Factor․am-ը պաշտոնական գրություն է ստացել Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողական ծառայությունից՝ Ռոսկոմնադզորից, պահանջով՝ հեռացնելու այն հրապարակումը, որով իբր Բուչայում տեղի ունեցածի հետ կապված կեղծիք է տարածվել։
Կազմակերպությունը հղում է արել ՌԴ դատախազության որոշմանը, թե լրատվամիջոցի տարածած բովանդակությունը խախտել է օրենքը։ Հրապարակումը տեղադրված է դեռևս ապրիլ ամսին՝ կայքի ռուսական բաժնում։ Այն հեռացնելու համար Ռոսկոմնադզորը 24 ժամ է սահմանել, չհեռացնելու դեպքում կայքն արգելափակվելու է ՌԴ տարածքում։
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՌԴ պետական վերահսկող մարմինները զանգվածային կերպով արգելափակեցին այն մեդիա հարթակները, որոնք տարածում էին լուրեր Ուկրաինայում ռազմական գործողությունների, բնակիչների ու նաև ՌԴ զինվորների մահերի մասին։
Ավելին՝ փետրվարի 26-ին Ռոսկոմնադզորը տեղեկացրել էր, որ մուտքը որոշ ինտերնետ ռեսուրսներ կսահմանափակվի, եթե դրանք Ուկրաինայում տեղի ունեցողը անվանեն «պատերազմ», «ներխուժում» կամ «հարձակում»։ Միակ ընդունելի տարբերակը պետք է լինի պաշտոնապես այն կոչելը «հատուկ ռազմական օպերացիա»։
Factor.am-ի գործադիր ղեկավար Արևիկ Սահակյանն ասում է՝ հաշվի առնելով Ռուսաստանում տիրող իրավիճակը, իրենց՝ Ռոսկոմնադզորի տեսադաշտում հայտնվելը ժամանակի հարց էր և այդ առումով անսպասելի չէր։
«Անսպասելի էր թերևս այն բառամթերքը, որով այս կառույցը դիմել էր մեկ այլ ՝ ինքնիշխան երկրում գործող լրատվամիջոցի խմբագրությանը՝ «պարտավոր եք», «անմիջապես» և այլ ձևակերպումներով։ Ընդ որում՝ հղում էին կատարել օրենքի խախտմանը, առանց ջանք թափելու նշել, թե որ երկրի և որ օրենքի», – ասում է նա։
Արևիկ Սահակյանի խոսքով՝ ուշագրավ է նաև, որ ռուս գրաքննիչներն իրենց տասնյակ հրապարակումներից առանձնացրել էին ԵՄ հայտարարությունը՝ Բուչայի սպանդի վերաբերյալ․ «Այսինքն, դա ԵՄ կողմից պաշտոնապես հրապարակված փաստաթղթուղթ էր, անգամ մեր հեղինակային նյութն էլ չէր։ Եվ հիմա՝ ավելի քան վեց ամիս անց, Ռոսկոմնադզորում գլխի են ընկել, որ ԵՄ այդ հայտարարությունը վտանգում է իրենց երկրի քաղաքացիների անվտանգությունը և Բուչայում տեղի ունեցածի շուրջ կեղծիք է տարածում»։
Լրատվամիջոցի ղեկավարն ասում է, որ իրենք շարունակելու են աշխատել այնպես, ինչպես աշխատել են․ «Բնականաբար՝ մենք որևէ հրապարակում չենք հեռացնելու։ Ափսոսում ենք միայն, որ մեր ռուսաստանաբնակ լսարանը` մեր ընդհանուր լսարանի շուրջ 34 տոկոսը, կզրկվի մեր ռուսալեզու կոնտենտին ծանոթանալու հնարավորությունից, բայց դա էլ է ժամանակի և տեխնոլոգիայի հարց, ի վերջո, VPN-ով կարող են հետևել մեզ»։
Ռոսկոմնադզորի այս պահանջը նրան հիշեցրել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախաձեռնության մասին՝ Ռոսկոմնադզորի օրինակը Հայաստանում տեղայնացնելու շուրջ։
«Բարեբախտաբար, Պուտինից մեդալ ստացած Դավթյանի այս առաջարկը իշխանությունների կողմից հավանության չարժանացավ։ Բայց որ ռուսական կողմը շարունակելու է դեռևս ապրիլի 19-ին Փաշինյանի և Պուտինի կողմից ստորագրված երեսուն կետանոց հայտարարության 10-րդ կետի իրագործման շուրջ ճնշումները, կարելի է չկասկածել։ Ի դեպ, դա միայն Հայաստանին չի վերաբերում, տակավին վերջերս ՌԴ ԱԽՔ Պատրուշևը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը հերթական անգամ իր մտահոգությունն էր հայտնել ԱՊՀ երկրներում քաղհասարակության և ինտերնետային ռեսուրսների գործունեության ազատության մասին և առաջարկել ճնշման ռուսական գործիքներով կիսվել», – նշում է Factor.am-ի ղեկավարը։
Սա Ռոսկոմնադզորի՝ հայկական լրատվամիջոցներին ուղղված առաջին և միակ պահանջը չէ։
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ լրատվամիջոցը պարտավոր չէ այդ գրությանը հետևելու, որովհետև գրությունը գործում է միայն Ռուսաստանի տարածքում երկրի օրենքների հիման վրա։
«Քանի որ մենք գործ ունենք ինտերնետի հետ, որի բովանդակությունն արտադրվում է Հայաստանում և տեսանելի է տարբեր երկրներում, պետք է լինի երկկողմանի համաձայնություն երկու երկրների միջև։ Օրինակ, եվրոպական երկրների համար կա Եվրոպական միության դիրեկտիվը, եթե մի պետություն դիմում է, մյուս պետությունը պետք է հարգի։ Հայաստանի և Ռուսաստանի միջև նման համաձայնություն չկա»,- ասում է Ղազարյանը։
Այս ամենի ֆոնին, Factor.am-ի գործադիր ղեկավարի խոսքով, տարակուսելի է այն, որ Հայաստանում ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսով անարգել տարածում են ռուսական քարոզչություն՝ հաճախ պարզապես հակահայկական բովանդակություն։
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: