2013.06.17,

Նյուսրում

Դսեղցիները սեփական թերթն ունեն

Լոռու մարզի Դսեղ գյուղի «Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբը» արդեն երկրորդ ամիսն է հրատարակում է «Վերնատուն» ամսաթերթը: Այն առաջին տպագիր մամուլն է գյուղում: Գյուղացիները սիրով ընթերցում են իրենց տեղական թերթը, շատերը պատրաստ են իրենք նյութեր պատրաստել թերթի համար:

«Վերնատունը» տպագրվում է 200 օրինակով, բայց պահանջարկն ավելի մեծ է: Տպագրվելուց հետո թերթն ակումբի երիտասարդների միջոցով բաժանվում է բնակիչներին և գյուղում գործող հիմնարկներին: Թերթում տեղ գտած նյութերը հրապարակվում են նաև էլեկտրոնային տարբերակով: Տեղադրվում են Դսեղի բլոգում և այնտեղից տարածվում սոցիալական ցանցերում:
Թերթի տպագրությանն աջակցում է «Քաունթերփարթ ինթերնեշնլ» հիմնադրամը: «Մեկ տարի ժամկետով է, դրանից հետո եթե գյուղապետարանը կցանկանա, կաջակցի»,- ասում է ակումբի համակարգող Էֆրիդա Եգանյանը, ով զբաղվում է թերթի խմբագրական աշխատանքով:

Ֆինանսական միջոցները անհրաժեշտ են միայն տպագրության համար անհրաժեշտ նյութերին և սարքավորումներին` տպիչ, քարթրիջ (թանաքապատյան), թուղթ և այլն: Տպագրությունը հենց ակումբում է կազմակերպվում:  Էֆրիդա Եգանյանն ասում է, որ թերթի մեկ տարվա տպագրության համար նախատեսված գումարն արդեն բաշխված է ըստ ամիսների և տպաքանակի:

Մնացած աշխատանքները՝ «Վերնատան» համար ինֆորմացիայի հավաքումը, հոդվածների պատրաստումը, խմբագրումը, կամավորության սկզբունքով է արվում, անվճար: Ակումբի 34 անդամները ակտիվորեն մասնակցում են թերթի հրատարակման աշխատանքներին:

«Կամավորականությունը միակողմանի գործընթաց չէ, այն նպաստում է ինքնադրսևորմանը, ինքնաճանաչմանն ու հասարակության կողմից ճանաչմանը: Եվ ընդհանրապես համայնքի զարգացմանը»,- ասում է Էֆրիդա Եգանյանը: Նա վստահ է, որ տպագիր մամուլը կօգնի գյուղի երիտասարդների ինքնազարգացմանը:

Թերթում Դսեղի անցուդարձն է, խնդիրները: Նախատեսում են քննարկել Դսեղում տուրիզմի զարգացման ուղղությունները: Ակումբի կամավորները հույս ունեն, որ «Վերնատունը» երկար կյանք կունենա:

Ադրինե Թորոսյան, Դսեղ


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *