2024.01.11,

Քննադատ

Թաթարստան, Հայաստան, Սովետ․ խոսում են տղաները

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Տղաների խոսքը. արյուն ասֆալտին» («Слово пацана. кровь на асфальте») սերիալը այն մշակութային ֆենոմեններից է, որը ոչ մեկին անտարբեր չի թողել։ Բարկացրել է, նյարդայնացրել, ստիպել սիրահարվել հերոսներին, նողկալ հերոսներից, բայց ամեն դեպքում դրդել սեփական մաշկի վրա փորձարկել նկարագրած իրավիճակները։

Սա այն սերիալն է, որն ունակ է ամենից պատկերավոր բացատրել, թե ինչն է այսօր գրգռում հանրային ինքնազգացողության նյարդն ու ինչպես է զանգվածային մշակույթը օգտագործում անցյալի կոդերը։

Ու թեև թվում է, որ այս պատումն ունի սովետական (և ուրեմն, արդեն վերապրած) հենման կետեր, սակայն այն առաջին հերթին վկայում է այսօրվա իրավիճակի մասին։ 1980–ականների վերջի «պերեստրոյկան», այսինքն՝ նախկինը մերժելուց հետո նոր բան կառուցելու տենչն ու ինքնաբուխ ու դատապարտված վերափոխման կյանքն իր բոլոր տգեղ ու վայրագ դրսևորումներով այսօր հնչում է ավելի քան արդիական։

Անգամ Հայաստանում, որն ի տարբերություն սերիալային Թաթարստանի, այլ ճանապարհ է անցել (միացում, պատերազմ, հոսանքազրկումներ, կենցաղային անտանելի բեռ և այլն), քան այն քրեական խմբավորումներն ու աղքատիկ սովետական կյանքը, որը սերիալի հիմքն են։ Ընդ որում՝ վավերագրական հիմք, որը սկզբում որպես գիրք էր տպագրվել, հետո արդեն ադապտացվել սցենարի, որն էլ փայլուն կերպով էկրանավորել է շատ օրիգինալ ռեժիսոր Ժորա Կրիժովնիկովը։

Եթե կարճ ի մի բերենք սերիալի գաղափարը, կստացվի, որ հիմքում դպրոցական տղաներն են, որոնք փնտրում են իմաստ։

Ե՛վ փիլիսոփայական իմաստ, և՛ ամենօրյա գործիք, որը կօգնի պարբերաբար չթալանվել ու չծեծվել իրենց հասակակիցների ձեռամբ։ Դիմակայի՛ր ինչպես կարող ես․ սա է իրենց առջև կանգնած պահանջը։

Հորմոնները խաղում են, սովետական գաղափարախոսությունը փշրվում, կապիտալիզմի սաղմերը ալեկոծում սրտերը, և ուրեմն հարկավոր են ուղենիշներ։ Եվ քրեական կամ պացանական ուղենիշային կոդեքսը դառնում է գրեթե աստվածային նվեր։

Հայերենով «պացանը» երևի ճիշտ կլինի թարգմանել «ախպեր», քանի որ այն ոչ թե սեռի, այլ եղբայրության մասին է, որը կայանում է համատեղ թափվող արյամբ։

Եվ այդ ախպեր-տղաները կազմում են ոհմակներ ու կիսում իրենց ազդեցության գոտիները: Զգում են իրենց պետքական՝ գտնելով քիչ թե շատ գործուն ճշմարտություն։

Խառը ժամանակներում ախպերության գաղափարը փրկում է։ Հետո իհարկե, կործանում, բայց սկզբում թվում է միակ ելքը, եթե ուզում ես քաղցած չմնալ, չստորացվել ու չծեծվել կամ էլ տատիկիդ պետք է նոր արդուկ, իսկ մայրիկիդ՝ նոր գլխարկ։

Քրեական ռոմանտիզմ

Սերիալում ռոմանտիզմը շատ է։

Ջարդվում են տղաների ծնոտները, ճաքում գանգերը, արյան հետ ասֆայտին են թափվում ու խառնվում կեղտոտ ձյան հետ ատամների կտորները (սերիալում միշտ ձմեռային եղանակ է), անհրապույր բազմահարկերի մուտքերում մռայլ է, ինչպես կեղծիք դարձած դպրոցական պիոներական հավաքներում, որտեղ խոսում են մի բան, մտածում բոլորովին այլ բան, իսկ գործում են լրիվ հակառակ տրամաբանությամբ։

Եվ այս պայմաններում փողոցային էթիկան դառնում է փրկօղակ։ Անգամ՝ էսթետիկական լուծում։

Ոչինչ, որ քեզ մի քանի անգամ կծեծեն ու կստիպեն ուրիշին ծեծել կամ ստորացնել, պիտի ընդունես դա որպես մկրտության ծես, որն անցնելով կմիանաս պացանների ճշտին ու կստանաս պաշտպանություն:

Իսկ ջարդված ծնոտներն ու ճեղքված կողերը փրկագինն են՝ ոհմակում յուրային դառնալու համար: Մի խոսքով՝ այդպես կյանքումդ կհայտնվի իմաստ։

Քրեական հարաբերությունների ռոմանտիկացումը լավ ծանոթ է մեզ նաև մեր սերիալներից։ Համենայնդեպս, առաջին փորձերը, որոնք եղան 1990-ակններին մեր հեռուստաեթերում, հենց «գողական» ենթամշակույթն էին դարձնում համակրելի ու հաճախ նաև՝ միակ տարածքը, որտեղ մարդիկ կարող են գտնել արդարություն։

Հայկական սերիալներում ճշտի կրողները տարիքով ու հստակ քրեական (իբրև թե ժողովրդական) բառապաշարով արտահայտվող տղամարդիկ էին, որոնք հարցեր լուծողներ էին ու դրամատիկական բախումը հանգուցալուծողներ (ոչ միայն արդուկի, գլխարկի, ընկերոջ կամ կնոջ դավաճանության, այլ ավելի լուրջ հարցեր էին լուծում)։

Նրանց մոտ դա ստացվում էր՝ ի տարբերություն պետական մարմինների, որոնք մեր սերիալներում մեծամասամբ ընդամենը ծաղրի առարկա էին կամ էլ  խեղճ ու թույլ օղակ։

Պետությունը անտեսող քրեական հեղինակությունն էր իշխանության կրողը, պատժողը, բայցև միաժամանակ սիրող ծնողի պես իր խմբի անդամների մասին հոգ տանողը։ Մի խոսքով՝ ճշտի պահապանը։ Գրեթե կրոնական դավանանքի պես։ Կամ մաֆիայի։

Առաջին հայկական սերիալներում ճշտի կրողները չէին կարող լինել դպրոցում, ոստիկանությունում կամ սոցիալական առաքելություն ունեցող այլ ոլորտներում։ Նրանք անպայման պետք է լինեին վեր պետությունից, որ իրենց մոտ եկողը զգար հարգանք, ստանար իրական օգնություն և ընդհանրապես ծանոթանար բարոյական արժեքներին։

Արդյունքում՝ սերիալ արտադրող մեդիա հոլդինգների թելադրանքով՝ հայաստանցի հանդիսատեսը ընդունում էր, որ բոցավառ ու ալեհեր քրեական հեղինակությունները ուժ են ու թերևս՝ միակ ուժը։

«Տղաների խոսքը» հենվում է ոչ թե հիերարխիկ ուժային բուրգերի վերին ներկայացուցիչների վրա, այլ 13-14 տարեկանների՝ առաջարկելով այլ տեսակետից նայել ողջ ռոմանտիկայի ու արդարության որոնումներին:

Այս սերիալի կառուցվածքի խայծը հենց սա է՝ չկան մեծահասակներ ու պատկառելիներ, որոնք առաջարկելու բան ունեն տղաներին։

Իհարկե, ոստիկանները, հատուկ ծառայության սպաներն ու անգամ համակրելի ու բարեսիրտ ոստիկանուհին հաշիվ չեն, քանի որ նրանք բոլորն էլ մոլորված վիճակում են։ Կորցրել են նախկին ազդեցությունը, իսկ նոր ազդեցության գոտիներ դեռ չեն ձևավորել։

Դեռ ամեն ինչ առջևում է նաև կոմսոմոլային ճարտախոսների մոտ, որոնք հեղհեղուկ սովետական գաղափարախոսության հովանու ներքո բիզնես են անում՝ ջինսեր եփում ու բացում այսպես կոչված «ցեխեր»։

«Տղաների խոսքը» սերիալը պատմում է սովետական կյանքի վերջին տարիների մասին, իսկ ավելի երիտասարդ սերունդների համար դա հայտնություն է։ Եվ հատկապես հետսովետական ճամբարի բնակիչներին առաջարկում է հասկանալ, թե որտեղ է ուժն ու ինչու է այդ ուժը փողոցում ձևավորվելով՝ դառնում պետական կառավարման մոդել։

Ինչպես կհարցներ հայտնի ռուսական «Брат» ֆիլմի հերոսը՝ որտե՞ղ է ուժը, եղբայր․․․

Պատահական չէ, որ սերիալը ուղիղ երկխոսության մեջ է մտնում՝ իր լեզվով նաև։ Փողոցում մի քանի տասնամյակ առաջ խոսում էին այնպես, ինչպես պետական պաշտոնյաները խոսում են բարձր ամբիոններից այսօր։

Պացանների բառապաշարն արդեն առանց ռոմանտիկայի դարձավ պետական խոսելաոճ Ռուսաստանում։ Դարձավ ուժի նշան։

Ի՞նչ է դուր գալիս երիտասարդ հայաստանցիներին, որոնք երբեք Սովետ չեն տեսել

Պարզությունը։ Այդպես են ասում նրանք, ովքեր դեռևս ընտրելու իրավունք չեն ստացել, բայց հեշտ ու հաճույքով նավարկում են ինֆորմացիոն օվկիանոսում՝ պեղելով անցյալի երաժշտակյան հիթերը, վինտաժային հագուկապն ու իրենց պապերի անցած ճանապարհի կադրերը։

Ամեն ինչ շատ պարզ է սերիալում։ Եթե մեզ հետ չես, ուրեմն մերժված ես։ Եվ դա հետաքրքիր է նույնքան, որքան «Սեդայա նոչ» երգի քաղցր ու զրնգուն մեղեդին ու կատարողական պարզունակ, հասանելի մաներան։

Ռետրոն մոդայիկ է։ Առավել ևս երբ այն հանրամատչելի է: Հատկապես Հայաստանում և հատկապես երիտասարդների համար։

1990–ականների երաժշտական ֆոնը «Տղաների խոսքը» սերիալում շատ լավն է, այնտեղ կա գրեթե ամեն ինչ, ինչ հնչել է այդ տարիներին։ Եվ որպես բոնուս ներառված է «Պըյալա» (Ապակի) թաթարերեն հիթը, որը հայտվում է առավել լարված պահերին որպես ինքնության ու ահազանգի սիմվոլ։

Ի դեպ՝ երգի հեղինակների անունները ենթագրերում չկան, նրանք ոչ ցանկալի անձինք են այսօր Ռուսաստանում։ Եվ դա նույնպես սիմվոլիկ է։ Կա մարդ, հետո չկա մարդ։ Ինչու՞ չկա։ Դա արդեն մեր գործը չէ։ Պացանները չեն բացատրում․․․

Պարզ ճշմարտությունները սերիալում աշխատում են փայլուն։ Դրանք կոդեր են, որոնցով արդարացվում է ցանկացած բռնություն, այդ թվում պատերազմ կամ սպանություն։ Եվ դրանք մեր օրերի կոդերն են։

Մի քանի մեջբերում պացանների կոդեքսից․

  • Պացանները ներողություն չեն խնդրում։ Երբեք։ Նրանք միայն պնդում են իրենց ճիշտը։
  • Հիշիր, հիմա դու պացան ես, իսկ շուրջդ բոլորը թշնամիներ են։
  •  Բայց կա ավելի բարձր ճշմարտություն, քան պացաններինը։ Ոչ չկա։

Այդ բոլոր հստակ ու ապակու պես թափանցիկ մտքերը ընկնում են բերրի հողի մեջ։ Դեռահասները դիմակայում են նաև այսօր ու որոնում են միավորումներ, որտեղ իրենք ճիշտ են, իսկ բոլորը սխալ։ Այդպես հեշտ է։

Եվ եթե գտնվի մեկը, որն իրենց կասի՝ դու ճիշտ ես միշտ, եթե մեզ հետ ես, ուրեմն վերջ, կարող է անել տղաների հետ ինչ ուզի՝ հանուն ախպերական արժեքների ու հայրենասիրության քողի տակ։ Այսպիսի պարզ մոդել։

Ոչ մի ժամանակներում էլ բարդ գոյաբանական հարցերը չեն կարող ստանալ պարզ պատասխաններ։ Եվ հանցագործության ու ախպերական կոդեքսի եզրագիծը երբեմն այնքան անտեսանելի է, որ պարզապես չի երևում։

Օրինակ, եթե գիտես, որ բռնաբարողը պետք է պատժվի, ուրեմն պիտի դառնաս մարդասպան ու որպես տրամաբանական ավարտ՝ ինքդ էլ սպանվես։ Զոհես քեզ հանուն արդարության։ Սա է փողոցային ախպերության ռոմանտիկացումը։ Այս սերիալում բոլոր տղաները հանգիստ կարող են դառնալ մարդասպան (եվ դառնում են), բայց քրեական-փողոցային կանոններին հակառակվել չեն կարող։ Ինչպես չեն կարող նաև լինել միայնակ, առանց խմբի դրոշմի։

Եվ դա ներքուստ զգում են երևի բոլոր տղաները, այդ թվում 21-րդ դարում ծնված դպրոցահասակ հայաստանցիները։

Իշխանության գործոնը

Հետաքրքիր է, որ այս սերիալում չկա ոչ մի հերոս, որը համարձակվում է ինքնակամ դուրս գալ խմբից։ Եթե դուրս է մնում, ապա նրան ուտում են։ Թքում վրան, ծեծում ու ճակատին դակում նորաթուխ «չուշպան» (անհաջողակ) բառը։

Մեծ հաշվով՝ տղաները վախենում են, որ իրենց կուտեն, եթե լինեն միայնակ։ Լինեն անհատ։ Լինեն անկախ։

Դա է ուղերձը, որը դրված է այս նորագույն ու շատ տաղանդավոր կառուցված ռուսական սերիալում։ Վախեցիր լինել միայնակ ու ինքնաբավ․ դաջված է բոլոր հերոսների ենթագիտակցության մեջ։ Հակառակ դեպքում՝ կդառնաս մերժված «չուշպան», որին կստորացնեն բոլորը։

Քրեական մշակույթում կան հստակ հիերարխիական աստիճաններ, բոլորը ենթարկվում են վերադասին ու լավ գիտեն իրենց տեղը (ինչպես ցանկացած ավտորիտար պետական համակարգում)։ Եվ ուրեմն ցանկացած տղա՝ մուտք գործելով հասուն կյանք, պետք է իմանա իր տեղը։

Այստեղ նորագույն Ռուսաստանը ջերմ բարևում է սովետական Թաթարստանի անունից ու ողջունում նաև Հայաստանի տղաներին։

Միայնակ, այսինքն՝ ինքնաբավ անհատ չես կարող լինել ոչ մի հանգամանքներում և ուրեմն ընտրիր քո խմբավորումը, մտիր նրա մեջ ու խաղա այդ կանոններով՝ հույսով, որ քեզ խմբից չեն վտարի, եթե հանկարծ ընդվզես ու որոշես ինքնուրույն քայլ անել (ասենք, եթե համարձակվես սիրահարվել ոչ կույս, այսինքն, փչացած աղջկան)։

Իսկ որտե՞ղ է ուժը, եղբայր։ Այնտեղ, որտեղ ունես բռնություն գործադրելու իշխանություն։

Քրեական խմբավորումները կարելի է հաղթել միայն մեկ ճանապարհով, երբ ինքդ ես սկսում դրանք ղեկավարել ու օգտագործել սեփական նպատակների համար։

Նաև Հայաստանի օրինակն է փաստում, որ «տղայական» խմբերը, որոնք կառուցվել են կլանային ճշտի ու բարոյախոսական խաղի կանոններով, այն զենքն են, որը խաղաղ կարող է տեղափոխվել պետական համակարգ ու կատարել իր դերը՝ թեև որոշակի ստվերային դիրքերից, բայց ոչ պակաս արդյունավետ։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *