2022.11.10,

Նյուսրում

Մեդիան և գովազդը վերափոխման ճանապարհին

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

2022թ-ի սեպտեմբերից Հայաստանում լրատվամիջոցները չեն կարող շահումով խաղերի գովազդ ցուցադրել։ Տարբեր հաշվարկներով շատ խմբագրությունների գովազդային բյուջեների մոտ 30-40%-ը հենց շահումով խաղերն էին կազմում։   

Թեև լրատվամիջոցները ժամանակ են ունեցել նոր և այլընտրանքային գովազդի տարբերակներ քննարկելու, սակայն շուկայի փոքրության պայմաններում դժվար է արագ կողմնորոշվել։ 

Մեդիա ոլորտի ներկայացուցիչները և գովազդային ծառայություններ մատուցողները Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Լրադադար ակումբի ձևաչափում քննարկեցին, թե ինչու մեդիան չի կարողանում իր պրոդուկտը վաճառել և հետաքրքրել գովազդային գործակալներին։ Ինչպես նաև գովազդի ոլորտի մասնագետները ներկայացրին շուկայի վիճակն ու իրենց մտահոգությունները։ 

Քննարկման ժամանակ հնչեցված խնդիրները, վիճակագրությունն ու կանխատեսումները ներկայացնում ենք համակարգված և առանձին ենթավերնագրերով։ 

Գովազդային շուկայի թվերը 

Media.am-ը նախկինում մի քանի հրապարակումներ է ունեցել գովազդային շուկայի շրջանառության մասին, ներկայացված թվերը եղել են հիմնականում փորձագիտական։  

2022թ-ի համար ամբողջ շուկայի (հեռուստագովազդ, ռադիոգովազդ, թվային և արտաքին գովազդ) շրջանառությունը հասնում է մոտ 60 մլն դոլարի։ 

Տենդենցներ 

Թեև շահումով խաղերի գովազդը տեղական մեդիայում արգելվել է, սակայն 2022թ-ին դրանց  փոխարինել են միջազգային խոշոր բրենդներ, օրինակ շուկա է մտել Յանդեքսը։ Իսկ շահումով խաղերի տեղական գովազդը տեղափոխվել է դրսի հարթակներ, այսինքն՝ փողը գնում է երկրից դուրս, սակայն գովազդը սպառում են Հայաստանում։ 

Երկիր ժամանած օտարերկրացիներով պայմանավորված եկող տարվա համար կմեծանա արտաքին գովազդի հանդեպ հետաքրքրությունը։ Իսկ թվային գովազդը ինչպես անցած տարիներին այս տարի ևս ամենազարգացող ուղղությունն  է։  Ինչպես միշտ ռադիոգովազդը  պահպանում է կայունությունը, իսկ առաջատարը հեռուստագովազդն է, (գովազդային բյուջեների 50 և ավելի տոկոսը գնում է ավանդական մեդիա)։ 

Պատճառն ըստ մասնագետների այն է, որ հեռուստագովազդն ի տարբերություն այլ գովազդների չափելի է․ գովազդատուներին հնարավոր է լինում վիճակագրություն ցույց տալ։ Հեռուստագովազդը նախընտրում են հիմնականում խոշոր գովազդատուները, իսկ օրինակ միջին կամ փոքր բյուջեի (մինչև 20 հազար դոլար)  դեպքում այնպես են ուզում տեղադրել գովազդ, որ մաքսիմում արդյունավետ լինի։ Հիմնականում այդ գումարը գնում է առցանց հարթակներ։ 

Թվային գովազդը, խնդիրները 

Թվային գովազդի բյուջեի փոքր մասն է մնում  Հայաստանում, մեծ մասը գնում է ամենաարդյունավետ գործիքներ առաջակող հարթակներ, Մետան առաջին տեղում է՝ իր Ֆեյսբուք և Ինստագրամ հարթակներով, 2-րդ տեղում Գուգլն է։ Այս հարթակները նախընտրող գովազդատուները հստակ դիրքորոշում ունեն՝ իրենց գովազդը պետք է տարբերվի ուղիղ տեղադրումից։ Գործակալությունների ներկայացուցիչներն ասում են խմբագիրներին, որ կարևոր է այս փաստը ընդունել և այնպիսի բովանդակություն առաջարկել գովազդատուին, որ մեծ մրցակցության մեջ դեպի մեզ՝ տեղական հարթակներ, գումար բերելու հնարավորություն լինի։ 

Գուգլի, այդ թվում Յություբի գովազդը, մոնետիզացիայի հնարավորությունները 2020թ-ի նոյեմբերից չեն աշխատում հայերեն կոնտենտով գործող կայքերի կամ ալիքների համար։   

Գուգլը ողջ 2020թ-ի ընթացքում գովազդի ու մոնետիզացիայի պայմանների բազմաթիվ փոփոխություններ է կատարել, որի հիմնական պատճառը Քովիդ-19-ի համավարակն էր։ Կորպորացիան 2020թ-ի նոյեմբերին, շատ այլ լեզուների հետ մոնետիզացիայի սպասարկումից ընդհանրապես անջատել է հայերենը։   

Սա նշանակում է, որ հայերեն կոնտենտ արտադրող կայքը կամ ալիքը չի կարող մոնետիզացվել, իսկ հայերեն կոնտենտով գովազդը չի կարող հաստատվել Գուգլի համապատասխան պլատֆորմներում։     

Գուգլի այս որոշումից հետո շատերը, անիմաստ համարելով շարունակել պրոյեկտները, դադարեցրել են դրանք։ Առանց այն էլ հայերեն բովանդակությունը համացանցում այլ լեզուների համեմատ շատ թույլ է զարգացած ։ Օրինակ՝ սլովեներենն ունի մոտ 2,5 մլն լեզվի կրող, սակայնհամացանցի կայքերում 0,1 տոկոս բովանդակությունն իրենն է։ Սա շատ մեծ ցուցանիշ է այդ լեզվով խոսողների ու ստեղծվող կոնտենտի համեմատությամբ։  

Գուգլի հայերենիսահմանափակումը ստեղծել է նաև հայերենի պահպանության խնդիր, որին հակազդող քայլեր դեռևս չեն նկատվում։ Գուգլը 2020թ-ի նոյեմբերից հետոսպասարկում է 49 լեզու։   

Գովազդատուն գնում է լսարան, ոչ թե թրաֆիկ 

Ժամանակին կար գովազդային ցանց՝  միասնական և հասկանալի խաղի կանոններով համակարգ, բոլորը տեսնում էին թրաֆիկները, շարժը։ Դրա հիման վրա գովազդը բաշխվում էր հարթակների միջև։  

Գովազդային գործակալներն անկեղծանում են՝ տեղական լրատվական կայքերի հետ աշխատելն իրենց համար գլխացավանք է թե՛ կազմակերպչական, թե՛ ֆինանսական առումով, դրա համար նախընտրում են գովազդներ տեղադրել դրսում։ Նրանք ոչ թե քանակ են վաճառում, այլ սեգմենտ, հետաքրքրություն և բովանդակություն։ Այսօր արդեն հնարավոր է հստակ թիրախավորել պոտենցիալ սպառողներին՝ օգտագործելով լոկացիաներ, առցանց հետքեր և այլ գործիքներ, ուստի արդյունավետ գովազդը պերֆորմանսի մղողն է։ 

Գովազդային տեսանկյունից ավելի շահեկան վիճակում է նիշային մեդիան, որովհետև թիրախային տեղադրումների հնարավարություն է տալիս։ Բաներային գովազդը պահանջված չէ և իր տեղը վաղուց զիջել է կոմերցիոն բնույթի (PR) տեքստերին։ 

Գործակալություն-մեդիա կապը, միջնորդավճարները, կոնտենտը 

Գործակալություններ-մեդիա համագործակցությունը չի ստացվում նաև այն պատճառով, որ կողմերը միևնույն լեզվով չեն հաղորդակցվում։ Լրատվամիջոցներն իրենց խմբագրակազմերում չունեն թվային մարքեթինգի և ընդհանրապես գովազդի մասնագետներ, ինչը դժվարացնում է համատեղ աշխատանքը։ 

Մյուս խնդիրը կապված է բովանդակության հետ։ Թե՛ տեղական, թե՛ միջազգային գովազդատուները չեն ցանկանում, որ իրենց գովազդը տեղադրվի խիստ քաղաքականացված, արյունոտ, ատելության խոսք տարածող մեդիա հարթակներում։ 

Գովազդով զբաղվող մասնագետները խորհուրդ են տալիս մեդիային միավորվել որևէ կառույցի, միավորման մեջ և գովազդի վաճառքը  պատվիրակել նրան։ Մի խոսքով ձևավորել վաճառքի լավ համակարգ, որը պատրաստ կլինի զեղչեր անել հաճախորդների համար և միջնորդավճարներ սահմանել գործակալությունների համար։ 

Գործակալությունների հետ համագործակցությունը կօգնի նաև լսարանից եկող ազդակները գնահատել և թեմատիկ աշխատանք տանել, որպեսզի այդ նույն լսարանին հնարավոր լինի կայքում պահել և ամեն անգամ հետաքրքրություններին համարժեք բովանդակություն առաջարկել։ 

Գայանե Ասրյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *