2013.05.21,

Քննադատ

Երեկոյան թերթի անհրաժեշտություն

Խորհրդային տարիներին «Երեկոյան Երեւան» անունով օրաթերթ կար, որը Կոմկուսի Երեւանի քաղկոմի օրգանն էր: «Երեկոյան Երեւան» լույս էր տեսնում եւ կրպակներում վաճառվում էր երեկոյան ժամերին, երբ մյուս թերթերն արդեն սպառված ու վաճառված էին լինում: Չնայած խորհրդային լրագրությունը լրատվության հրատապությամբ աչքի չէր ընկնում, երեկոյան լույս տեսնող «Երեկոյան Երեւանի» մեջ հայտնվում էին որոշակի նորություններ, որոնք առավոտվա թերթերում եղած չէին լինում: Եվ քանի որ «Երեկոյան Երեւանը» «Խորհրդային Հայաստանի» համեմատ ապաքաղաքական ու ապակուսակցական թերթ էր եւ ավելի մեծ տեղ էր հատկացնում մշակույթին ու սպորտին, ընթերցողների շրջանում որոշակի պահանջարկ ուներ:

«Երեկոյան Երեւան» թերթն անսպասելիորեն կանգնեց ութսունութին սկսված Ղարաբաղյան շարժման կողքին, եւ դա թերթի վերջին խմբագիր Կամո Վարդանյանի շնորհիվ էր, եւ պատահական չէր, որ լուսահոգի Կամո Վարդանյանը ՀՀՇ առաջին համագումարում ընտրվեց ՀՀՇ վարչության անդամ:

Կամո Վարդանյանից ու անկախությունից հետո մի քանի անգամ փորձ արվեց վերականգնել «Երեկոյան Երեւանը», բայց բոլոր փորձերն էլ առանձնապես հաջողությամբ չպսակվեցին, որովհետեւ խորհրդային տարիների «Երեկոյան Երեւանի» հաջողության հիմնական գրավականն այն էր, որ «Երեկոյան Երեւանը» համապատասխանում էր իր անվանը, այսինքն` լույս էր տեսնում երեկոյան:    

Այսօր, երբ օրաթերթերն իրենց լրատվության հրատապությամբ ու թարմությամբ էապես են զիջում լրատվական կայքերին, ավելի է զգացվում երեկոյան տպագիր օրաթերթի անհրաժեշտությունը: Չենք պնդում թե` երեկոյան տպագիր օրաթերթն ի զորու կլինի մրցակցել լրատվական կայքերի հետ, այդուհանդերձ, երեկոյան օրաթերթն ակնհայտորեն կարող է լրացնել եղած ու գործող օրաթերթերի բացը` լրատվության թարմության իմաստով. ընդ որում, դա կարող է անել լրատվական կայքերի ամենաթարմ լրատվությունից որոշակիորեն ու օրինականորեն օգտվելով եւ կանոնավոր հղումներ անելով տվյալ լրատվական կայքերին, ինչպես նաեւ` դրանց գումարել տվյալ առավոտվա ու տվյալ ցերեկվա սեփական միանգամայն թարմ լրատվությունը:

Իմ կարծիքով, երեկոյան այս օրաթերթը ոչ միայն կարող է մրցակից  հանդիսանալ մեր հանրահայտ օրաթերթերին, այլեւ կարող է լրջորեն մրցակցել լրատվական կայքերի հետ, մանավանդ` եթե կարողանա լրատվական որոկյալ ծաղկաքաղ կատարել նույն այդ լրատվական կայքերից:

Եթե ուժերս ու հնարավորություններս ներեին, ոչ թե այսպիսի առաջարկությամբ հանդես կգայի, այլ անձամբ կնախաձեռնեի նման երեկոյան օրաթերթի հրատարակությունը, մանավանդ որ` տվյալ օրաթերթից ակնկալվող որոշ եկամուտն էլ եմ որոշ չափով պատկերացնում, եւ նմանապես այդ գործի դժվարություններն էլ եմ որոշակիորեն պատկերացնում:

Այդ դժվարությունները հիմնականում կապված են մայրաքաղաքի թերթերի կրպակների աշխատանքային ռեժիմի ու գրաֆիկի հետ, որովհետեւ մայրաքաղաքի կրպակների մեծ մասը երեկոյան վեցից հետո փակվում են: 

Այսուհանդերձ, եթե իմ պատկերացրած օրաթերթը առնվազն մինչեւ երեկոյան հինգը հասցվի կրպակներ, եւ եթե շուտ փակվող կրպակները ուշ փակվողների պես մինչեւ երեկոյան ութն ու ինն աշխատեն, դժվարություն ներկայացնող այդ միակ հարցն էլ խոչնդոտ չի հանդիսանա: Իսկ որ կրպակավարները թեկուզեւ իրենց ընդմիջման ժամերն ավելացնելու հաշվին կմնան ու մինչեւ ութն ու իննը  կաշխատեն, գրեթե վստահ եմ: Հակառակ դեպքում, կարելի է մինչեւ ցերեկվա  երեքը թերթը հասցնել կրպակներ` նմանապես թարմ լրատվությամբ, եւ այդ դեպքում կունենանք ոչ թե երեկոյան, այլ ցերեկային օրաթերթ:

Հասկանում եմ, որ առաջարկս ցանկությունների ոլորտից է, բայցեւ` միանգամայն հնարավոր:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *