2024.01.22,

vox populi

Հայաստանյան Յություբ տիրույթում դիտում են ժամանց և քաղաքականություն

Հայաստանում վիդեոկոնտենտի նկատմամբ հետաքրքրությունը պահանջված է բոլոր հարթակներում՝ լինի դա Յություբ, Ֆեյսբուք, ՏիկՏոկ, թե Ինստագրամ։ Տարբեր է այս հարթակների լսարանը։ ՏիկՏոկում ակտիվ են դեռահասները, Յություբում, Ինստագրամում և Ֆեյսբուքում՝ երիտասարդներն ու միջին սերնդի մարդիկ։

Թրաֆիքը բոլոր հարթակներում գրեթե նույնն է, չնչին տարբերություններով։ Օրինակ, քանի որ ՏիկՏոկում ավելի շատ դեռահասներ են գրանցված, նրանք ավելի ակտիվ են թերթում էջն ու ավելի շատ են մեկնաբանություններ թողնում։

Վիդեոկոնտենտի ստեղծումն ու տարածումը աշխարհում տարիներ շարունակ գումար վաստակելու միջոց է։ Մարդիկ իրենց ստեղծած տեսանյութերի շնորհիվ գումար են աշխատում՝ դրանց վրա ցուցադրվող գովազդների հաշվին։

Քանի որ Հայաստանում ստեղծված պրոդուկտը հիմնականում հայերեն է, մեզ համար այս գործիքը տարիներ շարունակ կիսատ է աշխատել։ Հայաստանը այն քիչ երկրների թվում է, որտեղ մոնետիզացիան չի գործում։ Հայերենով վերբեռնված տեսանյութերը Յություբի համար հասկանալի չեն, ուստի ալգորիթմը չի կարողանում լիարժեք գեներացնել այն գովազդի տիպը, որը պիտի ցուցադրվի տեսանյութում։ Մարդիկ կարողացել են գումար վաստակել, բայց այն չափով, որով կարող էին։

Իսկ սա Յություբի համար մեծ խնդիր է։ Նրանք ունեն գովազդային լուրջ քաղաքականություն, կարողանում են ճշգրտորեն ընտրել գովազդի համար այնպիսի ալիք, այնպիսի լսարան, որը լավագույնս մոտ է գովազդվող ապրանքին կամ ծառայությանը։ Իսկ տեսանյութի բովանդակությունը չհասկանալու պատճառով այս գործառույթը կատարվում է վատ կամ թերի։

Հավանաբար, այս խնդրին լուծում է տրվել։ Քանի որ ինչպես հայտնել է ՀՀ կառավարությունը, Յություբում, շուտով Հայաստանի համար կմիանա մոնետիզացիան և հայալեզու կոնտենտի եկամտի չափը կմեծանա։

Մոնետիզացիան միացնելու համար հարկավոր է, որ ալիքը վերջինմեկ տարոււմ ունենա տեսանյութերի դեպքում  4000 ժամ դիտում և 1000 բաժանորդ, իսկ շորթ տեսանյութերի դեպքում  վերջի 90 օրվա ընթացքում 10 միլիոն դիտում և 1000 բաժանորդ։

Եթե խոսենք համացանցային վիդեոկոնտենտի մասին, ապա աշխարհում առաջատար մի քանի թեմաներ կան, որոնցով մարդիկ հետաքրքրված են։

Դրանք են՝ սենսացիոն նորություններ, խոհարարություն, նորաձևություն, ճանապարհորդական վլոգեր և այլն։

Կան թեմաներ, որոնք թանկ են վարձատրվում։ Դրանց 1000 դիտման արժեքը կարող է հասնել 30-40 դոլարի։ Դրանք են՝

-ֆինանսները։ Խոսքն այն մասին է, թե ինչպես գումար աշխատես, ինչպես այն կառավարես, որտեղ ներդնես, ինչպես խնայես,

-Ոչ ավանդական կրթական ալիքները։ Դա կարող է լինել անգլերենի ուսուցման կամ նույն մարքեթինգային գիտելիքների փոխանցման մասին։

-Անշարժ գույքը։

Ներկայումս դիտումներ են հավաքում անգամ նեղ թեմայով ալիքները։ 2011-2014 թվականներին դժվար կլիներ պատկերացնել, որ օրինակ թեյերի մասին ալիքը կարող է հաջողություն գրանցել։ Բայց այսօր եթե որոնեք, փորձեք թեյերի մասին ինֆորմացիա ստանալ, կգտնեք նման թեմայով տասնյակ ալիքներ։

Հայաստանում, սակայն, պատկերը շատ է տարբերվում աշխարհի թրենդներից։ Հայաստանյան Յություբ տիրույթում դիտում են ժամանց և քաղաքականություն։ Նման տեսանյութերը, որպես կանոն, ունեն շոկային, էմոցիոնալ վերնագրեր, հաճախ պարունակում են չճշտված տեղեկատվություն, պատրաստված են հույզեր առաջացնող պատկերներից կամ էլ հույզեր պարունակող անոնսներից։ Սա արվում է միտումնավոր՝ դիտելիությունը բարձրացնելու համար։

Պարզ ասած՝ դիտում են շոու բիզնեսի ներկայացուցիչների հարցազրույցները, որտեղ նրանք տխրում են ու արտասվում, քաղաքական ապտակներն ու քաշքշոցները։ Սա է պատճառը, որ ես օրինակ տեսանյութեր եմ պատրաստում ոչ հայաստանյան լսարանի համար։ Իմ տեսագրած տեսանյութերը անգլալեզու են։

Աշխարհում հայերեն խոսում են ընդհամենը +-10 միլիոն մարդ։ Սա արդեն իսկ նեղացնում է հայալեզու կոնտենտի սպառման շուկան։ Իսկ նրանք, ովքեր հետևում են, փնտրում են հենց այդ շոկային պատմությունները, քաղաքական ինտրիգները, հայկական սերիալները։

Ինձ համար սա բացատրելի երևույթ է․ Հայաստանում սոցիալական ցանցերը, մասնավորապես Ֆեյսբուքն ու Յություբը, դարձան մասսայական 2018 թվականի իրադարձություններից հետո։ Հեղափոխությունը լայն մասաներին բերեց սոցցանցեր։ Հեռուստատեսությունը չէր բավարարում տեղեկատվությունը ստանալու պահանջը։ Իրադարձություններն այնքան արագ էին զարգանում, որ TV-ին չէր հասցնում դրանք լուսաբանել։ Մարդիկ եկան Ֆեյսբուք ու Յություբ՝ արագ և առաջին դեմքից ինֆորմացիա ստանալու հետևից։

Ցավոք, պետք է ասեմ, որ Հայաստանում մեդիագրագիտության պակասի և ընդհանուր կրթության ցածր ցենզի պատճառով տենդենցը՝ սպառել անորակը, ցածրաճաշակը, հեշտ մարսվողը շարունակվելու է։ Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում համացանցը կիրառվում է որպես նոր գիտելիք ստանալու, տեղեկատվություն ստանալու գործիք։ Դրա մասին են վկայում նման տեսանյութերի դիտումները։ Հայաստանում նման տեսանյութերը կարող է 100 դիտում էլ չհավաքեն։ Սենսացիոն վերնագրերին սովոր, էմոցիոնալ բովանդակությունը դիտող օգտատերերի համար դժվար է սպառել այլ բնույթի կոնտենտ։

Հեռուստատեսությունը, որը մի պահ վերածվել էր ժամանցային բնույթի մեդիայի, կորցրել է նաև այդ լսարանը։ TV-ը, փրայմ թայմը սկսել էր նվիրել հումորային հաղորդումներին, սիթքոմներին, որովհետև կար այդ պահանջը։ Բայց երբ Ֆեյսբուքում ու Յություբում սկսվեց նմանատիպ կոնտենտի տարածումը, հեռուստատեսությունը կորցրեց նաև այս նիշան։ Հիմա վտանգված է նաև հեռուստասերիալների վարկանիշը, որովհետև կան Յություբ ալիքներ, որոնք սերիալներ են նկարում, և կայքեր որոնք ունեն գումարային բաժանորդագրություն։ TV-ին մնացել է սպորտային խաղերի, մասնավորապես ֆուտբոլային խաղերի հեռարձակումը։ Ֆուտբոլասերները սիրում են մեծ էկրաններին դիտել խաղը՝ գարեջրի հետ, սա ավանդույթի է նմանվել ու դեռ պահպանվում է։

Էդուարդ Բաղդասարյան
Բլոգեր, Յություբ առաջխաղացման մասնագետ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *