2024.01.22,

Ստուգված է

Հայաստանը ապահովում է, Ռուսաստանը՝ վերահսկում. Պուտինի 2020-ի հրամանագիրը

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Ռուսաստանի սահմանապահները պե՞տք է վերահսկեն Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Այս հարցը ստանում է տարբեր պատասխաններ՝ կախված, թե որ երկրի պաշտոնյան է մեկնաբանում հարցը։  

Հունվարի 18-ին խնդրին անդրադարձավ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա մեկնաբանմամբ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ասվում է, որ ռուս սահմանապահները պետք է վերահսկեն տրանսպորտային հաղորդակցությունը. 

«ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը»,- ասել էր Լավրովը։  

Ավելի վաղ՝ հունվարի 13-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ որևէ տեղ նշված չէ, թե ՌԴ-ն Հայաստանի տարածքում հաղորդակցության անվտանգություն պետք է ապահովի։ 

«Ադրբեջանից ի՞նչ են ասում։ Ասում են՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք հասանք նրան, որ արձանագրվի այսպես կոչված Զանգեզուրի միջանցք և որ Ռուսաստանի Դաշնությունն ա ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ էդ երկուսից ոչ մեկը չկա գրած։ Ոչ մի տեղ գրած չի, որ ՌԴ-ն ՀՀ տարածքում որևէ կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի։ Ընհակառակը՝ գրված է, որ ՀՀ-ն է  երաշխավորում անվտանգությունն իր տարածքում»,- ասել էր Փաշինյանը։ 

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հայտարարել, թե, ըստ եռակողմ հայտարարության, ռուս սահմանապահներն են ապահովում անվտանգությունն ու վերահսկողությունը 42-43 կիլոմետր երկարությամբ տարածքի վրա։  

Հունվարի 16-ին Փաշինյանի կուսակցությունը ներկայացնող ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը վերահաստատել էր Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ «… կետ չկա, որ ռուսները պետք է գան այդտեղ (Սյունիք, խմբ․) ու ինչ-որ բան վերահսկեն»։ 

Տրանսպորտային հաղորդակցության բացման մասին խոսելիս, որպես կանոն, հղում է արվում 2020-ի նոյեմբերյան հայտարարությանը, որտեղ, արդեն բազմիցս գրվել է (1, 2), նշված է, որ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունն ապահովելու է Հայաստանը, իսկ այդ հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու են ՌԴ սահմանապահները։  

Բացի եռակողմ հայտարարությունից, սակայն, Նիկոլ Փաշինյանը դեռևս 2022-ի ՀԱՊԿ նիստում հղում է արել նոյեմբերին հրապարակված մեկ այլ փաստաթղթի՝  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրին, որը հրապարակվել է 2020թ․ նոյեմբերի 10-ին։  

«Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների մասին» վերտառությամբ այս հրամանագրի 3-րդ կետում ասվում է, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը վերահսկողություն է իրականացնում Հայաստանի կողմից Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության ապահովման նկատմամբ։

Ըստ այդ տեքստի՝ Հայաստանը ապահովում է հաղորդակցությունը, իսկ ՌԴ-ն՝ վերահսկում է, թե ինչպես է Հայաստանն իրականացնում այդ գործառույթը։ Պուտինի այս հրամանագիրը ևս փաստում է, որ ՌԴ սահմանապահները գործառույթներ ունեն հաղորդակցության վերահսկման մեջ:

Այսպիսով Գևորգ Պապոյանի պնդումը, թե «կետ չկա, որ ռուսները պետք է գան այդտեղ և ինչ-որ բան վերահսկեն», խնդրահարույց է։ Թեև հստակ չի նշվում, թե ինչ կերպ պետք է իրականացվի վերահսկողությունը, ռուս սահմանապահները պե՞տք է գտնվեն Սյունիքում, թե՝ ոչ, այնուամենայնիվ թե՛ եռակողմ պայմանավորվածություններով, թե՛ «լրացուցիչ պարզաբանված» (Փաշինյանի խոսքերով) Պուտինի հրամանագրում ևս ամրագրված է, որ ՌԴ-ն վերահսկողության գործառույթ ունի։ Որտե՞ղ և ի՞նչ մեխանիզմներով պետք է իրականացվի այդ գործառույթը, չի հստակեցվում։  

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *