ՀՌԿԿ-Հայաստանի տնօրեն, տնտեսագետ Հեղինե Մանասյանը այն եզակի մարդկանցից է, ում խոսքը հաճելի է լսել՝ անկախ նրանից՝ համաձայն ես նրա հետ, թե ոչ։ Նա գրեթե միշտ հանդես է գալիս անսպասելի ու հետաքրքիր մասնագիտական մոտեցումներով, եւ այդ էր պատճառը, որ որոշեցի դիտել «Կենդանի մատյան» հաղորդումը (մայիսի 22-ին) նրա մասնակցությամբ։ Հաղորդաշարը եթեր է գնում «Արմենիա» հեռուսաընկերությամբ. իմ դիտած թողարկումը նվիրված էր միգրացիային։
Նախ ասեմ, որ վերոհիշյալ ծրագիրը նայեցի առաջին եւ, ըստ երեւույթին, վերջին անգամ։ Այն, ինչ տեղի էր ունենում էկրանին, ավելի մեղմ, քան «ոճական մածնաբրդոշ», չես անվանի։
Պարզից էլ պարզ է, որ ամեն մի ծրագիր պիտի ունենա բովանդակային կոնցեպտ ու գոնե որոշակի պատկերացում, թե ինչ ժանրի է այն պատկանում (լրատվական, վերլուծական, մշակութային, ժամանցային, սպորտային եւ այլն), ինչ խնդիրներ է դնում իր առջեւ եւ ինչ գաղափարներով է ներկայանում հեռուստադիտողին։
Այդ կոնցեպտուալ եւ բովանդակային մոտեցումներն են, որ, ըստ էության, ձեւավորում են ծրագրի ամբողջական ոճը, դրանցով է պայմանավորված հաղորդավարի ընտրությունը՝ ներառյալ արտաքինը, հագուստը, առոգանությունը, փորձառությունը, տաղավարի դիզայնը՝ սկսած աթոռների ձեւից ու դասավորությունից, վերջացրած՝ պատերի ու հատակի գույներով, երաժշտական լուծումները, «շապկաները», «բլյումերը» եւ այլ տեխնիկական հնարքները։
«Կենդանի մատյան» հաղորդաշարում խառնված է ամեն ինչ։ Ծրագիրը սկսվում է տագնապալի երաժշտական մուտքով ու գրաֆիկական լուծումներով, որոնք իմ մանկության 02-ի ու մի քիչ էլ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»-ի հետ անմիջական ասոցիացիաներ են առաջացնում։
Այնուհետեւ գիշերային Երեւանի ֆոնին մեզ է ներկայանում արեւմտյան քոլեջի համազգեստ հիշեցնող կոստյումով, դոնկորլեոնյան հավակնություններով ու «լավ տղայի» շարժուձեւով մի տղամարդ, ով դանդաղ, հատիկ-հատիկ արտասանում է հետեւյալ նախադասությունը՝ «Եթե շեքսպիրյան Համլետը գրվեր այսօր Հայաստանում, ապա հայտնի մենախոսությունը կհնչեր հետեւյալ կերպ՝ գնա՞լ, թե՞ չգնալ. այս է խնդիրը»։ Արտասանում է այնպես, որ այդ պահին ուզում ես մեջ ընկնել ու ասել՝ «а теперь, внимание, вопрос»:
Հաղորդման հյուրերին ներկայացնելուց հետո հետուստադիտողներիս վերջապես հրավիրում են տաղավար։ Եվ, օ՜ հաճելի հայտնություն, տաղավարը եւս՝ հին, բարի ու ծանոթ «Ուգոլնիկով-Ուրգանտ երեկոյան շոու» ոճի մեջ է։ Ձախ անկյունում չգիտես ինչու տեղակայված է սեւ ռոյալ։ Սկզբից մտածում ես՝ երեւի ինչ-որ ժամանցային ծրագրից ժառանգություն մնացած ռեկվիզիտ է կամ էլ ուղղակի «պատահաբար դաշնամուրը հետն էր»։ Սակայն մի քանի վայրկյան հետո դաշնամուրի մելամաղձոտ հնչյունները ցրում են բոլոր կասկածները։
Այն պահին, երբ վարողն ասում է բառացիորեն հետեւյալը՝ «այդ հարցը նաեւ քաղաքականապես է շահարկվում, շահարկելը շահարկել, խնդիրը կա եւ լուրջ խնդիր է, պարզապես մինչ այսօր խոսել են՝ պարզապես ֆիքսելով, որ կա։ Մենք ուզում ենք զրուցենք ավելի շատ պրոբլեմների, ինչու՞ է միգրացիան, եւ ինչու չէ նաեւ լուծումների, այդ խնդրի լուծման մասին, եւ ես կուզենայի լսել ձեր բոլորի կարծիքը այդ հարցի շուրջ, որոնք են պրոբլեմները իսկ լուծումների մասին կխոսենք արդեն հաղորդման ընթացքում» հետին պլանում հնչում է դաշնամուրային մեղմ ու լիրիկական մի երանգ, ինչպես եվրոպական լավագույն հյուրանոցների ու ռեստորանների սպասասրահներում։
Եվ այդպես գրեթե ամբողջ ծրագրի ընթացքում։ Մի պահ երաժշտությունը դադարում է (երեւի դաշնակահարին հանգիստ են տալիս), բայց 19-րդ րոպեից շարունակվում եւ տեւում մինչեւ վերջ։ Ո՞րն է այս երաժշտական ձեւավորման նպատակը եւ ի՞նչ առնչություն ունի այն միգրացիայի հետ՝ դիտողի համար առեղծված է մնում։
Հաջորդը. ամբողջ հաղորդման ընթացքում հաղորդավարը թե՛ սեփական բավական ընդարձակ մենախոսությունների, թե՛ հրավիրվածների մասնակցությամբ քննարկումների ժամանակ ճեմում է հյուրերի մեջքի հետեւում։ Ճիշտն ասած՝ ես չգիտեմ՝ որ արտասահմանյան ալիքից են «թխել» այդ նորարար մեթոդը, բայց հեռուստադիտողի համար բացարձակ անհասկանալի է, թե ինչպես է հաղորդավարը հաղորդակցվում տաղավարում ներկաների հետ։
Վստահ եմ՝ մասնակիցներին էլ պիտի անսովոր եւ անհարմար թվար հաղորդակցության այս ոճը։ Ըստ իս՝ այս անհաջող դասավորվածությամբ է նաեւ պայմանավորված հաղորդման անբնական մթնոլորտը, որտեղ մարդիկ խոսում են մեկ առ մեկ, գրեթե չկա բանավեճ ու իրական քննարկում։
Այս ամենից զատ՝ եթե խոսենք ծրագրի զուտ բովանդակային կողմի մասին, ապա ակնհայտ է, որ խմբագիրներն ու հաղորդավարը թերացել են «տնային աշխատանք» կատարելիս։ Դատեք ինքներդ. ի՞նչ կարիք կա Հեղինե Մանասյանի մակարդակի փորձագետին եւ այլ հարգարժան բանախոսներին եթեր հրավիրելու, եթե, որպես մոնոլոգ (այո, սա մենախոսություն է եւ ոչ հարց), պիտի արտաբերես Երեւանի ցանկացած տաքսիում հնչող հետեւյալ միտքը (20-րդ րոպե)՝
«Եվ ամենակարեւորը, ինչը ես…ինչում ես համոզվեցի, որովհետեւ ես վերջերս եմ վերադարձել Միացյալ Նահանգներից, հա, Միացյալ Նահանգների նման հզոր երկրում, պատկերացնու՞մ եք ինչքան, ասենք, միլիարդատեր կան։ Տրամպներ, հա, ռոքֆելերներ, մերդոքներ եւ այլն, եւ այլն, որոնց դեմ մեր օլիգարխները մանր գործարար էլ չեն։ Բայց էնտեղ, եթե մեկը համարձակվի, ինչքան էլ որ գումար ունի, ինչքան էլ որ իշխանություն ունի, օրենք խախտի՝ ամենափոքր՝ երթեւեկության կանոն, էլ չեմ ասում ավելի բարձր, ավելի ծանր հանցագործություններ, նրան չեն ասի, որ սա օլիգարխ ա, դեպուտատ ա, էս ա… կա դատարան, դատ եւ կա օրենքի դեմ հավասարություն։ Մեզ մոտ այ էդ խնդիրը կարեւոր չէ՞ միգրացիայի տեսակետից»։
Մեծ հաշվով հողորդումը փրկեցին մասնակիցները, ովքեր, ի հեճուկս թույլ ու տրիվիալ հարցադրումների, արտահայտեցին հետաքրքիր մտքեր ու դատողություններ։
Ավարտելով՝ ուզում եմ երկու կարճ նկատառում հնչեցնել։ Նախ՝ հիշատակել վերջերս հրապարակված «Речь выдает нас с головой» հոդվածը եւ վստահեցնել, որ բոլոր մշակույթներում կիրթ ու գրագետ մարդը առաջին հերթին աչքի է ընկնում մայրենի լեզվով իր մտքերը ձեւակերպելու ունակությամբ՝ ինտելիգենտ առոգանությամբ ու արտասանությամբ։ Եվ երկրորդ՝ ընդգծել ասոցիատիվ մտածողության ու ընկալումների կարեւորությունը հեռուստատեսային ֆորմատի համար։
Իզաբելլա Սարգսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: