2023.09.13,

Նյուսրում

Եթերազրկումներ քարոզարշավի վճարովի եթերաժամերի ընթացքում

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հեռուստաընկերությունների մի մասը շարունակում է ուշացնել վերգետնյա հեռարձակման արտոնագրով նախատեսված վճարումները։ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ը (ՀՀՌՑ) որպես պատժամիջոց շաբաթը մեկ անգամ մի քանի ժամով անջատում է այդ հեռուստաընկերությունների եթերը։

Անջատումները մեկնարկել են հուլիսից։ ՀՀՌՑ-ն  յուրաքանչյուր երկուշաբթի դադարեցնում է հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող այն հեռուստաընկերությունների եթերը, որոնք իրեն պարտք են։ 

Յուրաքանչյուր շաբաթ եթերի դադարի տևողությունն ավելանում է 1 ժամով։ Եթե հուլիսին հեռարձակումը դադարեցվում էր մեկ ժամով, ապա հիմա եթերի դադարները հասնում են 8 ժամի։

Եթերի անջատումները համընկնում են նախընտրական քարոզարշավի ժամանակաշրջանի հետ

Հուլիսի 17-ին առաջին անգամ 1 ժամով հանրային մուլտիպլեքսում գործող 6 հեռուստաընկերությունների եթերը դադարեցնելուց հետո, ՀՀՌՑ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը, Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում լրատվական հիմնական թողարկումների և նախընտրական գովազդի ժամանակահատվածում եթերազրկումներ չեն իրականացվելու։  

Սակայն, քարոզարշավի առաջին երկու շաբաթների ընթացքում տեղի ունեցած եթերազրկումները համընկել են նաև նախընտրական քարոզարշավի համար սահմանված վճարովի գովազդի ժամերի հետ։ 

ՀՀՌՑ  տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը Media.am-ի հետ զրույցում ասաց, որ այն հեռուստաընկերությունները, որոնք այս ընթացքում  վճարել են իրենց պարտքերը,  կատարել են իրենց պայմանագրային պարտականությունները, դուրս են եկել անջատման ցուցակից։ ՀՀՌՑ-ն շարունակում է պատժամիջոցներ կիրառել այն հեռուստաընկերությունների նկատմամբ, որոնք շարունակում են չվճարել մատուցված ծառայության համար։

«Այդ երեք հեռուստաընկերությունները չեն կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները և ունեն բավականին պարտքեր։ Մենք անջատումներն իրականացնելիս հաշվի ենք առնում նրանց վճարովի եթերաժամերը և այդ ընթացքում չենք անջատում։ Հեռուստաընկերությունների հետ համաձայնեցրել ենք այդ գրաֆիկը»,- ասում է ՀՀՌՑ տնօրենը։

Սակայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանմանը վերաբերող մշտադիտարկման եզրակացության մեջ երևում է, որ անջատումների և քարոզարշավի համար նախատեսված վճարովի գովազդի ժամերը հաճախ համընկել են։

Վերջին երկու եզրակացություններում հանձնաժողովը մտահոգիչ է որակել այդ փաստը։ 

«Շանթ» հեռուստաընկերությունը ներկայացնող իրավաբան Սիմոն Ֆարմանյանը   նշում է, որ  հնարավորության սահմաներում պարբերաբար վճարումներ անում են, սակայն ՀՀՌՑ-ի ծառայությունների վճարն այնքան բարձր է, որ գրեթե ոչ մի հեռուստաընկերություն չի կարողանում առանց խնդիրների, սահուն վճարել այդ գումարները։ 

«Ընտրությունների ընթացքում, երբ հանրապետական սփռման երկու և մայրաքաղաքային սփռման մեկ հեռուստաընկերության եթեր է անջատվում, այն էլ այդքան երկար ժամանակով, խոսում է մի բանի մասին, որ տեղեկատվության հասանելիությունից ավելի կարևոր է ՀՀՌՑ-ի պարտքը։ Իսկ քովիդի ժամանակ, երբ հեռուստաընկերությունները էլի պարտքեր ունեին, բայց անվճար ցուցադրում էին  պետությանն անհրաժեշտ սոցիալական գովազդները, այդ ժամանակ ինչո՞ւ առաջին հորիզոնական չէր բերվում ՀՀՌՑ-ի պարտքը»։

Հեռարձակողներին ՀՀՌՑ-ից զգուշացնում են․ քարոզարշավի ավարտից հետո ավելի խիստ են լինելու։  Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը անջատումներն իրականացնելու է առանց զգուշացումների ու առանց եթերացանցը հաշվի առնելու։

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *