«Արեւելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության դիտարկում» ծրագրի 2013 թվականի մարտ-մայիս ամիսների արդյունքների համաձայն՝ Հայաստանը թե՛ առանձին բաժինների ինդեքսով, թե՛ ընդհանուր վարկանիշով 6 երկրների շարքում երրորդ տեղում է Վրաստանից եւ Մոլդովայից հետո:
«Այն, որ բոլոր ինդեքսներում Հայաստանը վերջին տարվա ընթացքում առաջընթաց է ապրել, մենք պայմանավորում ենք երկու հիմնական գործոնով. առաջին՝ զրպարտության եւ վիրավորանքի հայցերով դատական գործընթացների հետ կապված՝ վիճակը բարելավվել է, երկրորդ՝ հեռարձակվող լրատվամիջոցները ավելի ընդունելի են աշխատել ընտրությունների ժամանակ, այսինքն՝ այն, որ քաղաքական ուժերը հնարավորություն են ունեցել եթերում իրենց ծրագրերը ներկայացնելու այս վերջին երեք մեծ ընտրությունների ժամանակ, հիմնականում դրական տպավորություն է թողել բոլոր դիտորդների վրա»,- ասում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Ծրագիրն իրականացվում է Արեւելյան գործընկերության բոլոր 6 երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ուկրաինայում եւ Բելառուսում Երեւանի մամուլի ակումբի, «Ինտերնյուս-Ուկրաինայի» եւ Արեւելյան գործընկերության երկրների այլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից:
«Արեւելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության դիտարկում» ծրագրի նպատակն է պաշտպանել խոսքի եւ արտահայտման ազատությունը Արեւելյան գործընկերության երկրներում՝ բարձրացնելով տեղեկացվածությունը տարածաշրջանում գործող լրատվամիջոցների ազատության եւ լրագրողների իրավունքների ոլորտում առկա իրավիճակի մասին:
Ծրագրի շրջանակներում մշակվել է մեթոդաբանություն. յուրաքանչյուր երկրում հետազոտությանը մասնակցած 10-ական մեդիա փորձագետները պատասխանել են 55 չափանիշներից կազմված հարցաշարի՝ գնահատելով լրատվամիջոցների ազատության եւ լրագրողների իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը 0-ից 3 միավորով (0` վատագույն, 3` լավագույն): Հարցերը խմաբավորվել են ըստ 4 բաժինների՝ քաղաքականություն (8 չափանիշ, առավելագույնը՝ 24 միավոր), գործնական կիրառում (37 չափանիշ, առավելագույնը՝ 111 միավոր), հեռարձակող լրատվամիջոցներ (5 չափանիշ, առավելագույնը՝ 15 միավոր), ինտերնետ եւ նոր մեդիա (5 չափանիշ, առավելագույնը՝ 15 միավոր): Բոլոր բաժինների միավորների հանրագումարներով էլ կազմվել է յուրաքանչյուր երկրի լարատվամիջոցների ազատության վարկանիշը:
«Վարկանիշը կազմելու համար մեդիա փորձագետները՝ լրագրողները եւ իրավաբանները, պատասխանել են այնպիսի հարցերի, ինչպիսիք են, օրինակ, «որքանո՞վ է ընդդիմությունը ներկայացված համապետական լրատվամիջոցներում, որքանո՞վ են լրատվամիջոցները ազատ ներկայացնելու պետական պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ հարցեր, երկրում գոյություն ունի՞ արդյոք անկախ հանրային հեռուստատեսություն, որքանո՞վ է երկրում տարածված ճնշումը մասնավոր հեռուստաընկերությունների վրա, արդյոք կա՞ պետական մոնոպոլիա ինտերնետային ծառայությունների մատուցման ոլորոտում» եւ այլն՝ դրանք գնահատելով 0-3 միավորով»,- ասում է Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Միքայել Զոլյանը:
Ծրագիրը իրականացվելու է մոտ 2 տարի, որի ընթացքում ներկայացվելու են եռամսյակային զեկույցներ:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: