Ամանորյա հանգստյան օրերը արդյունավետ անցկացնելու լավագույն միջոցներից մեկը ընթերցանությունն է։ Հատկապես, եթե ունեք մասնագիտական նոր գիտելիքներ ստանալու կամ պարզապես ոգեշնչվելու կարիք, այս գրքերը հենց ձեզ համար են։
Ներկայացնում ենք վեց գիրք՝ լրագրողների, լրագրության և բանակցային հմտությունների մասին։
ՆԵԼԼԻ ԲԼԱՅ «Մասնագիտությունը՝ թղթակից. Տասը օր գժանոցում»
Գիրքը հետաքննական լրագրության հիմնադիր Էլիզաբեթ Ջեյն Կոքրանի լավագույն հոդվածների հավաքածուն է, ով առավել հայտնի է Նելլի Բլայ կեղծանվամբ։ Հոդվածները տպագրվել են ամերիկյան տարբեր հրատարակություններում 1887-1915 թվականներին և դարձել ամերիկյան լրագրության դասականներից: Իր լրագրողական կարիերայի 28 տարիների ընթացքում Նելլի Բլային հաջողվել է բացահայտել մի շարք կեղծարարների, մանիպուլյատորների և խոսել երեխաների թրաֆիքինգի մասին:
Բլայի ամենահայտնի հոդվածը արժանի է հատուկ ուշադրության՝ հաշվետվություն հոգեբուժարանի մասին, հանուն որի նա դարձավ հոգեբուժարանի բուժառուներից մեկը։ Նրա հոդվածից հետո հոգեկան առողջության խնդիր ունեցողների բուժման և խնամքի կենտրոններում սկսվեցին մեծ բարեփոխումներ ամբողջ Ամերիկայում.
Գիրքը գրված է դեդեկտիվ պատմությունների ժանրում։ Բացի դրանից, կարդալով այն, դուք կիմանաք հետաքննական լրագրության ծագման և այս ժանրի հիմնադիր Նելլի Բլայի մասին։
ՆՈՐԱ ԳԱԼ «Կենդանի և մեռած խոսքը»
Նորա Գալը խորհրդային տարիների թարգմանիչ է, ով հայտնի է դարձել Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Քամյուի «Օտարը» և Հարփեր Լիի «Սպանել ծաղրող թռչունին» գրքերի ռուսերեն թարգմանությամբ։
Իր՝ «Կենդանի և մեռած խոսքում» գրքում, հեղինակն ամփոփել է տեքստերի հետ երկար տարիների աշխատանքը։ Նա մանրակրկիտ բացատրում է բառերի ընտրության կարևորության, բառախաղերի, տեքստերը հարստացնելու իր փորձի մասին, ինչպես նաև այլ հեղինակների և խմբագիրների թույլ տված սխալների մասին, որոնք փչացրել կամ քիչ տպավորիչ են դարձրել տեքստը։
ՈՒԻԼՅԱՄ ԶԻՆՍԵՐ «Ինչպես լավ գրել: Ոչ գեղարվեստական գրելու դասական ուղեցույց»
Տեքստի հետ աշխատելու նրբությունների մասին է խոսվում նաև այս գրքում։ Միտքը պարզեցնելու, ծանր արտահայտություններից հրաժարվելու, անհարկի կրկնություններով նախադասությունը չծանրաբերելու մասին է գրել լրագրող Ուիլյամ Զինսերը:
Այն ավելի շատ նման է ուղեցույցի, որտեղ օրինակների հիման վրա բացատրվում է, թե ինչպես կառուցել միտքը, ինչ բառեր կիրառել և ինչու։
ԼԱՐԻ ՔԻՆԳ «Ինչպես խոսել որևէ մեկի հետ, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում»
Այս գիրքը հաղորդակցման հմտությունների մասին է։ Հմտություն, որը օդ ու ջրի պես պետք է լրագրողներին, հատկապես հարցազրուցավարներին։
Գրքում աշխարհահռչակ հեռուստատեսային և ռադիոհաղորդավար Լարի Քինգը կիսվում է գործնական խորհուրդներով, թե ինչպես կարելի է վստահություն ձեռք բերել և ազատվել արգելքներից ցանկացած իրավիճակում, զրուցել պարզապես անծանոթների հետ։ Նա առաջարկում է անգամ թեմաներ, թե ինչից կարելի է խոսել ծանոթության սկզբում, ինչպես թեման զարգացնել ու ստանալ այն, ինչ ուզում եք՝ օրինակ պայմանավորվել հարցազրույց անցկացնելու մասին։
ՋԻՄ ՔԵՄՓ, ՋԵՐԵՄԻ ՔԵՄՓ «Նախ ասա ոչ. պրոֆեսիոնալ բանակցողների գաղտնիքները»
Թեև այս գիրքը լրագրության կամ լրագրողների մասին չէ, բայց այն գտածո է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են դիվանագիտորեն հաղորդակցվել, ձեռք բերել համոզելու կարողություն։
Այս գիրքը բանակցողներին սովորեցնում է, թե ինչպես մանիպուլացնել ու ներկայացնել միայն այն, ինչ ուզում ես, ինչպես թաքցնել այն, ինչ կվնասի քեզ և ընդգծել այն, ինչ կներկայացնի քո դրական կողմերը։ Լրագրողները, իմանալով այս գաղտնիքների մասին, ավելի քիչ խոցելի կդառնան, նրանց ավելի դժվար կլինի խաբել ու մոլորեցնել։
ԷՆԻ ՓՐՈՒ «Նավարկային լուրեր»
Գիրքը պատմում է քաղաքային կյանքից գյուղական կյանք վերադարձած լրագրողի մասին։ Նյու Յորքում իր տեղը չգտած լրագրողը վերադառնում է Նյուֆաունդլենդ, որտեղ ստիպված է լինում աշխատել տեղական փոքրիկ թերթում, գրել դժբախտ պատահարների և խորտակված նավակների մասին։ Բացի անձնական հետաքրքիր սյուժեի ու հոգեբանական աճի մասին, գրքում պատմվում է վերնագրերի արվեստի և փողոցային ռեպորտաժների պատրաստման լայֆհաքերի մասին։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: