Այսօրվա պայթյունավտանգ իրավաճիկում, երբ ամեն վայրկյան նոր պետություններ ու ժողովուրդներ են մտնում պատերազմական շղթայի մեջ և ավելանում է ոչ միայն ագրեսիայի աստիճանը, այլև հեշտությունը, որով մեր մտքում տեղավորում ենք մահերը, բռնությունն ու ռմբակոծությունները, նոր իմաստ է ստանում (կամ, ավելի ճիշտ՝ իմաստազրկվում է) այն, ինչը սովոր ենք կոչել «տեղեկատվական պատերազմ»։
Թվում է, որ եթե իրար ռմբակոծում ես տեղեկատվությամբ կամ ներկայացում ես միայն քեզ հարմար տեսանկյունը, դառնում ես մարտիկ ու սեփական ճշմարտության արդարացի պահապան։
Եվ ուրեմն շատ բան թույլատրելի է։ Առնվազն, փաստերի որոշակի վերադասավորումը, ուռճացումը կամ էլ մի քիչ (շատ քիչ) դրանց հարմարեցումը սեփական աշխարհընկալմանը։
Թվում է, որ դրանում ոչ մի վատ բան չկա, քանի որ տեղեկատվական դաշտի ռազմիկ ես ու պետք է վարես ռազմական գործողություններ՝ ամեն քայլափոխին ու ամեն անգամ, երբ ստանում ես դրա հնարավորությունը։
Մենք Հայաստանում անցել ենք նման ռազմիկներ լինելու գրեթե բոլոր փուլերը՝ ներառյալ հպարտությունը, որ «տեղեկատվական զինվորներ ենք»՝ Ազգ-Բանակի շրջանակում ու նաև հուսահատ ու անօգուտ ճիչը, որ մեզ չեն հասկանում։
Այն, ինչը հիմա կատարվում է Իսրայելա-Պաղեստինյան պատերազմի տեղեկատվական ուղեկցության շուրջ, շատ բան կարող է ասել նաև մեր մասին։ Ու լավ կլինի, եթե այդպես նայենք, օրինակ, Գազայում հիվանդանոցի պայթյունի ու հարյուրավոր զոհերի մասին լուրին, որը վերածվոց տեղեկատվական լրջագույն ալիքի՝ ողողելով միջազգային մեդիան ու մարդկանց սրտերը սարսափազդու կադրերով, զայրույթով ու անհապաղ գործելու մղումով։
Գազայի Ալ Ահլի հիվանդանոցի պայթյունը միանգամից նշանակեց մեղավորի (եթե պաղեստինցիներ են զոհվել, ուրեմն մեղավորը հրեաներն են) ու նույնքան էլ արագ դարձավ պատկերների շարան զոհված երեխաների ու անբարոյական հարուստ պետության ամենաթողության մասին։
Աշխարհը (մեծամասամբ) կարեկցեց աղքատին, ճնշվողին, զոհին։ Եվ կարծես այսօր ընթացող ապագաղութացման ողջ խոսույթը ստացավ իր ապացույցը։ Որքան խեղճ ես ու անօգնական, հալածված, այնքան մեծ է շանսը, որ քեզ կսիրեն ու քեզ կհավատան։
Եվ այդ դեկոլոնիալ դիսկուրսի շրջանակում դարձել է հաճելի խոսել ոչ թե ուժեղ պետության (Իսրայելի) պաշտպանության իրավունքների, այլ թույլի (Պաղեստինի) գոյաբանական մարտի։
Տպավորություն է, որ մենք բնազդաբար մեզ տեսնում ենք Գազայի բնակիչների մեջ, հատկապես, երբ հիշում ենք, որ ռմբակոծվել է նաև Ստեփանակերտի հիվանդանոցը, բայց արցախցիների մասին աշխարհը չմտահոգվեց։ Մեր համակրանքը զոհի կողմն է։ Երբեմն նաև առանց գիտակցելու, թե ինչու։ Միգուցե նաև այն պատճառով, որ մենք այլևս մեզ նույնացնում ենք ոչ թե ուժեղի, այլ թույլի հետ ու ակամայից ընտրում նրան, ով մեզ նման է։
Եվ դա շատ վատ ախտանիշ է, բայց նաև այլ խոսակցության առիթ։
Կոնկրետ Ալ Ահլի հիվանդանոցի պայթյունի դեպքում անգամ կարևոր չէր, թե իրականում ինչ է տեղի ունեցել, կարևորը արագ տարածված լուրն էր ու ազդեցիկ պատկերները։
Շատ հարցեր առաջացան, փաստերը ստուգվեցին, հայտնվեց ամենահավանական վարկածը, որ Իսրայելի բանակը չէ ռմբակոծողը, որ հրթիռակոծումը եղել է հենց Գազայի հատվածից, որ, ի վերջո, պայթել է ոչ թե հիվանդանոցի շենքը, այլ կողքի ավտոկանգառը, որ պայթյունի բնույթը հուշում է, որ հիվանդանոցը հատուկ չի թիրախավորվել և այլն և այլն։
Բայց ինֆոառիթն արդեն ստեղծվել էր, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այն պայթյունի պահը ուղիղ եթերում զուգադիպությամբ հեռարձակեց Ալ Ջազիրան։ Իսկ հետո միանգամից ՀԱՄԱՍ-ը հայտարարեց, որ իսրայելական բանակն է գործել մարդասպանություն։ Հայտնի է, որ առաջին վարկածը միշտ ավելի տպավորիչ է, իսկ բացատրությունը՝ ոչ այնքան, քանի որ ստիպում է հաշվի առնել մանրամասները, տանջալի հետևել վերլուծություններին, համադրել փաստերը։ Դա անելը բարդ է, հեշտ է միանգամից բռնկվելն ու հավատալը այն բանին, ինչին ուզում ես հավատալ։
Տեղեկատվական պատերազմի իմաստը թերևս դա է. անել այնպես, որ հեշտ լինի հավատալ։ Միանգամից հավատալ։ Ու միանգամից էլ սկսել գործել, ասենք, գնալ ու տարբեր իսլամական երկրներում հարձակվել Իսրայելի դեսպանատների վրա։
Տեղեկատվական պատերազմի մաս դառնալով, անպայման դառնում ես զոհ, քանի որ զոհում ես ճիշտը իմանալու ցանկությունը։ Ու մեծ պատրաստակամությամբ տեղավորում ես տեսածդ աշխարհի մասին քո ունեցած պատկերացումների տուփի մեջ։ Իրականում, տեղեկատվական պատերազմը այլասերում է պետությանը ու նրա քաղաքացիներին։ Ընտելացնում է կարճ մտածելու հետ ու տալիս արագ ու կարճաժամկետ էֆեկտ ունեցող քայլ անելու բավարարվածություն։ Բացում է տուփը, որի պարունակությունը հարազատ է։
Եվ դա է այն մեծ թակարդը, որը մեր առջև փռում է նաև զանգվածային մեդիան։
2020-ի հայ-ադրբեջանական պատերազմը մեզ արդեն պիտի որ լավ դաս լիներ, թե որքան խայտառակ դիրք կարող են ընտրել միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները՝ երկու կողմերին հավասար մեջբերելու իրենց պրակտիկայով։ Բոթսայդիզմ կոչվածը տեղեկատվական պատերազմների համար բերրի հող ստեղծեց։
Երբ ասում ես, որ մի կողմը այսպես է կարծում, իսկ մյուս կողմը՝ լրիվ հակառակը, ոչ թե դառնում ես չեզոք ու անաչառ մեդիա, այլ նպաստում ես, որ ճշմարտությունը չլինի ճանաչելի։ Ավելին, որ այն լինի անկարևոր։
Ի՞նչ նշանակություն, թե ինչ է տեղի ունեցել, մենք ձեզ կպատմենք, թե ինչպես են դեպքը ներկայացնում երկու կողմերը, իսկ դուք ընտրեք։ Բավականին շատ (թե՛ պահպանողական, թե՛ ձախական) հայտնի լրատվամիջոցներ հենց այդպես էլ ներկայացնում են Գազայի հիվանդանոցի պայթյունը։
Ասում են՝ ընտրեք կողմը ու պատերազմեք նաև կարծիքների ու համակրանքների դաշտում ու ինքներդ որոշեք, թե ով է հաղթողը։ Ւսկ այդպես չի լինում, իսկական պատերազմները այդպես չեն հաղթում։
Տեղեկատվական գրոհները արդյունավետ են, եթե ուղեկցում են իսկական ռազմաճակատային հաջողություններին, ոչ թե դառնում են դրանց փոխարինչը։ Ասենք, հարյուր անգամ կրկնելով, որ հաղթում ես, չես հաղթի։ Կհաղթես միայն ստրատեգիկ ռազմական որոշումներով ու իրական զենքով։
Տեղեկատվական պատերազմը ենթադրում է ու անգամ հիմնվում է ստի որոշակի չափաբաժնի կամ փաստերի վերադասավորման վրա, իսկ իրական դաշտային պատերազմում սուտը որքա՞ն կարող է տևել։ Մեկ ժա՞մ։ Մեկ օ՞ր։ Ասենք, հայտնում ես, որ այս կամ քաղաքը քո զորքերի վերահսկման տակ է ու դու հաղթում ես, բա հետո՞։
Այո, տեղեկատվական պատերազմը թակարդ է, եթե միայն տեղեկատվական է։ Թե՛ մեր, թե՛ հենց այսօր պատերազմողների փորձը ցույց է տալիս, որ պատերազմը իրական զենքով են հաղթում, երբեմն լուռ անելով այն, ինչ պիտի անել։ Իսկ ինֆորմացիոն աղմուկը բնավ էլ անհրաժեշտ զինատեսակ չէ, եթե դաշտում գիտես, ինչ անել։
Եթե չգիտես, ռազմի դաշտ ես սարքում մեդիան ու ինչպես ասում են՝ փոքր բարոյական հաղթանակներ ակնկալում։
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: