընկերությունը չի անդրադառնում պատգամավորի լրացուցիչ ընտրությանը եւ հեռուստատեսության եթերում չի լուսաբանում թեկնածուների նախընտրական հանդիպումները:
Հեռուստաընկերության տնօրեն եւ գլխավոր խմբագիր Սասուն Մանուկյանն ասում է, որ իրենք որեւէ մասնակցություն չեն ունենալու այս ընտրական պրոցեսներին:
Ընտրություններին չանդրադառնալու որոշում հեռուստատեսությունը նախապես էր կայացրել, ըստ այդմ էլ, քաղաքական գովազդի գին «Խուստուփ»-ը չէր սահմանել:
«Նախկին փորձը հաշվի առնելով՝ գիտենք, որ 76 տեղամաս ունեցող ընտրատարածքի 19-ը ընդգրկող սփռման տարածքը թեկնածուներին առանձնապես չի գրավում, դրա համար ձեռնապահ ենք մնացել ընտրական գործընթացին մասնակցելուց»,- նշում է նա:
Մերի Սողոմոնյան, Կապան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: