Սեպտեմբերի 20-ին սոցիալական ցանցերում տարածվեց Բրիտանիայի թագուհու հրաժեշտի արարողությունը պատկերող ծաղրանկար, որի հեղինակը իբրև ֆրանսիական «Շարլի էբդո» ամսագիրն էր։ Տարածվող պատկերում օգտատերերը գտան թաղման արարողակարգը խախտած լուսանկարվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Սակայն ինչպես ավելի ուշ պարզվեց՝ ծաղրանկարը ֆրանսիական երգիծական ամսագրինը չէ, ավելին, խմբագրության անունով թողարկվող հատուկ համարների մի ամբողջ կեղծ շարք գոյություն ունի։
Ինչ էին գրում օգտատերերը
Տարածվող ծաղրանկարը իբրև «Շարլի էբդո» ամսագրի շապիկն էր, որը հատուկ համար էր և թողարկվել էր սեպտեմբերի 19-ին։ Ամսագրի համարները առհասարակ լույս են տեսնում ամեն շաբաթ՝ չորեքշաբթի օրերին։ Թողարկված համարների արխիվը հասանելի է կայքում, իսկ տարածվող ծաղրանկարը դրանց շարքում չկա, սակայն այն մեծ տարածում գտավ հայկական տեղեկատվական դաշտում։
ArmComedy քաղաքական երգիծական հողարդման ֆեյսբուքյան էջում հրապարակվեց պատկերը կից գրառմամաբ՝ «Գտի´ր ՀՀ նախագահին Շառլի Էբդոյի շապիկին»։ Ավելի ուշ հրապարակումը հեռացվեց, իսկ հաղորդման հեղինակներից Նարեկ Մարգարյանը պարզաբանեց՝ «որքան հասկացա հակաուկրաինական ֆեյք էր, ուստի հեռացնում եմ»:
Սեպտեմբերի 21-ի 10:00-ի դրությամբ գրառումը հավաքել էր 900-ից ավել հավանում և կիսվել էր 69 անգամ։ Իսկ ֆեյսբուքից դուրս այս գրառումը վերցրել և նույնությամբ՝ որպես լուր տարածել էին մի շարք կայքեր՝ mamul.am, artsakh.news, kentron.am, ipress.am, asekose.am։
Ինչպես հայտնի է, Բրիտանիայի թագուհու հրաժեշտի արարողությանը ներկա էր գտնվել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նրան արարողակարգի խախտմամբ լուսանկարել էին, ինչն էլ բրիտանական դեղին մամուլում սկանդալային լուսաբանման առիթ էր դարձել։ Այս թեման լայն քննարկվեց նաև հայկական սոցցանցային տիրույթում, իսկ երգիծական ամսագրի շապիկին հայտնվել այս համատեքստում շատ տրամաբանական թվաց։
Սոցիալական ցանցերում ահազանգում են՝ ծաղրանկարը «Շարլի Էբդո»-ինը չէ, ավելին՝ տարածվել է ադրբեջանական աղբյուրից
Ծաղրանկարի տարածումից ժամեր անց ֆեյսբուքյան որոշ օգտատերեր կասկածի տակ դրեցին ծաղրանկարի ծագումը և սեփական հետաքննությամբ ենթադրեցին, որ այն դաշտում տարածվել է ադրբեջանական աղբյուրներից, մասնավորապես՝ Azvision.az-ից։ Հենց այս կայքն էր հրապարակմամբ պնդել, թե ֆրանսիական ամսագիրը ծաղրել է ՀՀ նախագահին։
Օգտատեր Նորա Գրիգորյանը գրեց, որ ծաղրանկարի աղբյուրը «փաստորեն ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ է (դեռևս)»։ Նաև հավելեց, որ Բրիտանիայի թագուհու հոգեհանգստին ոչ թե ՀՀ նախագահը, այլ Մեքսիկայի արտգործնախարարն է սելֆի արել և Թվիթերում տեղադրել։ Իսկ ծաղրանկարի կերպարը հենց սելֆի էր անում։
Ավելի ուշ նույն թեմային անդրադարձավ օգտատեր Կարեն Ավետիսյանը, որը ամսագրի սոցցանցային էջերում և համացանցում որոնել ու չէր գտել ծաղրանկարը։ Ավելին, իր խնդրանքով ընկերն էլ Փարիզի կրպակում փնտրել ու չէր գտել «Շարլի Էբդո»-ի՝ սեպտեմբերի 19-ի հատուկ համարը։
Media.am-ը կապ հաստատեց ֆրանսահայ լրագրող Վահե Տեր–Մինասյանի հետ, որը մեզ ուղարկեց ամսագրի վերջին համարի շապիկը, որում հոգեհանգստի ծաղրանկարը պատկերված չէ։
Հեղինակը անհայտ է, հայտնի է, որ ամսագրի կեղծ համարների շարք է
Ծաղրանկարը հետադարձ որոնելու արդյունքում Media.am-ին հաջողվեց գտնել մեկ այլ՝ այսպես կոչված «Շարլի Էբդո»-ի հատուկ համար, որում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես տարածված ծաղրանկարում, պատկերված էր շան կերպարով։
Պատկերների ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ բացի Զելենսկու կերպարի կրկնությունից, այս ծաղրանկարները արված են նույն ձեռագրով՝ դրանք բոլորը «Շարլի Էբդո»-ի հատուկ համարներ են և հրապարակվում են ոչ թե յուրաքանչյուր չորեքշաբթի, ինչպես իրական «Շարլի Էբդո»-ի համարները, այլ՝ տարբեր օրերի։
Շարունակելով որոնումը՝ կեղծ ամսագրի մեկ այլ շապիկ մեզ հաջողվեց գտնել ռուսական տելեգրամյան ալիքներնում.
Նաև պարզեցինք, որ ավելի վաղ՝ 2022-ի ամռանը ուկրաինացի փաստեր ստուգողները անդրադարձել էին «Շարլի Էբդո»-ին վերագրվող հատուկ համարին, որում նախագահ Զելենսկին պատկերված էր շան կերպարով։ Փաստեր ստուգողներին ամսագրի կայքում չէր հաջողվել գտնել նման համար, չէին գտել նաև հեղինակին։ Փոխարենը նրանք տեղեկացրել էին, որ այն «ռուսական քարոզչության կողմից օգտագործվում է Ուկրաինայի և այլ երկրների միջև գործընկերային հարաբերությունները ծաղրելու և արժեզրկելու համար:
Ստացվում է, որ հայկական տեղեկատվական դաշտում տարածվել է «Շարլի Էբդո» երգիծական ամսագրի կեղծ շապիկը, որում օգտատերերը տեսնում էին ՀՀ նախագահի կերպարը։ Պարզվում է, որ գոյություն ունի ամսագրի կեղծ շապիկների մի ամբողջ շարք, որի հեղինակը դեռևս անհայտ է։
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: