2023.11.01,

Նյուսրում

Գենդերային անհավասարությունը հայաստանյան լրատվամիջոցներում․ հետազոտություն

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հայաստանում լրատվական դաշտը ֆեմինիզացված է։ Լրատվամիջոցներում մեդիաբովանդակություն ստեղծողների գերակշիռ մեծամասնությունը կանայք են։ Այս եզրակացությանն է եկել Ֆակտոր տեղեկատվական հասարակական կազմակերպությունը՝ ուսումնասիրելով հայաստանյան ԶԼՄ-ներում կանանց և տղամարդկանց ներգրավվածության և դերակատարման թեման։  

Հետազոտողներն առցանց անանուն հարցումներ են ուղարկել տեղական և համապետական սփռում ունեցող 37 ԶԼՄ-ների, որոնցից 16-ը պատասխանել են և մասնակցել ուսումնասիրությանը։ Համապետական նշանակություն և սփռում ունեցող 11 լրատվամիջոցներից բացի, ուսումնասիրությանը մասնակցել է նաև մարզային և մայրաքաղաքային 5 լրատվամիջոց։ 

 

 

 

Պարզ է դարձել, որ հարցմանը մասնակցած 16 խմբագրությունների ընդհանուր աշխատակիցների մոտ 70%-ը կանայք են։  

Ուսումնասիրության հետազոտող Արման Ղարիբյանն ասում է, որ տեղական լրատվամիջոցների աշխատակազմերի գենդերային բաշխվածության վերաբերյալ հետազոտություններ Հայաստանում գրեթե չկային, և նպատակն էր ունենալ փաստաթղթավորված, արձանագրված տվյալներ՝ ոլորտում  տղամարդկանց և կանանց ներգրավվածության և դերակատարման վերաբերյալ։  

«Հետազոտության արդյունքները մեզ համար անակնկալ չէին, ամենօրյա աշխատանքի արդյունքում բոլորս էլ տեսնում ենք ու գիտենք, որ դաշտում կանայք մեծամասնություն են կազմում՝ հատկապես ցածր օղակներում։ Հաճախ հնչում են կարծիքներ, որ մեդիան համարվում է ոչ այնքան բարձր վարձատրվող ոլորտ և սա է պատճառը, որ տղամարդիկ չեն զբաղվում լրագրությամբ։ Ես այս պնդմանը համաձայն չեմ։  Նախկինում կար կարծրատիպային մոտեցում, որ լրագրողներն այնքան էլ լավ հեղինակություն չունեն։ Նրանց երբեմն համարում էին «գործ տվողներ», արական սեռի լրագրողները, երբեմն կարող էին ներքաշվել վիճաբանությունների մեջ, իսկ կանաց ավելի հեշտ էր կարծես զբաղվել ամենօրյա լրագրությամբ»,- ասում է Արմանը։    

Ուսումնասիրության մյուս առանցքային խնդիրն էր, պարզել, թե ինչ դերակատարում ունեն կանայք և տղամարդիկ ԶԼՄ-նրում, որքանո՞վ են մասնակցում ղեկավարման և որոշումների ընդունման գործընթացին։  

Հարցման պատասխաններում միայն մեկ լրատվամիջոց է նշել, որ որոշումներ կայացնողներն իրենց լրատվամիջոցում միայն կանայք են։ Մյուս պատասխանները բաժանվել են հետևյալ կերպ․ 5 լրատվամիջոցում որոշում կայացնողների մեծամասնությունը կանայք են, 5-ում՝ տղամարդիկ, վերջին հնգյակում՝ կանայք և տղամարդիկ հավասարապես են ներկայացված որոշում կայացնող մարմնում։  

Ստացվում է, որ հարցմանը մասնակցած ԶԼՄ-ներում որոշումները կայացվում են երկու սեռերի կողմից՝ գրեթե հավասարապես։ 

Օգտագործվել են հետազոտության պատկերները

Արման Ղարիբյանը նշում է, որ վերջին տարիներին հատկապես առցանց մամուլում նկատվում է կին խմբագիրների, ղեկավարների թվի աճ։ Նրանք իրավասու են ամենօրյա լրագրողական քաղաքականության մշակման հարցում որոշումներ կայացնել, վերահսկել ամենօրյա աշխատանքային գործընթացը։ Սակայն պատկերը փոխվում է, երբ խոսքը վերաբերում է լրատվամիջոցի իրական սեփականատերերին, ֆինանսներին, քաղաքականության մշակմանն ու ուղղվածությանը։  

Կառավարության էլեկտրոնային ռեգիստրում առկա իրավաբանական անձանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության վերլուծությամբ պարզվել է, որ նախապես ընտրված 37 ԶԼՄ-ների մեծ մասը պատկանում է տղամարդկանց կամ ղեկավարվում է տղամարդկանց կողմից։ 

Կանանց մասնակցությունը՝ որպես սեփականատեր ցածր է հատկապես հեռուստաընկերությունների դեպքում։  Ուսումնասիրված 15 հեռուստաընկերություններից 11-ի սեփականատերերը/ ղեկավարները 100%-ով տղամարդիկ են, իսկ մնացած 4-ի դեպքում կանայք և տղամարդիկ տարբեր մասնաբաժիններ ունեն։  

Օգտագործվել են հետազոտության պատկերները

«Ըստ պաշտոնական բաց աղբյուրների՝ 37 ԶԼՄ-ներից 5-ն է պատկանում միայն կանանց, 21-ը պատկանում է միայն տղամարդկանց, իսկ մնացած 11-ը՝ կանանց և տղամարդկանց տարբեր մասնաբաժիններով։  

Այս թվերը ապացուցում են հայտնի բանաձևը․ «որքան շատ իշխանություն, այնքան քիչ կին»։ Բանաձևն աշխատում է ամենուր, և մեդիադաշտը բացառություն չէ։ 

Կարծում եմ, որքան հարուստ է մեդիան, որքան ազդեցիկ է այն, որքան շատ նրանով կարող են հետաքրքրվել քաղաքական խմբավորումները, այնքան ավելի քիչ է հավանականությունը, որ կանայք կարող են կանգնած լինել այդ ռեսուրսների հիմքում։ Առհասարակ, հարուստ ու ազդեցիկ մեդիա ստեղծելու համար պետք են մեծ ներդրումներ, իսկ կանայք սովորաբար այդ մեծ ներդրումը չեն ունենում»,-ասում է հետազոտողը։ 

Հեղինակները կարծում են, որ այս հետազոտությունը իրավիճակը փաստագրելուց բացի, բարձրացնում է մի շարք խնդիրներ ու թեմաներ, որոնք մանրամասն ուսումնասիրության, երբեմն էլ հետաքննության կարիք ունեն։

Մարիաննա Դանիելյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *