2013.06.18,

vox populi

Վրաստանում 2011-ին Ֆեյսբուքյան գրառման պատճառով երկու լրագրող է հեռացվել աշխատանքից

2011 թվականին Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը Ֆեյսբուքյան մեկնաբանության համար աշխատանքից հեռացրեց երկու լրագրողի՝ Գիորգի Թուխարելիին եւ Գիորգի Գաբրիչիձեին:

Ֆեյսբուքյան խմբերից մեկում լրագրողները նույնասեռականների, Վատիկանի եւ կաթոլիկ եկեղեցու վերաբերյալ վիրավորական մեկնաբանություններ էին թողել:

Տարածված տեղեկատվության համաձայն՝ լրագրողներն իրենք էին աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել, որը շատ արագ բավարարվել էր, թեեւ այն հաղորդման ղեկավարը, որտեղ աշխատում էին լրագրողները, հայտարարել էր, որ այլեւս չի ցանկանում այս մարդկանց հետ շարունակել աշխատել:

Վրաստանի հանրային հեռուստաընկերությունն իր վարքականոնն ունի, որի համաձայն՝ լրագրողներին արգելվում է հոմոֆոբիկ, այլոց կրոնը վիրավորող կամ անհանդուրժողական այլ արտահայտություններ անել հրապարակայնորեն:

Սա առաջին դեպքն էր, երբ սոցիալական ցանցում կատարված մեկնաբանությունը լրագրողի՝ աշխատանքից հեռացվելու պատճառ դարձավ:

Այս դեպքից հետո լրագրողական եւ հասարակության այլ շրջանակներում ակտիվորեն սկսեց քննարկվել՝ սոցիալական ցանցը անձնակա՞ն օգտագործման, թե՞ հանրային տարածք է, որտեղ լրագրողն իրեն պետք է դրսեւորի այնպես, ինչպես հոդված է գրում կամ ռեպորտաժ պատրաստում:

Ես ինքս ինձ համար դեռ չեմ պարզել՝ որքանով անձնական կամ հանրային է ֆեյսբուքյան էջս, որովհետեւ թեեւ կարծում եմ, որ այն իմ անձնական տարածքն է, որտեղ ինչ անում եմ, չպետք է, որ հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնի, այնուամենայնիվ, շատ հաճախ, ստատուսներս հայտնվում են թերթերի, լրատվական կայքերի էջերում կամ մեջբերվում են հեռուստատեսության եթերով:

Վրաստանում սոցիալական ցանցերը սկսել են ակամայից մեդիայի գործառույթ կատարել: Ֆեյսբուքը ամենապոպուլյար սոցիալական ցանցն է Վրաստանում, ամեն ինչ այնտեղ է նախագծվում՝ լինի դա միջոցառում, թե բողոքի ակցիա:

Վրաստանի բանտերի հայտնի կադրերի հրապարակումից տառացիորեն 20 րոպե հետո Ֆեյսբուքում բողոքի ակցիա նախագծվեց Թբիլիսիի տարբեր համայնքներում:

Իսկ վերջերս էլ ֆեյսբուքում տեղադրած մեկ լուսանկարը արձագանք ստացավ վարչապետի եւ նախագահի մակարդակով: Մի զբոսաշրջիկ նկարել էր Կազբեգում տրավերտինի բնական հուշարձանը, որը վնասվել էր այդտեղ ճանապարհ կառուցելիս, եւ մակագրել էր՝ «Ահա, թե ինչ վիճակում է տրավերտինը Կազբեգում»: Պետական հատուկ հանձնաժողով ստեղծվեց՝ գործը ուսումնասիրելու նպատակով:

Ֆեյսբուքը հատկապես ակտուալ դարձավ նախընտրական շրջանում, երբ մեդիայի մեծ մասը իշխանությունների վերահսկողության տակ էր, եւ հասարակությունը փաստորեն այլ ելք չուներ, քան քաղաքացիական լրագրող դառնալը:

Լինում են դեպքեր, երբ Ֆեյսբուքում տեղադրված մի լուրը կամ լուսանկարը դառնում է օրվա գլխավոր թեման, հայտնվում է հեռուստաընկերությունների լուրերի առաջին բլոկում:

Ես ինքս, աշխատելով հեռուստաընկերությունում, արդեն գրեթե 3 տարի է՝ հեռուստացույց չեմ դիտում, որովհետեւ ամենակարեւոր ինֆորմացիան՝ հոդվածների եւ ռեպորտաժների տեսքով հայտնվում է Ֆեյսբուքում: Ամեն ինչ կենտրոնացած է Ֆեյսբուքում:

Լաշա Զարգինավա
Լրագրող, «TV 9» հեռուստաընկերություն, «Ինտերպրեսնյուզ» լրատվական գործակալություն

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *