Հայաստանի նման երկրներում խորհրդարանում լրագրողների աշխատանքը փակ տարածքներում աշխատելու լավ ցուցիչ է: Ի տարբերություն պետական այլ մարմիններում հավատարմագրված լրագրողների աշխատանքի, ԱԺ-ում լրագրողը տեւական ժամանակ է անցկացնում: Այնտեղ նա հարաբերություններ ստեղծող է, որպեսզի, դիցուք, հետ չմնա այս կամ այն իրադարձությանը պատգամավորի տված գնահատականից:
Այստեղ ժպիտը եւ հարաբերությունը շատ բան են որոշում: Այդ հարաբերությունների հավակնությունն ունի, օրինակ, հանրապետական Սամվել Ալեքսանյանը: Մի առիթով նույնիսկ ասաց, որ լրագրողներից նեղացել է, որովհետեւ «ախպեր, կանգնած եմ, ոչ մեկը չի մոտենում»: Իրականում պատասխանում է, երբ բոլոր լրագրողներն են նրան «աքցանում»:
Փակ տարածության մեջ էքսկլյուզիվ նյութ անելը գրեթե անհնար բան է: Պատգամավորները, կարեւոր չէ, ընդդիմադիր, թե դիմադիր, հեշտ են շրջանցում մենակ մոտեցած լրագրողին: Վարդան Օսկանյանի պարագայում անհնար է նույնիսկ լրագրողների բանակով մոտենալը: «Ես դեռ չեմ մտածել այդ մասին»,-ասում է ինքը թեկուզ Հայաստանի վրա տարածաշրջանային հակամարտությունների թողնելիք ազդեցության մասին հարցի առիթով:
Իրենց մատչելիությամբ ԲՀԿ-ական պատգամավորները քիչ բանով են տարբերվում հանրապետական թաղային հեղինակություններից: Երբեմն ավելի անմատչելի են: Այստեղ ժպիտը եւ նույնիսկ քծնանքն էլ չեն օգնում, գործուղում են Նաիրա Զոհրաբյանի կամ Տիգրան Ուրիխանյանի մոտ: Լրագրողների համար պարզապես «7 կողպեքի տակ» փակված պատգամավոր է նախկին լրագրող Վահե Հովհաննիսյանը: Նաիրա Զոհրաբյանն արդեն հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբեր չի պատասխանելու ներքաղաքական որեւէ հարցի:
Պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանին քիչ է հետաքրքրում լրագրողի հետ աշխատանքը: Ահա ինչու, նա խորհրդարանի պատերից ներս գրեթե շփումներ չի ունենում: Գալուստ Սահակյանը փնտրված զրուցակից է:
Ալեքսանդր Արզումանյանը, որը դաշտում որեւէ քաղաքական ուժ չի ներկայացնում, հպարտ մարդ է: Դարձյալ շփումներ չի փնտրում: Չի սիրում ռեպորտաժներում երեւալ, այլ՝ ուղիղ եթերներում կամ մեծ հարցազրույցներում: Նրան երկար պետք է քծնես ռեպորտաժի մեջ խցկելու համար:
Հրանտ Բագրատյանը պահանջում է, որ ռեպորտաժում իրենից բացի որեւէ մեկը տվյալ տնտեսական ցուցիչը կամ իրադարձությունը չմեկնաբանի: Ասում է, որ հենց այդ պատճառով գժտվել է «Ազատության» հետ: Ստիպված ես ընդունել խաղի կանոնները կամ վարվել «Ազատության» նման: Ենթադրում եմ, որ գժտվելու իմ հերթն էլ կգա:
Ի՞նչ է անում լրագրողը քառօրյաների ժամանակ: Խոսքը եւ կայքերի եւ հեռուստատեսային լրագրողներիի մասին է: Կայքի լրագրողը նախորդ օրերին կամ տվյալ օրը տեղի ունեցած որեւէ դեպքի օպերատիվ արձագանքն է «մուրում», ասենք, հանրապետական պատգամավորից:
Վերցնենք քառօրյայի մեկ օրը, ասենք, երկուշաբթին: Հանրապետականներն իրականում ամենամատչելին են: Բայց քաղաքական թեւը՝ Գալուստ Սահակյան, Հովհաննես Սահակյան, որոշ վերապահումներով՝ Կարինե Աճեմյան եւ այլն: Եթե ասելիք ունեն, չեն մերժում: Գալուստ Սահակյանը եւ Հովհաննես Սահակյանը վատ ինֆորմատորներ են, բայց տանելի մեկնաբաններ: Այս երկուսը խորհրդարանական լրագրողների մեջ թշնամիներ չունեն: Եթե սադրանք չկա հարցի մեջ, Աստված գիտի, թե ինչ բարոյական մտքեր կհայտնեն: Իսկ եթե սադրանք կա, պաշտոնական բառապաշարն անխուսափելի է:
Իսկ ահա գործարար, մականունավոր կամ թաղային թեւը առանձին թեմա է: Նահապետ Գեւորգյանը գրեթե միշտ վիրավորում է, «կամերադ էն յան քաշի, արա»: Արտակ Սարգսյանը բոլոր «սադրիչ» հարցերի համար ունի մեկ նախադասություն՝ նախ հարց տալ սովորիր: Հովիկ Աբրահամյանը անձնավորված հարցերին հակադարձում է. «Ես լուրջ հարցերին եմ պատասխանում»:
Փակ տարածության մեջ լրագրողն իրեն պետք է արդարացնի լուր հայթայթելով նրանցից, որոնք ատամ ունեն նրա վրա: Ժպիտն այստեղ զրույց սկսելու պարտադիր խթան է: Հատկապես ՀՀԿ-ականները դա ընդունում են որպես փոխզիջում խոսելու եւ հարվածի տակ չընկնելու միջեւ: Փակ տարածությունն իսկական փորձություն է հատկապես գործարքային հիմունքով աշխատող լրագրողի համար, այսինքն, նրա, ով վարձատրվում է ըստ նյութի: Նման դեպքերում մեծ է գայթակղությունը պատգամավորին ասել՝ դուք իմ հարցին պատասխանեք ոնց հարմար եք գտնում:
Լրագրողական «չարությունը» փակ տարածության մեջ վտանգավոր զենք է: Ամենավտանգավորն այստեղ քո «քաղաքական» կողմնորոշումը մատնելն է:
ՀԱԿ-ի պատգամավորներից ոմանք, օրինակ չեն սիրում խոսել «Հրապարակի» լրագրողների հետ: ՕԵԿ պատգամավորներից մեկնաբանություններ են վերցնում հիմնականում պաշտոնական գաղափարախոսության խոսափող հեռուստաընկերությունները: «Ժառանգության» պատգամավորները պատրաստակամ են, բայց թեմային սրություն հաղորդելու համար լսելի է միայն Զարուհի Փոստանջյանը: Թեւան Պողոսյանը չի էլ փնտրում լրագրողների «ընկերակցությունը», ինչպես եւ՝ հակառակը:
Մեր ԱԺ-ում տարածված ընկալում է, որ որոշ լրագրողներ հակված են սարքելու պատգամավորների գլխին: Ահա ինչու, երբ մոտենում ես Նահապետ Գեւորգյանին, նրա հակազդեցությունն արտահայտվում է այսպես. «Արա, դու հո փորձանք չես»: Շփման համար անհետաքրքիր են հատկապես երիտհանրապետակ քաղաքական դատողություններ անողները: Իսկ ոչ քաղաքական երիտները տանելի են:
Շուշան Պետրոսյանին հարցնում ես, թե ի՞նչ է մտածում Տարոն Մարգարյանի հայտարարագրի դեմ դատախազություն ներկայացրած ՀԱԿ-ի դիմումի մասին, ասում է. «Ինչի՞ եք իմ գլխին սարքում, դուք գիտե՞ք, թե ես ինչ լավ համերգի եմ պատրաստվում, դրա մասին գրեք»: Մյուս երիտները ստանդարտ պատասխան ունեն՝ Տարոն Մարգարյանը միշտ էլ բիզնես է ունեցել:
Մոտենում ես Սուրիկ Խաչատրյանի թեմայով: Խնդրում ես մեկնաբանել կրակոցների փաստը: Նույնքան ստանդարտ պատասխան՝ դատարանի վճռից հետո կխոսենք: Աստված չանի, եթե հանկարծ որեւէ աղմկահարույց դեպք տեղի ունեցած լինի: ՀՅԴ խմբակցությունն ամբողջ կազմով, բռնվեք, հրաժարվում է մեկնաբանել Սուրիկ Խաչատրյանի դեպքը: Հետո իրիկունը տեսնում ես, որ այդ թեմայով Արմեն Ռուստամյանը կցկտուր խոսել է «Երկիր Մեդիայի» թղթակցի հետ: Չնայած դրան, գլխի չես ընկնում, թե ում է մեղադրում երկրում ստեղծված իրավիճակի համար:
Իրականում այնպես չէ, որ խորհրդարանում աշխատելը դժվար է: Տարօրինակն այն է, որ լրագրող տեսնելիս պատգամավորները «մարդ» են խաղում հատկապես տեսախցիկ տեսնելիս: «Պատրաստ չեմ», «հարմար չի» (ԲՀԿ-ականներ), «մի քիչ հետո», «զբաղված եմ» (Դաշնակցություն): ՕԵԿ-ը հիմնականում պատրաստակամ է, բայց հետաքրքիր չէ, ՀԱԿ-ն ունի ընտրյալ լրագրողներ: Հանրապետականն ունի «ընտրյալ» մեկնաբաններ: «Ժառանգության» մասին էլ չգիտեմ, թե ինչ ասեմ:
Մհեր Արշակյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: