Երևանի մամուլի ակումբը «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում մշտադիտարկման է ենթարկել հայաստանյան լրատվամիջոցներում 2023թ․ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանումը: Մոնիթորինգի ընթացքում արձանագրվել և դիտարկվել է 8 լրատվամիջոցի՝ 2837 լրատվական հեռուստանյութ և 159 բանավիճային հաղորդում:
Հետազոտության նպատակն է եղել պարզել քարոզարշավի լուսաբանման հավասարակշռությունը, հավասար հնարավորությունների առկայությունը: Վեր հանել քարոզարշավի ժամանակ թեմատիկ շեշտադրումները, օրինակ՝ քննարկվել են ընդհանուր քաղաքական հարցե՞ր, թե՞ անդրադարձել են Երևանի հիմնախնդիրներին: Լուսաբանման ընթացքում լրագրողական էթիկայի նորմերը պահպանվե՞լ են, թե ոչ:
Ո՞ր լրատվամիջոցներն են մասնակցել մշտադիտարկմանը
Ուսումնասիրվել են «Արմենիա», «Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջին ալիք», «Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջինի լրատվական ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք», «Երկիր Մեդիա», «Շանթ», «1in.am», «Factor.am»-ի լրատվական հեռուստանյութերն ու բանավիճային հաղորդումները:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման ժամանակ տասնչորս քաղաքական ուժերին կատարված անդրադարձերը հավասարաչափ չեն բաշխվել:
Դիտարկված ութ լրատվամիջոցններում քարոզարշավի լուսաբանման ամբողջ ծավալի գրեթե մեկ քառորդը՝ 23.7%-ը, վերաբերել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
Այս բարձր ցուցանիշն ունի մի քանի պատճառ: Առաջինն այն է, որ որոշ լրատվամիջոցներում կառավարող ուժին հասցեագրված քննադատությունը բավականին շատ է եղել: Բացի այդ, քարոզարշավի ընթացքում նրանց բավականին ակտիվ լուսաբանել են նաև իշխանությունների հանդեպ լոյալ կամ համեմատաբար լոյալ լրատվամիջոցները:
Քարոզարշավի ժամանակ ընդհանուր անդրադարձերի քանակությամբ 8,1%-ով երկրորդ տեղում են «Մայր Հայաստան» դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը:
Ո՞ր քաղաքական ուժերն են արժանացել ամենաշատ դրական և ամենաշատ բացասական անդրադարձերին
Ըստ մշտադիտարկման արդյունքների՝ քարոզարշավի ընթացքում դրական լուսաբանման առումով առաջին հորիզոնականում «Մայր Հայաստան» դաշինքն է՝ ընդ որում՝ և՛ լրատվական թողարկումների, և՛ բանավիճային հաղորդումների արդյունքներով: Ութ լրատվամիջոցները ընդդիմադիր դաշինքին անդրադարձել են 78 անգամ, որից 11-ը կամ 14.1%-ը եղել է դրական։
Ընդդիմադիր այս ուժին առավել շատ դրական անդրադարձ է կատարվել «Երկիր Մեդիայի» եթերում․ հեռուստաընկերությունում «Մայր Հայաստանին» անդրադարձել են 16 անգամ, որից 5-ը՝ 31.2%-ը՝ դրական, 11-ը՝ 68.8%-ը՝ չեզոք: Բացասական անդրադարձ չի եղել։
Քարոզարշավի ժամանակ բացասական լուսաբանման առումով պատկերն ավելի արտահայտիչ է եղել։ Ե՛վ լրատվական թողարկումների և՛ բանավիճային հաղորդումների շրջանում առաջին հորիզոնականում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիրն» է եղել: Դիտարկված լրատվամիջոցները քարոզարշավի ընթացքում այս կուսակցությանն անդրադարձել են 228 անգամ, որից 99-ը կամ 43.4%-ը՝ բացասաբար:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունն այս դեպքում էլ առաջատարն է, բայց որպես բացասական անդրադարձերի հեղինակ: Քարոզարշավի ընթացքում հեռուստաընկերությունում իշխող ուժի նախընտրական քարոզարշավին անդրադարձել են 24 անգամ, որից 19-ի՝ 79.1%-ի դեպքում՝ բացասաբար, 5-ի՝ 20.9%-ի դեպքում՝ չեզոք։ «Երկիր Մեդիա»-ի եթերում, ՔՊ-ի նախընտրական քարոզարշավը լուսաբանելիս, դրական անդրադարձ չի եղել։
Բացասական լուսաբանմամբ երկրորդ հորիզոնականում «Ազգային առաջընթաց» կուսակցությունն է․ ութ ԶԼՄ-ների ընդհանուր 70 անդրադարձերից 12-ը կամ 17.1%-ը՝ բացասական է եղել:
Ընդհանուր առմամբ բացասական բնույթի անդրադարձերն ավելի շատ են եղել, քան դրականները: Ինչը ցույց է տալիս, որ քարոզարշավի ժամանակ լրատվամիջոցներն ու քաղաքական ուժերը համեմատաբար ավելի շատ կենտրոնացել են քննադատության, քան տարաբնույթ խնդիրների վերաբերյալ հանրությանը հետաքրքրող լուծումների ներկայացման վրա։
Թեմատիկ շեշտադրումներ
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի, «լռության օրը» և ընտրությունների օրը մայրաքաղաքին վերաբերող հիմնախնդիրներից բացի, անդրադարձ է կատարվել նաև ընդհանուր քաղաքական հարցերին: Թեմատիկ առումով մայրաքաղաքի կառավարմանը վերաբերող անդրադարձերը կազմել են 42.2%, իսկ քաղաքական հարցերի քննարկումները՝ 29.1%:
Ընդհանուր քաղաքական թեմաներին առավել շատ անդրադարձել են ընտրությունների արդյունքում ավագանի անցած առաջին երեք խմբակցությունները ներկայացնող քաղաքական ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 39.9%, «Ազգային առաջընթաց»՝ 37.1%, «Մայր Հայաստան»՝ 67.9%:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում կիրառված վիրավորական կարծրատիպերի 88.3%-ը վերաբերել է գործող իշխանությանը: Լուսաբանման ժամանակ վիրավորական կարծրատիպերի կիրառմամբ աչքի են ընկել «Հայկական երկրորդ հեռուստաալիքը»՝ 56.6% և «Երկիր Մեդիան» 25% դեպքերում:
Լրագրողական էթիկային առավել հավատարիմ են մնացել «Արմենիան», «1in.am»-ը և «Շանթը»։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: