2023.11.30,

Տեսակետ

«Տրավմայից հետո մենք չենք կարող նույն մակարդակում մնալով վերականգնվել, պետք է անձնային և հանրային աճ ունենալ»

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Վերջին տարիներին մեր կյանքում արհավիրքներն ոչ թե ավարտվում են, այլ անընդհատ նոր տեսք, նոր բովանդակություն ստացած կրկնվում են: Մեդիան էլ դառնում է ավելի ու ավելի մաժորային և երբեմն մեդիայից, լրահոսից, ինֆորմացիայից փախչելու կամ այն բլոկ անելու ցանկություն է առաջանում: Հոգեբան Սոնա Մանուսյանի հետ այս ամենի բացատրության ու պատճառահետևանքային կապի մասին ենք զրուցել:  

Շատ երկակի իրավիճակ է, մի կողմից թվում է, որ մեդիան բավականին բարդ ու ծանր աշխատանք է կատարում, որ հասարակությունը տեղեկացված լինի, իրականության կրողը լինի, բայց մյուս կողմից հենց ինքն էլ խժռում է մարդու ապրելու ցանկությունը, մոտիվացիան։ Ի՞նչ անել, ի՞նչպես դիմանալ այս ամենին։  

Պետք է հասկանալ, որ մեդիան մեր կյանքի անբաժան մի մասն է։ Իհարկե, մարդը կարող է  ընտրողական մոտեցում ցուցաբերել, փորձել  անընդհատ չտրվել լրատվական հոսքերին, բայց միևնույն է, սա խնդիրն ամբողջությամբ չի լուծելու։ Ինֆորմացիոն բացասական հոսքերն ամենուր են, աշխարհն էլ բացասական լուրերի պակաս չունի և միայն ականջներն ու աչքերը փակելը դեռ բավարար չէ։ Այս ամենից զատ մարդը պետք է փորձի ավելի տոկուն դառնալ։ Տոկուն լինելու համար կարևոր է, որ մենք փորձենք դժվար իրավիճակներին արձագանքել մեր ուժեղ կողմերով։ Փորձենք հասկանալ, թե  լուրերը կարդալուց և վատ զգալուց բացի, ի՞նչ կարող ենք անել, ինչպե՞ս կարող ենք ավելի օգտակար լինել, ինչի՞ շնորհիվ մեզ ավելի լավ կարող ենք զգալ։ Այսինքն շատ կարևոր է, որ մեդիայից դուրս մարդը կարողանա տեսնել իր ռեսուրսները, ուժեղ կողմերը, կյանքի դրական երևույթները և դրանք, որպես հենակետ ունենալով, կարդա այդ լուրերը։ Այս ամենի արդյունքում նա կդառնա ավելի մեդիատոկուն։ 

Դուք խոսեցիք մեդիատոկունության մասին, իսկ ի՞նչ է դա։  

Մեդիատոկունությունն առանձին ինչ-որ երևույթ չէ, այլ մարդու ընդհանուր տոկունությունն է, ճկունությունն է, որը պետք է դրսևորվի նաև մեդիան սպառելիս: Մեդիատոկունության գաղափարն իմ կարծիքով այն է, որ դու ոչ թե պատ ես շարում և բացառում կամ հրաժարվում ես մեդիայից եկող ինֆորմացիայից, այլ ավելի ճկուն ես դառնում այդ եկած բացասական հոսքերին դիմակայելու համար։ Այդ ընդհանուր տոկունթյունը պետք է օգնի, որ մենք մեդիան ավելի հանգիստ սպառենք, ավելի չափավոր ու գիտակցված սպառենք, այդ դեպքում մեդիայի ազդեցությունն այդքան ուժեղ և կործանարար չի լինի: 

Պատերազմական, հետպատերազմական մեր իրականության մեջ, այսօր էլ մեր երկրում առկա անվտանգային խնդրի դեպքում ևս մենք այդ տոկունության կարիքը շատ ունենք։ 

Մենք չենք կարող պարզապես ապաքինվել արդեն եղած հարվածներից, հարվածները շարունակական են, ուրեմն պետք է ավելի երկարաժամկետ օգտակար և կիրառելի հատկանիշներ ու որակներ կարողանանք ձևավորել մեր մեջ, որի միջոցով էլ կդիմակայենք:  

Ես մեդիան միշտ համեմատում եմ մեր կեղտոտված էկոլոգիայի հետ: Բոլորս հասկանում ենք, որ շնչում ենք շատ աղտոտված օդ, բայց նաև հասկանում ենք, որ չշնչել էլ չենք կարող: Նույն մեխանիզմն աշխատում է մեդիայի դեպքում: 

Պատերազմական կամ հարպատերազմական իրադարձությունների համատեքստում մեդիան շատ կոնկրետ կերպով մասնակցում է երկրորդային տրավմատիզացմանը։ 

Այսօր մենք անընդհատ կարդում ենք, տեսնում ենք կադրեր աշխարհի տարբեր ծայրերում ընթացող պատերազմների մասին: Այս լուրերը մարդու աշխարհընկալումը, արդարության վերաբերյալ նրա բազային պատկերացումները, նրա իմացած ճշմարտությունները կասկածի տակ են դնում։ Եվ եթե մեդիան միայն այդ լուրերն է տալիս, որևէ այլընտրանք չի առաջարկում, օպտիմիզմի կետ չի մնում մարդու համար։ 

Ինչպե՞ս է մեդիան մասնակցում այդ տրավմատիզացման գործընթացին ու ի՞նչ ազդեցություն է թողնում հասարակության վրա: 

Մեդիան երկու տարբեր կերպ կարող է ազդել մարդու վրա: Առաջինը ուղիղ նեգատիվ ազդեցությունն է, երբ կոնտենտը և այն մատուցելու ձևն առաջացնում է վախի, անկարողության զգացողություն, կաշկանդում է մարդուն, դարձնում ավելի դեպրեսիվ։ Երկրորդ և ավելի վտանգավոր ազդեցությունն էլ հասարակությանը ապատիայի հասցնելն է:  

Մեր օրգանիզմն ունի պաշտպանական մեխանիզմներ և երբ նա հասկանում է, որ այլևս չի կարողանում այդ բացասական էմոցիաների հետ հարաբերվել, այդ պաշտպանական մեխանիզմները սկսում են բնազդաբար աշխատել և մարդը կարծես անջատում է իրեն: Երբ մենք մարդուն անընդհատ նույն բացասական ցիկլի մեջ ենք պահում, նա կորցնում է իր զգայունակությունը: Եվ մտահոգիչն այն է, որ այդ ամենը դառնում է նրա համար սովորական: Նա իրեն կտրում է, նույնիսկ անմիջականորեն իրեն վերաբերող ամենամոտ իրականությունից: Սա մեդիան պետք է շատ լավ գիտակցի:  

Հիմա մենք այդ կետո՞ւմ ենք գտնվում:  

Ինձ թվում է, որ մոտենում ենք այդ կետին ու դա շատ վտագավոր է, որովհետև մարդն անընդհատ չի կարող բացասական ինֆորմացիա սպառել։ Այս ամենի արդյունքում ինչ- որ մի պահից սկսած մեդիան այլևս որևէ կերպ չի կարողանալու ազդել մարդու վրա, նրա խոսքն այլևս ուժ չի ունենալու, մեդիայի հարթակն այլևս անկարող ու անօգտակար է լինելու։ Մենք այս ճանապարհով ենք գնում, եթե մեդիան նորից չվերահաստատի իր կապը ընթերցողի, մեդիասպառողի հետ։ 

Այդ ընդհատված կապը վերահաստատելու համար ի՞նչ է պետք: 

Մեդիան այսօր պետք է դիալոգի մեջ լինի իր ընթերցողի հետ, ոչ թե մոնոլոգի: Մեդիայի դերն աշխարհում կատարվող բոլոր արհավիրքների մասին մարդուն տեղեկացնելը չէ: Տարբեր ճգնաժամային իրավիճակներում միայն մահերի ստատիստիկան ներկայացնելը չէ: Ամենացավալին էլ այն է,որ այս ինֆորմացիան մեդիասպառողին տրվում է կտոր-կտոր, փոքր լուրերի տեսքով: Այն մեկ ամբողջական նյութ է, բայց մարդը ստանում է տասը փոքր լուրի տեսքով: Նա անընդհատ սքրոլ է անում ու անընդհատ այդ նույն թեման է տեսնում:  

Գուցե, մեդիայի տեսանկյունից այդպես ավելի ընթեռնելի է, բայց պետք է հասկանալ, որքան լուրը մասերի ենք բաժանում, որքան ֆրագմենտացնում ենք, այդքան անգամ մեծացնում ենք դրա պոտենցիալ ազդեցության հավանականությունը: 

Արդյո՞ք, մեդիաֆրեյմինգի միջոցով, մենք առաջին պլան ենք բերում միայն բացասականը և դրանով իսկ էլ ավելի բացասական դարձնում մեդիայի ազդեցությունը մարդու վրա: 

Վերջերս մի հետազոտության համար, մենք տելեգրամյան ալիքների փոքրիկ ուսումնասիրություն էինք անում, թե մեդիան ի՞նչ թեմաներով է գրում, ի՞նչ զգայունություններ կան և հասկացանք, որ իրականում շատ թեմաներ կան, որոնք շատ քիչ են լուսաբանվում: Լրատվականներն ավելի հաճախ լուսաբանել էին բոլորիս հուզող մի շարք թեմաներ, օրինակ՝ Արցախի թեման, Հայաստանի անվտանգային խնդիրները, շատ ակնհայտ էր Ռուսաստանից նեղացվածության նոտան, տեղ-տեղ դիստանցվելու ձգտումը, միջազգային հարթակներում միջազգային խաղացողների հետ Հայաստանի հարաբերություններ կառուցելու ձգտումը և այլն։ Բայց լրիվ ստվերում էին մնացել օրինակ այն թեմաները, որոնք բոլորիս առօրյայի մասն են կազմում։ 

Շատ քիչ էին օրինակ սոցիալական, կրթական, մշակութային թեմաներով նյութերը: Բայց, չէ՞ որ այս թեմաները կան, դրանք մեր օրվա մասն են կազմում, երբ մենք հանում ենք դրանք մեդիայից, ստացվում է, որ մենք միակողմանի պատկեր ենք ստեղծում ու դա պարտադրում ենք մեդիասպառողին։   

Հասկանալի է, որ անվտանգության հարցն այս պահին մեզ համար չափազանց կարևոր է: Դա մեր բազային պահանջմունքն է։ Բայց մեդիայի ընտրությունն է, ինքն ուզու՞մ է  մարդուն պահել միայն այդ բազային պահանջմունքի, գոյապահպանման մակարդակում, թե իր վրա է վերցնում նրան զարգացնելու և զորեղացնելու դերը։ Եթե մեդիան ընտրում է  երկրորդ տարբերակը, ապա մարդը մեդիայի միջոցով մտածելու, հասկանալու, զարգանալու, երազելու հնարավորություն պետք է ունենա։ Սա պետք է դառնա մեդիայի մի մասը։ Հակառակ դեպքում նա չի կարողանալու այդ բազային մակարդակից վերև բարձրանալ: 

Ստացվում է, որ մեդիան այսօր շրջանակում է մարդու իրականությունը: Խոսում է միայն խնդիրների ու վախերի մասին, բայց դրան զուգահեռ ձգտումների ու հավակնությունների մասին պատմությունները շատ քիչ են, մարգինալ ներկայացվածություն ունեն։    

Մեդիան պատճառի և հետևանքի արանքում միջանկյալ օղակ է։ Ճիշտ է, մեդիան չի ստեղծում կամ հորինում իրականությունը, բայց նրա ներկայացման ձևից է կախված, թե մարդու մոտ իրականության ինչ պատկեր կձևավորվի։ Մեդիան է ֆիլտրում, մեդիան է որոշում ի՞նչը հանել մեդիօրակարգից և ի՞նչը թողնել։ Եվ հենց սրանից է կախված իրականության պատկերումը։  

Ի՞նչ կարող է անել այդ միջանկյալ օղակը, որ և՛ օբյեկտիվ իրականությունն ավելի լավը դառնա և՛ մեդիան այնքան բացասաբար չազդի հասարակության վրա ինչպես այսօր է:  

Լավ կլինի, որ մեդիայում հոգեկրթությանը վերաբերող նյութերն ավելի շատ լինեն, մենք պետք է կարողանանք մեդիայի միջոցով մարդուն օգնել, որ զարգանա, հոգեբանական առումով դառնա ավելի գրագետ ու գիտակից։ Այնպիսի նյութեր են անհրաժեշտ, որոնք կբարձրացնեն մարդու ինքնաճանաչման մակարդակը, կօգնեն ավելի լավ ճանաչել սեփական ռեսուրսները, դժվարություններին դիմակայելու սեփական հնարավորությունները։ Այս ամենը  մեդիան միայնակ չի կարող անել, ակտիվ համագործակցություն է անհարժեշտ մասնագետների հետ, նաև նախաձեռնություններ են անհրաժեշտ մասնագիտական համայնքի կողմից։ Այս ամենը կօգնի, որ մարդն ավելի մեդիատոկուն դառնա։  

Տրավմայից հետո մենք չենք կարող նույն մակարդակում մնալով վերականգնվել, պետք է անձնային և հանրային աճ ունենալ։ Դու չես կարող հետ գալ հին վիճակին, որվհետև հին կյանքն այլևս չկա, բայց միևնույն ժամանակ մարդը չի կարող հոգեկան ամայության մեջ ապրել, նա պետք է կյանքի վերաժևորման գիտակցման գա։   

Բացի հոգեկրթությանը վերաբերող նյութերի ծավալը մեծացնելուց, իր ամենօրյա աշխատանքի մեջ, լրահոսի մեջ անգամ, մեդիա՞ն ինչպես կարող է զորեղացնել մարդուն: 

Լուրն ի՞նչ է այսօր մեր իրականության մեջ, այն պարզապես ինֆորմացիա չէ: Այն ինչ որ գործողություն է ընթերցողի, դիտողի, արդեն իսկ փլվող, քանդվող իրականության մեջ և հենց այստեղ է, որ շատ կարևոր են տոկունության պատմությունները։ 

Լրագրողն այս դեպքում պետք է իրեն հարց տա, արդյո՞ք ուզում է, որ իր ընթերցողն ավելի քանդվի, իսկ եթե ուզում է, ապա ինչու՞, գուցե նրանից է, որ ինքն էլ է կիսաքանդ։ 

Կոնտենտ ստեղծողը պետք է հիշի, որ իրականության կառուցողը նաև ինքն է: Այո՛, իրականությունը, որը լրագրողը ներկայացնում է, օբյեկտիվորեն վատն է, բայց նաև հենց լրագրողն է ընտրում, թե դա ինչպես ու ի՞նչ բառերով ներկայացնի: Նույն անվտանգային թեման կարելի այնպես ներկայացնել, որ դրանով էլ ավելի սրվեն այդ խնդիրները, օրինակ մարդկանց մոտ արմատավորվի անկարողության զգացումը, հուսահատությունը, հուսալքությունը:   

Արցախից տեղահանված մարդուն կարելի է ներկայացնել զոհի կերպարով և կարելի է ներկայացնել վերապրողի կերպարով: Ցույց տալ բոլոր դժվարությունները, այն արհավիրքը, որի միջով նա անցել է, բայց նաև շեշտը դնել նրա կամքի, տոկունության ու այսօր առաջ քայլ կատարելու վրա: 

Եթե վերապրողի պատմություն ենք պատմում դա դառնում է զորեղացման պատմություն: 

Իմ կարծիքով, կոնտենտ ստեղծելուց առաջ լրագրողը պետք է հասկանա, թե այդ պատմությունն ի՞նչ ավելի մեծ պատմության մաս է դառնում, ի՞նչ ավելի մեծ նարատիվի մաս է դառնում։  

Պետք է հասկանալ մարդը մեդիայում ի՞նչ է փնտրում. ինչ-որ հետաքրքրություն, կյանքի իմաստ ու առաջ շարժվելու ուժ և մոտիվացիա է փնտրում։ Սա մեդիան չպետք է մոռանա: 

Հարցազրույցը՝ Մարիաննա Դանիելյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *