2023.07.06,

Քննադատ

Զգայուն թեմաները` կարծրատիպային պատումների ծուղակում

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Մի քանի տարի առաջ հայաստանյան մամուլն ու քաղաքական դաշտը ողողված էին Ստամբուլյան կոնվենցիայի մասին քննարկումներով։ Թվում էր՝ մեկ օր անգամ չի լինի, որ մի անհայտ փորձագետ չկրկնի հայտնի միտքն այն մասին, որ «Ստամբուլյան կոնվենցիան» ազգային արժեքների դեմ է։ 

Հիմա աղմուկը հանդարտվել է, ու արժե մտածել․ ի վերջո, ինչի՞ մասին էր այդ Ստամբուլյան կոնվենցիան։ Լսարանի գոնե կեսը իմացա՞վ դրա բովանդակությունը, կարողացա՞վ հասկանալ՝ ինչու են այդքան շատ երկներ միացել կոնվենցիային։ Դժվար թե։

Ստամբուլյան կոնվենցիան, իհարկե, ընդամենը մեկ օրինակ է։ Ընտանեկան բռնությունը, ԼԳԲՏ մարդկանց խնդիրները և բազմաթիվ այլ զգայուն թեմաներ մամուլում հազվադեպ են արժանանում գիտահեն լուսաբանման կամ դառնում ազնիվ ու համակողմանի քննարկման առարկա։ Փոխարենը՝ դրանք նորից ու նորից հայտնվում են կարծրատիպերի վրա կառուցված մեդիա պատումների ծուղակում․ նույն աղմուկը լսելի է ամենուրեք, բայց նոր տեղեկություն չի լսվում։  

Media.am-ը ուսումնասիրել է վերջին տարիներին հայաստանյան մեդիայում  այս և աղմուկ հանած այլ զգայուն թեմաներով տարածվող պատումները և առանձնացրել դրանցից մի քանիսը։  

Զգայուն թեմաները հայաստանյան մեդիայում հաճախ ազգայինի և ինքնության ընկալման համատեքստում են քննարկվում։ «Ավանդական արժեքների» մասին հիշատակումները անբաժանելի են կանանց կամ ԼԳԲՏ մարդկանց իրավունքներին վերաբերող հարցերից։ Բայց որո՞նք են այդ «ավանդական արժեքները»։ Այս հարցը մամուլն ու քաղաքական մեկնաբանները հաճախ շրջանցում են, փոխարենը՝ խոսում այն մասին,  թե ինչը ավանդական արժեք չէ։ Ստացվում է՝ հստակ չէ, թե ինչն է մեզ հարիր, բայց հաստատ է, թե ինչն ենք մենք մերժում։ 

Այսպիսի փակ՝ մերժելու ու ժխտելու վրա կառուցված մեդիա քննարկումը լսարանին  նոր բան չի հաղորդում ու չի օգնում հասկանալ հասարակությունն ու դրա մեջ տեղի ունեցող գործընթացները, փոխարենը հաջողությամբ հրահրում են այդքան ցանկալի քլիքեր բերող զայրույթ։

Օրինակ՝ 2022-ին Yerevan.Today-ը մեջբերում էր գրականագետ Սերժ Սրապիոնյանի ելույթը ընդդիմության հանրահավաքին․ «Մամուլում շրջանառվում է, որ պատրաստված է նախագիծ սեռափոխության մասին, որով թույլ են տալու նույնասեռականներն ամուսնանան և գրանցվեն պետականորեն, մեզ ուզում են կտրել մեր արմատից՝ դարձնելով չհայ»։ Անցավ տարի, նման նախագիծ այդպես էլ չհայտնվեց։ 

Հատկանշական է Սրապիոնյանի պնդումն այն մասին, որ մեզ փորձում են դարձնել «չհայ»։ ԼԳԲՏ մարդկանց՝ օտարի հետ նույնականացնելը տարածված է։ Նման հռետորաբանությունը հիմնված է անձի՝ իր համայնքին պատկանելությունը մերժելու վրա։ Այսինքն, մարդկանց «օտարացնում» են այն պատճառով, որ նրանք որևէ  հատկանիշով տարբերվում են համայնքի մեծ մասից։

Մեկ այլ օրինակ է բազմաթիվ լրատվամիջոցներում (հղում 1, հղում 2, հղում 3) նույնությամբ արտատպված մանիպուլյատիվ տեղեկությունն այն մասին, թե ՀՀ առողջապահության նախարարությունը այժմ թույլ է տալիս երեխաների սեռը նշել «չճշտված»։ Տեղեկությունը տարածել էր քաղաքական գործիչ Արա Զոհրաբյանը, որը սա համարում էր «ազգայինի թուլացման» ախտանշան։ Զոհրաբյանը ընթերցողին հուշում էր, որ եթե այս տեղեկությունը նրան զայրացնում է, ապա նրա «ներսի ազգային կայծը դեռ չի մարել»։

Շատ շուտ, սակայն, հայտնի դարձավ, որ Զոհրաբյանի պնդումները մանիպուլյատիվ էին․ երեխաների սեռը նշվում է «չճշտված», երբ որոշ ախտորոշումների պատճառով հնարավոր չէ որոշել նորածնի սեռը՝ զուտ արտաքին քննությամբ։ Սեռը որոշվում է ավելի ուշ՝ գենետիկ քննությամբ։ Թե ինչ կապ ունեին ախտորոշում ունեցող երեխաների սեռը որոշելու բժշկական մեթոդները «ազգային կայծի» հետ, Զոհրաբյանը այդպես էլ չբացատրեց։ 

Պնդումներն այն մասին, թե նույնասեռականությունը դեմ է ազգայինին, հատուկ են ոչ միայն Հայաստանյան մեդիային ու քաղաքական գործիչներին: Չեչնիայի բռնապետ Ռամզան Կադիրովը առհասարակ հայտարարում էր, որ Չեչնիայում ԼԳԲՏ անձիք խնդիրներ չունեն, քանի որ Չեչնիայում գեյեր չկան (դա, իհարկե, այդպես չէ)։ 

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ակտիվորն սկսեց տարածվել թեզը այն մասին, թե միջազգային հանրությունը, ինչպես նաև հայաստանյան հասարարակական կազմակերպությունները միայն հետաքրքրված են ԼԳԲՏ մարդկանց իրավունքներով, իսկ Արցախի մարդկանց խնդիրները անտեսվում են։ 

Պատերացմից հետո էլ այս թեզը շրջանառվում է։ 2023-ին «Արցախպրեսը» մեջբերում էր ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի խոսքերն այն մասին, թե «եթե Արցախում շրջափակման ենթարկվեին տրանսգենդերները, ապա միայն այդ դեպքում միջազգային հանրությունը կոշտ հայտարարություն կանի»։ 

Իսկ Iravunk.com կայքը քննադատում էր հայաստանյան քաղհասարակության աջակցությունը Ուկրաինային և հարցնում․ «ինչո՞ւ դիտորդի կարգավիճակում մնացին արցախյան պատերազմի ժամանակ, եւ այսօր ռուս խաղաղապահներն են պաշտպանում արցախցուն, իսկ իրենք զբաղված են դեռ Ռուսաստանի վրա «ցեխ շպրտելով» (հետագայում հոդվածը հեռացվել է կայքից, բայց պահպանվել ֆեյսբուքյան մեջբերումներում): 

Այս միտքը արհեստական հավասարության նշան է դնում Արցախն անտեսելու և այլ խոցելի մարդկանց խնդիրներով զբաղվելու միջև։ Հռետորական այս հնարքի համար նույնիսկ տերմին կա՝ whataboutism, եթե թարգմանենք՝ «բա որ»-ականություն. բա ինչո՞ւ Արցախը չեք պաշտպանում, որ ԼԳԲՏ կամ կանանց իրավունքներն եք պաշտպանում։ Հասկանալի է, որ մեկը մյուսին բոլորովին չի բացառում, և Հայաստանի քաղհասարակությունը  բարձրաձայնում է նաև Արցախի խնդիրը։ 

Դժվար է արդարացնել կանանց կամ երեխաների հանդեպ բռնությունը։ Այդ իսկ պատճառով ընտանեկան բռնության դեմ պայքարին ուղղված Ստամբուլյան կոնվենցիան և երեխաների հանդեպ սեռական բռնության դեմ ուղղված Լանզարոտեյի կոնվենցիան քննարկող մանիպուլյատիվ հրապարակումները ուշադրությունը շեղում էին կոնվենցիաների բուն բովանդակությունից։ Այսինքն, փաստաթղթերի մասին գրեթե ոչ մի առարկայական տեղեկություն ընթերցողին չէր մատուցվում։ Փոխարենը՝ նորից ու նորից կրկնվում էին անհիմն թեզերն այն մասին, թե կոնվենցիաները պարտադրված են Հայաստանին և այլասերում են քարոզում։ 

Օրինակ՝ News.am-ի լրագրողը, Լանզարոտեի կոնվենցիայի մասին հոդվածում հարցնում էր․ «․․․ի՞նչ երաշխիք կա, որ խնդրահարույց բովանդակությամբ նյութերը չեն ներմուծվի դպրոցներ, և հանրությանը հայտնի ոչ ավանդական սեռական կողմնորոշման ջատագով ՀԿ-ները երեխաների սեռական պաշտպանության քողի տակ չեն մտնի դպրոցներ և չեն  «լուսավորի» երեխաներին՝ նրանց ակամա խոցելի դարձնելով»։

Նույն կայքը մեջբերում էր ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, որը երկար մանիպուլյացիա չէր անում, այլ Լանզարոտեի և Ստամբուլյան փաստաթղթերը ուղղակի անվանում էր «խուժան կոնվենցիաներ»։  

2023-ին Aysor.am-ին տված հարցազրույցում նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պնդում էր, թե Ստամբուլյան կոնվենցիան միշտ եղել է ՀՀ-ին պարտադրվելիք ԵՄ ճանապարհային քարտեզի առանցքային կետերից մեկը»։ Զոհրաբյանը դեմ էր կոնվենցիային և խրատական պատմություն էր պատմում իր սեփական կյանքից․ նա օգնեց մի կնոջ, «ում վրա ամուսինն օրական մեկ տուփ սիգարետ էր հանգցնում», տեղափոխվել ապաստարան, իսկ կնոջ մայրը նրան հորդորեց չքանդել աղջկա ընտանիքը։ Որպես հիշեցում՝ Նաիրա Զոհրաբյանը եղել է ԱԺ Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ։ 

Զգայուն թեմաներով մանիպուլյատիվ տեղեկության ճնշող մեծամասնությունը քաղաքական ենթատեքստ ունի։ Լինեն դա ընտենական բռնության դեմ պայքարը ապազգային հռչակողները, թե ԼԳԲՏ մարդկանց հայ լինելը մերժողները, նպատակը մեծ մասամբ ոչ թե խնդիրները հասկանալն է, այլ քաղաքական գրոհը։  

Քաղաքական գործիչները առհասարակ շատ են սիրում թիրախի տակ վերցնել զգայուն թեմաները․ այդպես մեդիայում աղմուկ հանելը շատ ավելի հեշտ է։ Հայաստանում 2021 թ․ արտահերթ ընտրություններին նախորդող շրջանում զգայուն թեմաների շահագործումը իշխանություն-ընդդիմություն պայքարում հատկապես կատաղի էր։

Ընդդիմության աջակից հարթակները «վախեցնում» էին ընտրողներին․ «Եթե ՀՀ քաղաքացիները ցանկանում են, որպեսզի իրենց երեխաները դառնան ԼԳԲՏ համայնքի անդամներ, ապա հունիսի 20-ին կարող են ընտրել Փաշինյանին»։ Ընդդիմությունը տարածում էր թեզը, որ իշխանությանը աջակցում են միայն ԼԳԲՏ մարդիկ, որոնք  իսկական սպառնալիք են Հայաստանի համար։ Իշխանության աջակիցները փորձում էին բաստիոնը պահել ու շեշտում՝ այդ ընդդիմության հավաքներին են ԼԳԲՏ ակտիվիստները ելույթ ունենում։

Ընդդիմադիրներն ասում էին, որ Հանրապետության հրապարակում է հնչում է ԼԳԲՏ քարոզ, իշխանամետները` որ Բաղրամյան պողոտայում է այդ քարոզը։ Իրական ԼԳԲՏ մարդկանց ձայնը այս աղմուկի մեջ, իհարկե, լսելի չէր։ 

Թվում է՝ քաղաքական ուժերը ուղիղ կապ էին տեսնում նման զգայուն թեմաներով հրահրած մեդիա աղմուկի և ստանալիք քվեների միջև։ Բայց 2021 թ․ ընտրությունները ցույց տվեցին այս մոտեցման խիստ սահմանափակ արդյունավետությունը։ ԼԳԲՏ անձանց թիրախավորելը չօգնեց պատերազմում պարտված կառավարությանը հեռացնել իշխանությունից։ Այս համատեքստում, թերևս, հատկանշական է, որ աղմուկ հանելու գործում առաջատար ընդդիմադիր Տելեգրամ ալիք «Մեդիապորտը» փակվեց ընտրությունների հենց հաջորդ օրը։ Գուցե ընտրողների հետ խնդիրների մասին ուղիղ խոսելը ԼԳԲՏ մարդկանց դեմոնիզացնելուց ավելի արդյունավե՞տ լիներ՝ ով իմանա։

Կարինե Ղազարյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *