Հաճախ կարելի է հանդիպել քննարկումների, թե ինչպես լրագրողները կամ լրատվամիջոցները պետք է մասնակցեն տեղեկատվական պատերազմին։ Շատ երկրների դեպքում այս հարցն, անկասկած, անիմաստ է և անհասկանալի։ Հայաստանի դեպքում այն շատ տրամաբանական է։
Դժվար թե որևէ մեկը չի նկատել, որ Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ենթարկվում է ոչ միայն անմիջական ռազմական հարձակումների, այլև հանդիսանում է հիբրիդային հարձակումների թիրախ, որի հիմնական բաղադրիչներից մեկը հենց տեղեկատվությունն է։ Ինչը լրագրողներին և խմբագիրներին ակամայից դարձնում է այդ պատերազմի մի մաս, նույնիսկ եթե նրան նման ցանկություն չունեն։
Բայց լինում են դեպքեր, երբ լրագրողները պատկերացնում են իրենց մասնակցությունը շատ ուղղակի՝ այնպես, ինչպես գործում են թշնամու գործակալները և քարոզչական հիմնարկները։
Փաստացի Ադրբեջանում բոլոր լրատվամիջոցներն այսօր հանդիսանում են բացահայտ քարոզչական հաստատություններ։ Այնտեղ սկզբունքորեն գոյություն չունի ազատ մամուլ։ Ազատ մտածողություն ունեցող լրագրողները կամ հողի տակ են, կամ բանտում, կամ փախել են երկրից և կրկին վախենում են իրենց կյանքի համար։
Մենք չենք կարող մեզ թույլ տալ նույն կերպ սիմետրիկ գործողությունների դիմելու, մեր լրատվական դաշտը, որն իր հերթին հաճախ չի փայլում պրոֆեսիոնալիզմով, դարձնելու քարոզչամեքենա։
Բայց միևնույն է մնում է հարց, թե ինչ կարող է անել նման դեպքերում լրատվամիջոցը, որ անմաս չմնա վտանգավոր գործընթացներից, բայց հետն էլ չդեգրադացվի ադրբեջանական քարոզչական հարթակների պես։
Լուծումներ կան։ Առաջնայինը ստեղծելն է փաստերի ստուգման թիմեր, որոնք թույլ կտան օպերատիվ բացահայտել կեղծիքները։ Սա նաև կարևոր է թշնամու հանցագործությունների փաստագրման և հետագայում դրանք միջազգային ատյաններում ներկայացնելու համար։
Բոլորս էլ լավ գիտենք, որ այսօր Հայաստանում ընդամենը մի քանի խմբագրություն ունի նման փաստերի ստուգմամբ զբաղվող թիմ։ Սա ոչ միայն տեղեկատվական պատերազմի խնդիր է, այլ այսօրվա մեդիա դաշտում ընդհանուր լրագրության որակի հարց։
Երկրորդն այն է, որ տեղեկատվական հակամարտության ընթացքում լրատվամիջոցները, լրագրողները մեծ դեր ունեն ճշմարտությունը տարածելու հարցում։
Հասկանալի է, որ լրատվամիջոցն ու լրագրողը չպետք է ադրբեջանական քարոզիչների պես տարածեն կեղծիքներ։ Սակայն պետք է ունակ լինեն ճիշտ տեղեկատվություն տարածել, որ հակակշիռ հանդիսանան տարածվող ստերին։ Սա է այն հիմնական մասնակցությունը, որը պետք է լինի տեղեկատվական պատերազմում։
Բայց դրա համար անհրաժեշտ է երկու կարևոր բան։ Առաջինը ոչ միայն հայերենով տեղեկատվության առկայությունն է։ Ռուսերեն և անգլերեն որակյալ լրահոսն այն է, ինչում մենք լուրջ թերանում ենք, թե՛ պաշտոնական տեղեկատվության հարցում, թե՛ բուն լրատվական։
Երկրորդը՝ սոցցանցերում հարթակների ներկայությունն է, որը թույլ կտա եղած տեղեկատվությունը հասցնել միջազգային հանրությանը։
Այսօր անգլերեն և ռուսերեն տեղեկատվության դեպի «դուրս» տարածման լավագույն հարթակը Թվիթերն է։ Ռուսերենի դեպքում լուրջ գործիք է դառնում նաև Տելեգրամը։
Իսկ ի՞նչ ունենք մենք այս ուղղություններում։ Այստեղ չեմ նշում սփյուռքահայ լրատվականներին, որոնք բավականին ազդեցիկ են, հիմնականում անգլերեն լեզվով։ Դիտարկենք Հայաստանից գործող լրատվականները։
Մի քանի օրինակ Թվիթերում ոչ հայերեն բովանդակություն ունեցող էջերից.
Civilnet – 33,6 հազար հետևորդ,
Hetq – 15,3 հազար հետևորդ,
News.am – 6 հազար հետևորդ,
Armenpress – մոտ 4 հազար հետևորդ։
Ինչպես տեսնում եք, շատ չեն։ Կարելի է գտնել ևս մի քանի նման էջ, բայց մեծ հաշվով ազդեցությունը բավականին նվազ է։ Գրեթե նույնատիպ իրավիճակ է Տելեգրամում։
Մեծ հաշվով, մեր լրատվական դաշտի ազդեցությունը ՀՀ սահմաններից դուրս շարունակում է մնալ շատ թույլ։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: