2013.05.09,

Քննադատ

«Ժողովրդի թշնամիների» նոր փնտրտուք

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

«…Երկար տարիներ համալսարանի լեզվաբանական ամբիոնը «ղեկավարում էր» տխրահռչակ «պրոֆեսոր» Գ.Ղափանցյանը… Ղափանցյանի ամբողջ դասախոսությունները խարսխված են իդեալիզմի եւ գռեհիկ էմպիրիզմի վրա: …

Միացած այժմ իբրեւ ժողովրդի թշնամի մերկացված Աճառյանի հետ, Ղափանցյանն ամբողջ տասը տարի վերցնելով իր վտիտ ուսերին չափազանց մեծ բեռ, պայքարել է Նիկոլայ Մառի դեմ, որի մասին այնքան դրվատանքով է խոսում «Պրավդան»:

(Մեջբերումն ըստ Ռաֆայել Իշխանյանի «Դուրս կորի» պատմվածքի, Ռ. Իշխանյան, «Իրական պատմություններ», Երեւան, 2004, էջ 65-66):

Վերը բերվածը մի հատված էր 1936 կամ 37 թվականներին Խորհրդային Հայաստանի թերթերից մեկում (թերթի անունն այս դեպքում կարեւոր չէ) հրապարակված հոդվածից: Հարցնում եք՝ ինչո՞ւ սա հիշեցի… Որովհետեւ մի խումբ մտավորականների մայիսի 7-ի բաց նամակը Սերժ Սարգսյանին՝ ֆրանսահայ բեմադրիչ Սերժ Ավետիքյանի բեմադրած «Անուշի» առիթով, իր ոճով ոչնչով չէր տարբերվում վերոբերյալից եւ 30-ական թվականների նմանատիպ այլ «մտավորականների նամակներից»…

Չէ, ես սխալվեցի, թերեւս տարբերվում էր նրանով, որ երեսնականների այդ բաց նամակները պարտադիր կոչ էին անում անխնա ոչնչացնել «ժողովրդի թշնամիներին», իսկ այս դեպքում շատ անմեղ պահանջ է. ընդամենը «Ազգային մեր հպարտությունների հետ նման սրբապիղծ ձեւով վարվողներին պիտի խստագույնս պատժել»

Թեպետ, ի՞նչ իմանաս՝ սա տարբերությո՞ւն է. չէ՞ որ չգիտենք, թե «խստագույնս պատժել» ասելով ի՞նչ են հասկանում մերօրյա մտավորականները… Կարդանք այդ Բաց նամակից մի հատված, պարզապես համեմատության համար…

«…«Անուշի» միջոցով սեքսուալ ազատ հարաբերությունների այս քարոզիչը գտնում է, որ օպերան պետք է լսել հատուկ ականջներով: Ի՞նչ ականջներով է այն լսել երաժշտական տարրական գիտելիքներին ոչ հասու, էլ չենք ասում օպերային մշակույթին իսպառ անծանոթ այս մարդը։

Վավերագրական կինոյի ներկայացուցիչը եւ երաժշտական ստեղծագործության, այն էլ դասական օպերայի բեմադրիչը միանգամայն անհամատեղելի են։ Ինչպե՞ս է պատահում, որ կանաչ լույս է վառվում նմանների առջեւ»։

 («Բաց նամակից» բոլոր մեջբերումները կատարված են ըստ առցանց «Առավոտի» կայքի)

Տարբերություն տեսա՞ք 30-ականների թերթի հոդվածի եւ այս հատվածի միջեւ…

Ես չեմ դիտել եւ ունկնդրել Ավեդիկյանի բեմադրած «Անուշը»: Ես չեմ դիտել նաեւ վերջերս էկրան բարձրացած «Գարեգին Նժդեհ» ֆիլմը: Անկեղծ ասած, դիտելու եւ լսելու մեծ ցանկություն էլ չունեմ: Այստեղ էլ խոսքս ոչ դրանց գեղարվեստական արժեքներին է վերաբերելու, ոչ արվեստում նորամուծություններին, ոչ առավել եւս՝ այդ նորամուծությունն ընդունել- ընդունելուն: 

Ավելի ճիշտ՝ այս վերջինին վերաբերելու է այնքանով, որ ես, լինելով ստեղծագործական ազատության, բազմակարծության կողմնակից, կարծում եմ, որ ինչպես Ավեդիկյանն ունի ստեղծագործական ազատության իրավունք, այնպես էլ արվեստագետները այդ ստեղծագործական մոտեցումները ընդունելու կամ չընդունելու, այն գովելու կամ քննադատելու, անգամ ջարդուփշուր անելու իրավունք: Բայց ի՞նչ ձեւով: Ու ի՞նչ պահանջներով:

Այստեղ է, որ առաջ է գալիս ստեղծագործության նկատմամբ մարդկանց վերաբերմունքի դրսեւորումների խնդիրը: «Գարեգին Նժդեհ» ֆիլմն էլ շատերին դուր չէր եկել, սակայն ես չեմ հիշում, որ այն քննադատողներից մեկը պահանջեր արգելել կամ պատժել հեղինակներին (համենայն դեպս, ես նման պահանջ չեմ կարդացել կամ լսել):

Ինձ դուր չեն գալիս հայ ժամանակակից արվեստի, մշակույթի, գրականության շատ ու շատ ստեղծագործություններ:Ես կարող եմ դրանք քննադատել, ասել իմ վերաբերմունքը, բայց արգելե՞լ, կամ ավելի ճիշտ՝ արգելելու պահա՞նջ դնել, ավելին՝ պահանջել պատժե՞լ…

Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանին հասցեագրված այդ բաց նամակը ստորագրողներից շատերը անգամ չեն կարդացել տեքստը, այլապես չէին ստորագրի՝ գոնե խորհրդային բռնաճնշումները հիշելով: Այն, հավանաբար, գրել են մեկ-երկու արվեստաբաններ, իսկ մյուսները պարզապես ստորագրել են:

Արդ, կարող էին, չէ՞, այդ նույն արվեստաբանները հանդես գալ սովորական քննադատական հոդվածով, ասեին իրենց ասելիքը, թեկուզ եւ նույն, ինձ համար անընդունելի բառապաշարով («գայլի ախորժակով «բեմադրիչը», «փառահեղ գործն այդպես թուրքավարի, բարբարոսաբար խողխողելը» եւ այլ նման արտահայտություններ), սակայն 21-րդ դարում բաց նամակ հղել նախագահին եւ պահանջել, ուշադրություն՝ «Ազգային մեր հպարտությունների հետ նման սրբապիղծ ձեւով վարվողներին պիտի խստագույնս պատժել» եւ խնդրել՝ «արգելել այս ներկայացման «արտահանումը» արտասահման», ուղղակի անհասկանալի է:

Պատկերացնո՞ւմ եք, ասենք, Բրոդվեյի մի ինչ-որ ներկայացման համար, ամերիկացի մտավորականները նամակ հղեն Օբամային:

Ինչպե՞ս են պատկերացնում «պատժելը» սույն նամակի հեղինակները՝ քառատե՞լ է պետք Ավեդիկյանին, գլխատե՞լ, գուցե հայտարարել «ժողովրդի թշնամի» եւ արտաքսե՞լ Հայաստանից կամ «տրոյկայի» նիստ անել եւ միանգամից մահապատի՞ժ…

Կամ՝ ինպե՞ս պիտի Սերժ Սարգսյանն արգելի «ներկայացման «արտահանումը» արտասահման», գոնե պատկերացնո՞ւմ են նամակի հեղինակները… Երեւի պիտի զանգահարի, ասենք, Ֆրանսիայի նախագահին ու պահանջի Ֆրանսիայում բեմ չտրամադրե՞լ… Պատկերացրի՞ք Օլանդի դեմքը, եթե հանկարծ նման բան լսի…

Բարեկամներս, գրաքննության պահանջի, արգելելու, պատժելու ժամանակներն անցել են: Կարո՞ղ եք՝ դուք լավը բեմադրեք, դիմացեք մրցակցությանը, իսկ ձեր կամ Ավեդիկյանի բեմադրությունների ճակատագիրը թող որոշի հանդիսատեսը: Հանդիսատեսին էլ կարող եք ուղղորդել ձեր հոդվածներով, քննադատական կամ գովասանական թատերախոսականներով:

Բայց պետք չէ, խնդրում եմ, պետք չէ վերադառնալ անցյալ. «Ժողովրդի թշնամիների» փնտրտուքից մինչեւ բոլորին գնդակահարելու պահանջ ընդամենը մեկ քայլ է…

Մեսրոպ Հարությունյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *