2023.09.21,

Ստուգված է

Շահրամանյանի «նամակը» հրապարակած էջը կեղծ է

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Սեպտեմբերի 19-ին Նունե Ստեփանյան անունով օգտատերը հրապարակել էր տեղեկություն, թե Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, շփոթելով նրան իր կնոջ հետ, նամակ է գրել, թե ինքը (Սամվել Շահրամանյանը) և կինը պետք է հեռանան Ստեփանակերտից, քանի որ Արթուր Վանեցյանն իրեն տեղեկացրել է, որ 48 ժամվա ընթացքում «թուրքերը հարձակվելու են», իսկ ոմն Ռուբենը իրենց համար «թողարկել է ռուսական և ամերիկյան անձնագրեր»։ 

Օգտատերը սքրինշոթերին կից ռուսերեն և հայերեն գրառում էր արել.

«Նախկին ընկերս՝ Սամվելը, ինձ շփոթեց իր կնոջ՝ Նունեի հետ և ինձ ուղարկեց այս հաղորդագրությունները. սարսափելի է։ Այնքան մարդ են թողնում, որ մեռնեն։ Միակ լուծումը այստեղից հեռանալն է։ Խնդրում ենք տարածել այս լուսանկարները, որպեսզի բոլորն իմանան այս վրդովմունքի մասին: Սամվելը և այս հաղորդագրություններում նշված բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել էր նա։ 

 

Այս գրառումն երկու օր է՝ ակտիվորեն տարածվում է սոցցանցերում։ Алина Сергеевна անունով ֆեյսբուքյան օգտատերը իր էջում վերահրապարակել է այդ նկարները՝ մեղադրելով Արցախի նախագահին երկրից փախչելու համար։ Այդ գրառումն այս պահին ունի 560 կիսում և 530 հավանում։ Կարճ ժամանակում այն սկսեց տարածվել նաև ադրբեջանական տելեգրամ ալիքներում։ 

Տարածող էջը կեղծ է

Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս լուրը տարածվում է կեղծ օգտատիրոջ կողմից և դրա տարածման հիմնական նախաձեռնողները ադրբեջանական տելեգրամ ալիքներն են։ Տարածվող սքրինշոթերում երևում է, որ նամակագրությունը եղել է սեպտեմբերի 11-ին, այսինքն ավելի վաղ, քան Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը Արցախի դեմ։ Անհասկանալի է, թե ինչու է օգտատերը որոշել այն տարածել սեպտեմբերի 19-ին, եթե նամակները ստացել է ավելի վաղ։

Նունե Ստեփանյան անունով օգտատիրոջ էջը ուսումնասիրելիս՝ պարզ է դառնում, որ այն ստեղծվել է (կամ ակտիվացել) բոլորովին վերջերս։ Նրա առաջին հրապարակումը եղել է սեպտեմբերի 8-ին։ Վերջին օրերի ընթացքում նրա ֆեյսբուքում հազարավոր նոր ընկերներ են ավելացել։ Օգտատերերի մեծամասնությունը հայկական անուններ ունեն։

Նունե Ստեփանյան էջում հրապարակված լուսանկարները yandex photo և PimEyes համակարգերում որոնելիս՝ գտանք նույն նկարներով, սակայն այլ անունով հանդես եկող աղջկա։ Նրա նկարները հնարավոր է գտնել «Գործնական հանդիպում» կոչվող կայքերում և էջերում: Ըստ այնտեղ հրապարակված տվյալների՝ կնոջ անունը Մերի է, գտնվում է Երևանում, չնայած ֆեյսբուքյան էջում որպես բնակության վայր նշված է Ստեփանակերտը։ 

 

Ondate կայքում և Одноклассник-ի էջում նշված է նաև կնոջ հեռախոսահամարը։ Մենք զանգահարեցինք նշված համարով՝ փորձելով հասկանալ, թե արդյոք ֆեյսբուքյան այդ էջը նրա՞ն է պատկանում։

 

Ինչպես պարզվեց՝ նկարներում Արփինե Աբաջյանն է, որը հանդես է գալիս Մերի կեղծանունով։ Նրա խոսքով՝ որևէ կապ չունի օգտատեր Նունե Ստեփանյանի հետ։

«Ես բացարձակ այս էջի հետ կապ չունեմ։ Իմը, երևի տեսած կլինեք, գործնական հանդիպումների սայթ է։ Ես անգամ գրել եմ այդ էջին, պահանջել եմ ջնջել իմ նկարները, բայց նույն րոպեին բլոկ է արել։ Դրանք իրոք իմ նկարներն են, բայց էջն իմը չէ։ Որոշ ժամանակ առաջ անգամ սթորի էի արել, որ այդ էջին բողոք ներկայացնեն»,- ասաց Արփինեն։

Այսպիսով, օգտատերը, որը հրապարակել է իբրև Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ նամակագրություն, կեղծ է։ Այն սկսել է ակտիվանալ Ադրբեջանի ռազմական գործողություններից կարճ ժամանակ անց։ Նրա էջում հրապարակված լուսանկարները Արփինե Աջաբյանինն են, որը Սամվել Շահրամանյանի հետ որևէ կապ չունի։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *