2013.07.22,

Նյուսրում

Փնտրվում է ընթերցող

Մամուլի գոյությունը կազմակերպված համայնքի առաջին ազդակներից է: Սփյուռքում հրատարակվող թերթերի գործունեության ակտիվությունից, օրինակ, կարելի է ենթադրել, թե հայերը երբ են ներգաղթել տվյալ երկիր, ինչ խնդիրներ ու ձեռքբերումներ ունեն:

Հարավային Կալիֆորնիայում առաջին հայալեզու թերթը տպագրվել է 1908 թվականին Ֆրեզնոյում՝ շրջանի հայաշատ գաղութում: Թերթը հետեւում էր իր ընթերցողների ժողովրդագրությանն ու տեղաշարժին, ուղեկցում ու ամրապնդում համայնքերը: Հարավային Կալիֆորնիայում հայալեզու թերթերը այժմ կենտրոնացած են Լոս Անջելեսում՝ առավելապես Գլենդեյլ քաղաքում:

Հայալեզու թերթերի հիմնական ընթերցողները մեծահասակներն են: Այն, ինչը գրում եւ խոստանում են տեղական թերթերը, երիտասարդությանը չի հետաքրքրում: Լավագույն դեպքում նրանք ընտրում են համացանցը:

Ի վերջո, Լոս Անջելեսյան հայալեզու թերթերի հիմնական նյութերը արտատպված են հայաստանյան կայքերից: Տեղական լրատվության պակասն է, որ դառնում է խնդիր ու որոշում թերթերի որակը: Մամուլն այստեղ պարզապես փաստում է Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայությունը: Այն չի փոխանցում երիտասարդների հետաքրքրությունները, կարծիքները, սփյուռքի մտածողության պաշարը, չի ապահովում հայրենիքի հետ երկխոսությունը:

Հարավային Կալիֆորնիայում հայ համայնքը ներկա է ութ հայալեզու թերթով: Համեմատության համար նշենք, որ տեղի արաբալեզու բնակչության թիվն, օրինակ, անցնում է երեք միլիոնը, սակայն տոկոսային հարաբերությամբ մեր կես միլիոն հայության տպագիր մամուլի քանակն ավելին է:

Հրատարակվում է երկու օրաթերթ («Ասպարեզ», «Նոր Հայաստան»), 5 շաբաթաթերթ («Մասիս», «Նոր Կեանք», «Նոր Օր», «Մոլորակ», «Հայ կյանք») եւ մեկ երկշաբաթաթերթ՝ «Արմենիա»-ն, ուր միայն հայտարարարություններ են՝ աշխատանքի առաջարկներ, տների վարձակալում եւ այլն: (Թերթերի անվանումների մեջ օրինաչափություն է նկատվում՝ կա՛մ նոր, կա՛մ կյանք, կա՛մ էլ Հայաստան, այստեղից էլ կարելի է ենթադրել Սփյուռքի երազը):

Տպագիր օրինակներ կարելի է գտնել հայկական բոլոր կազմակերպություներում: «Ապրիլ» գրատան տնօրեն Առնո Երիցյանից իմացա, որ շաբաթական գրախանութը յուրաքանչյուր թերթից վաճառում է ամենաշատը քսան օրինակ, մի մասը սպառում են բաժանորդագիրները, մի մասն էլ բաժանվում է անվճար: Առնոն շեշտեց, որ թերթերի տպաքանակի մի կարեւոր հատվածը հարազատների պատվերով ուղարկվում է բանտեր:

Լոս Անջելեսում քաղաքական կազմակերպությունների աջակցությունն ու տեսանկյունն են արտահայտում երեք թերթեր:   

«Մասիս» շաբաթաթերթը Ս. Դ. Հնչակյան Կուսակցության Արեւմտյան Ամերիկայի պաշտոնաթերթն է, հրատարակում է 1980 թվականից: Անդրադառնում է շաբաթվա կարեւորագույն նորություններին՝ հայաստանյան, միջազգային եւ համայնքային: Խմբագիր Արշակ Գազանչյանի հետ զրուցելիս իմացա, որ խմբագրությունում վճարվում է միայն գրաշարը: Նա նշում է. «Մեր մամուլը անհրաժեշտություն է: Կարեւոր առաջադրանքը հայապահպանումն ու հայրենիքի հետ կապի ամրապնդումն է»։ Արշակ Գազանչյանը տպագիր մամուլը եւ հայ գիրը[[wysiwyg_imageupload:491:]] համեմատում է հյուրի հետ, ում այցը տներ միշտ ցանկալի է: Լեզվի հարստությունն էլ համարում է արեմտահայերենն ու արեւելահայերերը՝ միայն մեսրոպյան ուղղագրությամբ:

Արեւմտյան Ամերիկայում Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնաթերթը «Նոր Օր» -ն է: Հիմնադրվել է 1922-ին Ֆրեզնոյում: Տպագրության համար խմբագրակազմն ընտրում է անցնող շաբաթվա առավել քաղաքական արձագանք ստացած լուրերն ու մեկնաբանությունները: Խմբագիր Հակոբ Մարտիրոսյանի համար ամենամեծ խնդիրը տարեցտարի պակասող ընթերցողն է. «Թերթը կտպագրենք այնքան ատէն, էթէ անգամ մէկ ընթերցող ալ ըլլայ: Ընդհամէնը երկու սերունդ ունինք հայերէն կարդացող, մենք եւ մեր հայրերը»: 

Երիտասարդներին ներգրավվելու համար անցած տարվանից թերթը տպագրում է անգլերեն տարբերակը: «50-ական թվականներուն այստեղի համայնքը մոռցած էր հայերէնը, միայն նոր ներգաղթողներու շնորհիվ կենդանացաւ մեր լեզուն, եթէ թարմ լիցք չ՛ըլլայ, մեր սերունդները կձուլվին, կերթան»,– ասում է Հակոբ Մարտիրոսյանը:

«Ասպարեզ»-ը ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի պատշոնաթերթն է, կայքէջը՝ asbarez.com: Օրաթերթ է, լույս է տեսնում 1908 թվականից: Կանոնավոր գործող պրոֆեսիոնալ խմբագրակազմ ունի, ամենահետեւողականն է անդրադառնում համայնքային նորություններին՝ համարելով, որ դրանով է հայրենիքի հետ կապը ամրապնդվում, դառնում իմաստավորված ու արդյունավետ:  

Համայնքի մյուս թերթերը տպագրվում են անհատական նախաձեռնությամբ եւ համարվում են անկախ: Բոլոր պարբերականներն էլ աշխատում են ամենասուղ միջոցներով, փոքր աշխատակազմով՝ առանց լրագրողների: Հոդվածները արտատպվում են Հայաստանի թերթերից, թարգմանվում օտար մամուլից: Երբ թերթը գոյատեւելու խնդրի առջեւ է, որակը այլեւս առաջնահերթ չէ:

Հիմնադիր-խմբագիր-լրագրող-կազմակերպիչ մասնագիտություններն իր մեջ ամփոփող մեկ անձնավորոթյունը իսկապես պետք է մեծ ուժ ու համբերություն ունենա զանազան մեծ ու փոքր բիզնեսմեններին այցելելու, մի քանի տող (կամ մի քանի խոսք) գովազդ հայթայթելու, ճանապարհին նույն ոգեւորությամբ հարցազրույցի գնալու, հոդված գրելու համար:

Պետք եղած ժամանակ էլ մկրատով Հայաստանում տպագրված լրատվամիջոցներից սյունակներ են կտրատվում, փակցվում թղթի վրա, պատճենահանվում ու թերթ պատրաստում: Այսպես էլ է լինում:

Արդյունքում ունենք մաշված թեմաներով արտատպած հոդվածներ, հայկական մամուլից վերքաղված մեկնաբանություններ, որոնք կարելի է կարդալ համացանցում:

Եթե համայնքը գիտակցված ու կազմկակերպված լիներ, հայ գործարարներն իրենց թերթերը կապահովեին գովազդով: Իսկ լրագրողի լավ վճարվող աշխատանքն էլ գրավիչ կդառնար մասնագետների համար: Սակայն հայ համայնքի գործարարները չեն կարեւորում գովազդի ներդրումը փոքր տպաքանակ ունեցող թերթերում: Օղակն էլ պտպտվում է՝ գովազդ, որակ, ընթերցող… ու խնդրի լուծման ծայրը չի գտնվում:

«Բոլոր թերթերն էլ կարող են կանգնել փակվելու վտանգի առջեւ: Թերթը բիզնեսային գործարք չէ, այլ առաքելություն: Անգամ բավարար տպաքանակի դեպքում էլ այն շահութաբեր չէ: Հարակից աշխատանքով եւ դրա եկամուտը ի նպաստ թերթի օգտագործելով միայն՝ հնարավոր է թերթ պահել», – ասում է «Հայ կեանք» թերթի խմբագիր Ափո Ջաբարյանը:

Պերճ Տեր-Սահակյանը 1987 թվականից աշխատում է իր հիմնադրած «Պերճ» գրատանը: Թերթերի նկատմամբ ոգեւորությունս գնահատելուց հետո ասաց. «Չեմ կարծեր, թե թերթերուն կեանքը երկար է, հինգ տարի վերջ ամբողջությամբ կանցնինք համացանցի: Երեւանին մէջ միայն երկու գրախանութ մնացեր է, հոս երեքն ունինք: Հինգ տարի ալ կաշխատիմ ու կը գոցեմ գրատունս»:

Նայում եմ ամսագրերի գրադարակին, ինձ ծանոթ ամսագրերից մնացել է միայն մեկը՝ «Համայնապատկերը», փոխարենը ավելացրել են եւս երկուսը՝ աշխարհի քրեական պատմությունները տարբեր պարբերականներից արտատպած «Կրիմինալ ամսագիրը» եւ «Աշխարհի ոճը»: Մի կողմում «Համայնապատկերն» է, որն իր հանրագիտարանային ոճով դեռ շարունակում է աշխարհին պատմել, թե ովքեր են հայերը, իսկ մյուս կողմում՝ քրեական աշխարհն ու ոճրագործությունների նկարագրությունն են: Տպավորություն է, որ հայկական սերիալի իրականությունը տեղափոխվել է մամուլ, որտեղ էլ սկսել է գործել «որքան սարսափելի, այնքան շատ ընթերցող/դիտող» սկզբունքը:

Սփյուռքի մամուլն ունի մեկ այլ կարեւորագույն առաքելություն՝ լեզվի հարցը: Ցանկացած լեզվական փոփոխություններին ամենաարագն արձագանքում է տպագիր մամուլը:

492Սփյուռքում լեզվական ակադեմիա եւ լեզվի մասնագետներ պատրաստող հաստատություն չի եղել՝ անհատներն են կատարել այդ դերը: «Ասպարեզ» թերթի նախկին խմբագիր Վաչե Բրուտյանը նշում է անուններ, ում բարեխիղճ ու գրագետ աշխատանքով թերթը դարձել է նաեւ դպրոց. «Շավարշ Միասակյանը, ով Փարիզում «Հառաջ» թերթի խմբագիրն էր, Բենիամին Թաշյանը Եգիպտոսում՝ «Հուսաբեր»-ի հրատարակիչը, Մինաս Թեոլեոլյանը «Հայրենիք»-ում, Պողոս Սնապյանն եւ Սարգիս Զեյթլյանը՝ «Ազդակ»-ում… Նրանք լեզվի գրագետ մշակման նվիրյալներ էին՝ լեզուն անաղարտ եւ մաքուր պահելու կարեորության գիտակցությամբ: Եւ եթե ուղղագրությունը ճշտելու հարց էր ծագում, մարդիկ առաջին հերթին խմբագրություն էին զանգահարում»: 

Հայաստանյան ուղղագրությունն այստեղ համարվում է խորհրդային շրջանում հայ ժողովրդին պարտադրված լեզվական քաղաքականություն, որի նպատակը Հայաստանը Սփյուռքից անջատել էր: Մեսրոպյան ուղղագրության աջակիցների թիվը Սփյուռքում մեծ է: Շատ հայկական դպրոցներում էլ եթե դասավանդվում է արեւելահայերեն, ապա դասական ուղղագրությամբ:

Մինչեւ 1970-ականները հայկական ամենօրյա դպրոց Միացյալ Նահանգներում գոյություն չի ունեցել: Այժմ Լոս Անջելեսում հայկական դպրոց է հաճախում չորս հազար երեխա, իսկ ամերիկյան հանրային դպրոցներում հայերը աշակերտների 68%ն են կազմում: Նրանց մատուցվող ճիշտ հայերենն ու ուսուցիչների օժանդակ ձեռնարկը գրեթե միշտ եղել է թերթը:

Սակայն այժմ այդպես չէ: Լոս Անջելեսը դարձել է հայերենի ճյուղերի խառնարան, որին գումարվել է անգլերեն դպրոց հաճախած երիտասարդների ձեւավորած նոր հայերենը՝ շրջապատում հնչող հայերենի ճյուղերի խառնուրդը այն էլ անգլերեն արտասանությամբ: Նորեկների համար կարեւոր է դառնում անգլերենում հմտանալը, իսկ հայերենը պահպանելու համար մեկ ավելորդ ջանք է պետք, որի պատասխանատվությունը նաեւ թերթերի վրա է: Լոս Անջելեսում հայերը մոռանում են հայերենն ու ռուսերենը եւ այդպես էլ անգլերեն չեն սովորում: Սա հայտնի կատակ է մեզ մոտ, սակայն ճշմարիտ, ինչպես բոլոր կատակները:  

Այս միջավայրում է գոյատեւում հայ մամուլը, որի քննադատությունը կարող է անողոք լինել: Արժե իրավացիորեն դատապարտել ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, լեզվի նկատմամբ թերացումերը, ոչ լուրջ վերաբերմունքը, տեղական լրատվության պակասը: Կարող է լինել նաեւ գովաբանություն նվիրյալներին եւ գործարար հովանավորներին, որոնց դեռ չեն հուսահատվել ու շարունակում են աջակցել եւ մամուլ ստեղծել, գոնե սեղանին դրված հայերեն գիր ունենալու կարեւորությամբ:

Սփյուռքը նույնպես ավելի շատ հարցեր է առաջադրում, քան պատասխաններ տալիս: Ինչպե՞ս փրկել հայ մամուլը Սփյուռքում, ինչպե՞ս զորավիգ լինել մշակույթին, նրբանկատ ու գրագետ վերաբերվել լեզվին:

Թերթերին նոր կյանք տալու քաղաքականության փնտրտուքն է պակասում, ինչն այսօր անհրաժեշտություն է, այլապես թերթի ընթերցողներ կմնան միայն անգլերեն չիմացող, Հայաստանի կյանքով ապրող մեր մեծահասականները:  

Անի Թադեւոսյան
Լոս Անջելես


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *