Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը համացանցում» (Countering the Authoritarian Overhaul of the Internet) տարեկան զեկույցը, որի hամաձայն՝ Հայաստանը ազատ երկրների շարքում է։
Հայաստանը ստացել է 74 միավոր (հնարավոր 100-ից), նախորդ տարի միավորները 71-ն էին։ Ինչը համապատասխանում է ազատ երկրների գոտուն։ Հաշվի են առնվում ինտերնետի մատչելիությունը, բովանդակության սահմանափակումները և օգտատերերի իրավունքների ոտնահարումները:
Հայաստանի համար դրական դեր են խաղացել մի քանի գործոն.
* տեղեկատվության շրջանառության սահմանափակման վերացումը, որը կիրառվել էր նախորդ տարիներին Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական զինված հակամարտության ժամանակ,
* կիբեր հարձակումների ավելի սակավ քանակը՝ լրատվամիջոցների հանդեպ,
* ծանր վիրավորանքը քրեականացնող հոդվածի չեղարկումը (ինչը հնարավոր եղավ կառավարության վրա տեղական ու միջազգային քաղաքացիական հատվածի ազդեցության շնորհիվ)։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանը գտնվում է անցումային փուլում, երբ դուրս է մղվում արմատացած հին քաղաքական վերնախավը։ Եվ կան խնդիրներ՝ համակարգային կոռուպցիա, ոչ թափանցիկ քաղաքականության, թերի ընտրական համակարգ, օրենքի թույլ գերակայություն:
Ռիսկերի շարքում են՝ քաղաքական միջամտությունը դատական համակարգին ու պետական պաշտոնյաների թշնամական հռետորաբանությունը մեդիայի նկատմամբ։
Հայաստանը շարունակում է լրջորեն տուժել 2020-ին Ադրբեջանի հետ հակամարտությունից (հատուկ հիշատակվում է, որ զեկույցը ամփոփվել մինչ 2022-ի սեպտեմբերը, երբ ադրբեջանական զինված ուժերը չէին սկսել հարձակումները հայկական տարածքների վրա)։
Ինտերնետ
Freedom House-ի համար կարևոր չափանիշ է ինտերնետի հասանելիությունը։ Հայաստանում ինտերնետ կապը, հատկապես հանրային Wi-Fi-ը, հասանելի է, մատչելի և արագությունը բարելավվում է (թեև մայրաքաղաքում իրավիճակն ավելի լավ է, քան մարզերում)։
Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տվյալներով՝ 2020-ից հայաստանցիների 76,5%-ն ուներ ինտերնետ հասանելիություն (2019-ին՝ 66,5% էր)։
Իսկ Համաշխարհային բանկի 2020-ի հետազոտության տվյալներով՝ Հայաստանում տնային տնտեսությունների 96%-ն ունի ինտերնետ հասանելիություն:
Լուրջ խնդիրն այն է, որ Հայաստանում գործող ինտերնետ պրովայդերները ունեն կապի սահմանափակումներ
դեպի Հայաստան և Հայաստանից դուրս, ինչը լուրջ մարտահրավեր է անխափան ինտերնետ կապ ապահովելու համար։ Օրինակ, երբ վնասվում են օպտիկամանրաթելային մալուխները (հիմնականում այդ ցանցերը անցնում են Վրաստանով, կան նաև պահուստային ցանցեր Իրանով), բաժանորդները զրկվում են ինտերնետից, ինչը բացասաբար է ազդում ինտերնետ կապի որակի վրա ամբողջ հանրապետությունում:
2020-ի դրությամբ Հայաստանում կար 183 ինտերնետ պրովայդեր, սակայն ֆիքսված լայնաշերտ ինտերնետի շուկայի զգալի մասը վերահսկում են երեք խոշորները։ 2021-ի սկզբին Յուքոմն ուներ 150 647 բաժանորդ, Բիլայնը՝ 55 127, Ռոստելեկոմը՝ 58 493։
Այս տվյալներն, իհարկե, փոխվել են վերջին երկու տարում, քանի որ շուկայում հայտնվել են նոր խաղացողներ ու վերափոխվել է շուկան։
Ինտերնետի խափանումները և սոցիալական մեդիա հարթակների արգելափակումները Հայաստանում տարածված երևույթ չեն։
Բովանդակության արգելափակումներ
Զեկույցում ասվում է, որ ընդհանուր առմամբ, մարդու իրավունքների միջազգային չափանիշներով պաշտպանված բովանդակությունը արգելափակված չէ:
2020-ի հոկտեմբերից թուրքական և ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ և կառավարական ռեսուրսներ .az և .tr տիրույթներում անհասանելի էին։ Եվ այդպես մի քանի ամիս էր։
Նաև սահմանափակումներ կային Տիկտոկ մուտք գործելու համար, սակայն ո՛չ պրովայդերները, ո՛չ պետությունը չեն հաստատել արգելափակումների մասին ինֆորմացիան։
Համավարակով, հետագայում ռազմական դրությամբ պայմանավորված եղել են պահանջեր հեռացնելու հրապարակումներ։
Արտակարգ դրության ժամանակ իշխանությունները պահանջել են հեռացնել 401 հրապարակում, 196-ը՝ լրատվամիջոցներում, 205-ը՝ սոցցանցերում։ 3 լրատվական կայքեր, որոնք ոստիկանությունը հրապարակայնորեն չի ներկայացրել, տուգանվել են 700 հազար դրամով: Եղել են նաև դեպքեր, երբ ոստիկանությունը կարգադրել է անձանց հեռացնել կոնֆլիկտի հետ կապված բովանդակությունը:
2021-ին Ֆեյսբուքը չի սահմանափակել մուտքը դեպի որևէ բովանդակություն՝ հիմնվելով Հայաստանի կառավարության հայցերի վրա: Կառավարությունից նման հայցեր չեն ստացել Թվիթերը ու Գուգլը։
Ֆեյսբուքը արգելափակել է կամ հեռացրել բովանդակությունը՝ վկայակոչելով ատելության խոսք կամ պորնոգրաֆիկ նյութեր տարածելու անթույլատրելիությունը, մինչդեռ արգելափակված կամ սահմանափակված օգտատերերը, լրատվամիջոցներն ու հանրային կարծիք ձևավորողները դարձել են Ֆեյսբուքի ոչ թափանցիկ աշխատանքի զոհ (Մոնթե Մելքոնյանի նկարի պատմությունը)։
Զեկույցում ասվում է, որ առցանց լրագրողները, մեկնաբանները և սովորական օգտատերերը չեն ինքնագրաքննում ասելիքը՝ համատարած կերպով։
Համաձայն IREX-ի՝ որոշ առցանց լրագրողներ զգուշանում են բացասական բաներ գրել իրենց մեդիայի սեփականատերերի կամ բարերարների մասին:
Զգայուն թեմա է Ադրբեջանը։
Խիստ բևեռացված դաշտում Փաշինյանի կառավարությունը «քննադատող ընկերները», որոնք Հայաստանի ակտիվ քաղաքացիական հասարակության անդամներն են, երբեմն չեն ցանկանում խոսել առցանց՝ վախենալով, որ իրենց կարող են նույնացնել հին ռեժիմի անդամների կամ համակիրների հետ։
Մեդիա լանդշաֆտ
Ըստ Freedom House-ի՝ առցանց տեղեկատվական լանդշաֆտը Հայաստանում բևեռացված է, ենթարկվում է քաղաքական ճնշման և լի է ապատեղեկատվությամբ:
Որոշ լրատվամիջոցներում առցանց լրագրողներին արգելվում է շեղվել իրենց գործատուների խմբագրական քաղաքականությունից, որը հաճախ կապված է քաղաքական կուսակցությունների կամ ուժերի հետ:
Հակասական է ընկալվում վարչապետ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որը «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրն է և արտոնյալ հասանելիություն ունի ինֆորմացիայի։
Չնայած այս մտահոգություններին, որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Փաշինյանի օրոք անտեղի քաղաքական ազդեցությունը առցանց տեղեկատվական դաշտի վրա ավելի քիչ է տարածված, քան եղել է նախկինում։
Թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերը մեղադրում են միմյանց կեղծ օգտահաշիվների բանակ պահելու համար։
2021-ի փետրվարին Թվիթերը հայտնել էր, որ հեռացրել է Հայաստանի կառավարության հետ կապված 35 հաշիվ, որոնք տարածում էին հակաադրբեջանական նարատիվներ: Որոշ դեպքերում կեղծ հաշիվները ներկայանում էին որպես ադրբեջանական քաղաքական գործիչներ և լրատվականներ:
Թեև տեղեկատվական դաշտը շատ բազմագույն է (կա թե՛ չեզոք լրատվություն, թե՛ ընդդիմադիր տեսակետներ), սակայն ըստ IREX-ի՝ «տեղեկատվության որակը հաճախ ցածր է, հետևաբար չի ապահովում իրական բազմազանություն»:
2020-ին Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության ընթացքում կառավարությունը թաքցրել է տեղեկատվությունն առաջնագծից, ինչը նպաստել է ապատեղեկատվության տարածմանը և նվազեցնել հասարակության վստահությունը պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվության նկատմամբ։
Դրական է, որ ակտիվիստներն ու բողոքի շարժումները հենվում են սոցիալական ցանցերի վրա՝ քաղաքացիներին մոբիլիզացնելու և աջակիցների հավաքելու համար:
Խոսքի ազատություն
Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է խոսքի ազատությունը անհատների և լրատվամիջոցների համար, իսկ քրեական օրենսդրությունը լրագրողներին տալիս է որոշակի պաշտպանություն: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, լրագրողին տեղեկատվություն տարածելու կամ թաքցնելու հարկադրելը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։
Սակայն, ո՛չ քրեական օրենսգիրքը, ո՛չ էլ լրատվամիջոցների մասին օրենսդրությունը հստակ չեն սահմանում, թե ով է որակվում որպես լրագրող, կամ արդյոք այդ իրավունքները տարածվում են առցանց լրագրողների և բլոգերների վրա:
Հայաստանի դատական համակարգը չունի անկախություն և ամենաանվստահելի հանրային ինստիտուտներից է: Այս փաստը թույլ չի տալիս վեճերը հասցնել ու լուծել դատարանում։
Հայաստանի ցուցանիշի վրա վատ հետևանք է թողել զրպարտությունը ու վիրավորանքը քրեականացնող օրինագիծը, որը ընդունվել էր 2021-ի հուլիսին։ Այն գործեց մեկ տարի՝ թույլ տալով, որ պետական պաշտոնյաներին և հասարակական գործիչներին (հատկապես վարչապետ Փաշինյանին) ուղղված քննադատության համար պատասխանատվության ենթարկվեն օգտատերերը։
2022-ի ապրիլի դրությամբ այդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է առնվազն 802 գործ, որոնցից 6-ը մեղավոր են ճանաչվել։ Դատարան հասած ութ քրեական գործերի հիմքը Փաշինյանին վիրավորանք հասցնելն էր՝ Ֆեյսբուքի գրառումներով կամ մեկնաբանություններով։
Տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության խմբերը համատեղ դատապարտեցին այդ օրենքը՝ համոզելով, որ կառավարությանը այն չեղյալ համարի։ Արդյունքում այդ դրույթը չներառվեց 2022-ի հուլիսին ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքում։
Բռնություն
Զեկույցում ասվում է, որ առցանց գործունեության համար ահաբեկումը կամ ֆիզիկական բռնության դեպքերը նվազել են թավշյա հեղափոխությունից հետո
2021-ին արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 18 դեպք (օֆլայն և օնլայն) և 108 դեպք, երբ նրանց վրա ճնշում է գործադրվել այլ կերպ։
Freedom House-ի զեկույցը հետաքրքիր է նաև որպես համեմատություն։ Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 78 միավորով նույնպես ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքում է։ Անազատ երկրների շարքում են Ադրբեջանը՝ 38 միավորով, Թուրքիան՝ 32, Ռուսաստանը՝ 23, Իրանը՝ 16:
Հայաստանն ինտերնետի ազատության ցուցանիշներով նույն դիրքում է, ինչ ԱՄՆ-ն։ Իսկ կես տարի առաջ հրապարկված Freedom House-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանը նահանջել է ազատ մեդիայի ոլորտում։
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: