2022.12.22,

Նյուսրում

Պատերազմի շոկի մեջ և շոկից դուրս․ ինչ են պատմում լրագրողները «Թվապատման»-ը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

«Թվապատում Aftershock 2022» մեդիա կոնֆերանսի պատումները պատերազմների ժամանակ լրագրողների անվտանգության, փաստերի ստուգման, ապատեղեկատվության հոսքերի մեջ կողմնորոշվելու, քարոզչության և հոգեբանական հավասարակշռության թեմաներով էին։ 

Երբ պատերազմը մերն է․․․ 

Ինչքան էլ հայ լրագրողներն անցած լինեին տարբեր դասընթացներ, ունենային 2016-ի ապրիլյան քառօրյայի փորձը, միևնույն է 2020թ-ի արցախյան 44 օրյա պատերազմի լուսաբանման անպատրաստ էին։ Շատ լրագրողներ Արցախում հայտնվել էին անգամ առանց  զրահաբաճկոնների և առաջին բուժօգնության մասին անհրաժեշտ գիտելիքների։ Տեղում կողմորոշվելու և աշխատելու պլանի մասին ավելորդ է խոսել, թեև որոշ լրատվամիջոցներ կարողացան ականատես լինել և փաստագրել առաջնագծում կատարվողը։ 

Հետքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ասում է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի փորձը և լայն կապերը նաև զինվորականության շրջանում օգնել են 2020-ի հենց առաջին օրերին տեղորոշել թեժ ուղղությունները և գնալ այնտեղ։ 

«Մենք հայտվեցինք մարտի դաշտում հենց գործողությունների ժամանակ։ Երկար մնալ հնարավոր չէր, հետդարձին մեզ հետ 2 վիրավոր զինվորների բերեցինք։ Եթե օրինակ Ուկրաինայում աշխատելիս լինեինք, դժվար ռազմի դաշտից մեզ հետ զինվորներ վերցնեինք, բայց այս դեպքում նրանք մեր զինվորներն էին, բացի դա մենք շատ լավ ծանոթ էինք տեղանքին․․․»,-պատմում է Էդիկ Բաղդասարյանը։ 

Երկու տարուց ավելի է վերջացել է 44 օրյա պատերազմը, բայց Հետքի խմբագրությունը դեռ աշխատում է այդ օրերին հավաքած մեծ նյութի հետ, կապ պահում պատերազմի ժամանակ հանդիպած տղաների հետ, գրում նրանց պատմությունները։ Լրատվամիջոցն այս պատմությունների և սեփական նյութի հիման վրա ներկայացնում է կոնկրետ ուղղություններով ընթացած ռազմական գործողությունների ընթացքը, քարտեզագրում տեղանքը։ 

«Մեզ հաճախ են հարցնում, ինչու ենք շարունակում պատերազմի թեմայով հետաքննությունները։ Ես ասում եմ, որ սկսածը պետք է ավարտել, պետք է ի վերջո իմանանք ինչու այս ձևով պարտվեցինք, ինչ հնարավորություններ ունեինք, որ չօգտագործվեց, ինչքան զենք կար և այլն։ Մենք հիմնավորումների կարիք ունենք, հավաքում ենք փաստերը»,- ասում է Հետքի խմբագիրը։ 

Նրա խոսքով, պետական և պաշտոնական աղբյուրների հետ գրեթե անհնար է աշխատել, ստիպված ունեցած աղբյուրներն են օգտագործում, իսկ դրանք միշտ չէ, որ պատմում, ներկայացնում են ճշմարիտը։ 

«Պատերազմի մասին մեծ հաշվով բոլորը ստում են։ Անգամ այնպիսի դեպքեր են եղել, երբ նույն զրուցակիցս երկրորդ անգամ առաջին զրույցից տարբեր ձևով է պատմել եղելությունը։ Պատերազմների ժամանակ ստի տարածման փականները բացվում են։ Եվ մենք՝ լրագրողներս, պետք է հնարավորինս կանխենք հոսքը»։ 

Հետքում հետպատերազմական հետաքննությամբ զբաղվում է 8 լրագրողներից բաղկացած թիմը։ Խմբագիրն ասում է մի քիչ դանդաղել են, որովհետև թեման ծանր է, լրագրողները կարիք ունեն դադարի և տարածության «Մեր լրագրողներից շատերը ծանր են տանում թեման, նրանց դժվար է պատմել ու ներկայացնել, ժամանակ է պետք ամեն թեման մարսելու համար»։ 

Հետպատերազմյան վավերագրական իր աշխատանքի մասին էր պատմում նաև լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը։ Նրա շարքը ներկայացնում է 2020-ին պատերազմի դաշտում այրվածքներ ստացած տղաներին, որոնք ինչպես հետագայում բուժման ծանր ընթացքից պարզվեց, տուժել են Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառման արդյունքում։ 

«Սկզբում միայն բժիշկների հետ էի խոսում հիվանդանոցում, որովհետև չէի կարող հարազատների, տղաների հետ խոսել։ Նրանցից շատերը մինչև 8-9 վիրահատություն են տարել․․․և՛ նրանց էր կազդուրման համար ժամանակ պետք, և՛ ինձ, որպեսզի նորից մոտենամ թեմային»,- պատմում է լուսանկարիչը։ 

Նա այս այրվածքների Հայաստանում փորձաքննությունների հարցով դիմել է Առողջապահության նախարարություն և Պաշտպանության նախարարություն և ոչինչ չասող պատասխաններ ստացել։ 

Թեման դեռ հետազոտում է, պատրաստվում է այլ տուժածների լուսանկարել, երբեմն օգտագործել լուսանկարչական հնարքներ, որովհետև անբացատերլի ծանր է տղաների համար պատմել, առավելևս լուսանկարվել։ 

Երբ պատերազմը Ուկրաինայում է․․․ 

IWPR-ի Ուկրաինայի ձայնը ծրագրի ղեկավար Օլգա Գուժևան պատմում է, որ իրենք ոչ միայն ներկայացնում են ընթացող ռազմական գործողությունները, այլև պատերազմական հանցագործությունների մասին նյութեր են պատրասատում։ 

«Պատերազմը զրո չեզոքություն ունի, հիմա բոլորը սև ու սպիտակի են բաժանված, չկան մոխրագույնի տարբեր երանգները, որովհետև ճշմարտությունը չի կարող մեջտեղում լինել։ Իսկ մենք կոշտ բնորոշումներ տալ չենք կարող, որովհետև շատ նյութեր փաստաթղթավորվում են դատական գործերի համար։ Կարևոր է նրբորեն ընտրել բառերը․․․»։ 

Նրա խոսքով, երբեմն պարզվում է միայն լրագրողներն են կոնկրետ որևէ ռազմական հանցագործության ականատեսը և այլ վկաներ չկան։ Մոտ 54 հազար նյութ է պատրաստվել կամ պատրաստման փուլում է։ Դրանք պարունակում են լուսանկարներ, տարածքի նկարագրություններ, մարդկանց վկայություններ։  

Օլգան համեմատում է իրենց և արտասահմանյան լրագրողների աշխատանքը, նրանք գալիս են լուսանկարում, տեսագրում մարդկանց ու հեռանում, իսկ իրենք մնում են պատերազմի մեջ, որն արդեն կենցաղի մաս է։ 

«Տեսա ինչպես ռումբը պայթեց իմ տան  բակում, դրսից  եկած բոլոր լրագրողները ինձ հարցնում էին, ինչ էմոցիաներ ունեմ այդ պահին։ Բայց միակ բանը որ ես մտածում էի, որ ես ու աղջիկը ողջ ենք»,-անկեղծանում է Գուժևան։ 

Մեկ այլ, արդեն ուկրաինացի ռազմական լրագրող Իրինա Սամպան պատմում է, որ պատերազմի ընթացքում շատ լրագրողներ ստիպված են եղել իրենց երեխաներին տեղափոխել անվտանգ վայրեր և նորից վերադառնալ Ուկրաինա իրենց աշխատանքին։ 

«Այս տարվա փետրվարից փոխվեց ուկրաինացի լրագրողների կյանքը, ռազմի դաշտում շատերն առաջին անգամ հասկացան պատերազմ լուսաբանելու դժվարությունը։ Դաժան է գրել քո երկրի պատերազմի մասին,, որովհետև օբյեկտիվության հարցն ամեն քայլափոխի հետապնդում է քեզ։ Ինչպես բալանսավորել, երբ մի կողմն ակնհայտ ագրեսոր է, սպանում է, բռնաբարում, խոշտանգումների ենթարկում քո համերկրացիներին»,-ասում է Սամպան։ 

Ըստ Իրինայի ամենածանրը պատերազմում գործընկերներ կորցնելն է։ 

Երբ լրագրողները պատրաստ չեն պատերազմի 

Կոնֆերանսի բոլոր բանախոսները կարևորում էին անվտանգության հարցը՝ ֆիզիկապես, ֆինանսապես, հոգեբանորեն։ 

Օրինակ, Իրինա Սամպան՝ Ուկրաինայում կին լրագրողների շրջանում անցկացված հարցումը վկայակոչելով, ասում է, որ 81%-ը չի ունեցել տարրական առողջապահական ապահովագրություն, միայն 19%-ն է իր առողջությունը գնահատել։ Ընդ որում,  67%-ի դեպքում դա արվել է սեփական միջոցներով, 24%-ի համար ապահովագրություն արել է գործատուն։ 

Արցախյան պատերազմի ժամանակ ևu ոչ մի լրագրող չի ունեցել առողջության ապահովագրության։ Երբ լրագրողներից մեկը նախաձեռնել է դա անել, նախքան դեպքի վայր մեկնելը պարզվել է, որ ապահովագրության նման տեսակ հասանելի չէ։ 

«Մենք հարցում ենք իրականացրել հայաստանյան խմբագրություններում և պարզել, որ ոչ միայն առողջության, գույքի, կյանքի ապահովագրություն չունեն, այլև ճգնաժամային իրավիճակներում աշխատելու քաղաքականություն։ Բոլոր դեպքերում նույն պատճառաբանությունն է՝ ֆինանսական սղություն»,-ասում է Հանրային լրագրողության ակումբի համահիմնադիր Սեդա Մուրադյանը։ 

Նրա խոսքով, կարևոր է ճգնաժամային պայմաններում լրագրողների աշխատանքը կազմակերպելու համար տեղում ֆոնդ ստեղծել, որպեսզի հնարավոր լինի սաղավարտներ գնել, ճանապարհածախս հոգալ, հոգեբանական ծառայություններ ապահովել և այլն։ 

Դրսի ֆոդերը, նրա խոսքով, նման իրավիճակում դանդաղ են արձագանքում, կարիք է լինում տարբեր պայմանավորվածություններ, փաստաթղթեր պատրաստվել, իսկ պատերազմի լուսաբանելիս օպերատիվության խնդիր կա։ 

Գայանե Ասրյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *