2022.09.12,

Ստուգված է

2021-ի ընտրությունների արդյունքները վիճարկվել են. Սիմոնյանը սխալվում է

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ընդդիմադիր խմբակցությունների՝ խորհրդարան չվերադառնալու և աշնանային նստաշրջանի նիստերին չմասնակցելու հարցին։ Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմությունն ընդունել է 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որևէ կերպ չի բողոքարկել, սակայն միևնույն է՝ ԱԺ նիստերին չի մասնակցում։

«Ընտրությունների (2021թ. արտահերթ խորհրդարանական, խմբ․) արդյունքները որևիցե մեկի մոտ կասկած չի առաջացրել և որևիցե ձևով նույնիսկ չի բողոքարկվել Սահմանադրական դատարան, նույնիսկ իրանք չենք բողոքարկել Սահմանադրական դատարան․․․․ Եղել ա ուրիշ բանի հետ կապված, ընտրությունների հետ կապված Սահմանադրական դատարան բողոք չի եղել։ ՍԴ դիմել են Ազգային ժողովի նախագահի ընտրությունները բողոքարկելու՝ պարտվել են։ ՍԴ-ում, եթե չեմ սխալվում, առաջին անգամ է, որ որևիցե մեկը չի բողոքարկել։ Իրենք ընդունել են ընտրությունների արդյունքները և չեն գալիս դահլիճ»,- ասել է ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանը ճիշտ է, ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, ՍԴ-ում վիճարկել է ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը, սակայն սխալվում է ասելիս, թե խորհրդարանական ընտրությունների արդյուքները չեն բողոքարկվել։ 

2021 թվականի ընտրությունների արդյունքները ընդդիմությունը բողոքարկել է Սահմանադրական դատարանում։ Չորս քաղաքական ուժ՝ խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» կուսակցությունն ու «Զարթոնք» դաշինքը 2021թ. հուլիսի 2-ին դիմել էին ՍԴ` ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։ Արդյունքների բողոքարկման մասին հայտարարել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Մենք ներկայացրել ենք դիմումը 12 կետից բաղկացած խնդիրների մանրամասն վերլուծությամբ, կից փաստաթղթերով և մեր հիմնավորումներով: Մենք ներկայացրել ենք 109 տեղամասերի վերաբերյալ արդյունքների մեր վերլուծությունը, որը վերաբերում է շուրջ 88 հազար ձայնի, որից 4 հազարի մասով տեսել ենք, որ ընտրական տեղամասերում հրապարակված ցուցակներում չկան ստորագրություններ»,- հայտարարել էր Վարդևանյանը։

Ավելին, ընդդիմության՝ ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ լրագրողների հետ զրույցում իր կարծիքն էր արտահայտել նույն Ալեն Սիմոնյանը։ Վերջինս վստահ էր, որ խախտումների մասին լուրջ փաստարկներ չկան և որ ընդդիմությունը գնում է այդ քայլին՝ «դեմքը պահելու» նպատակով։

«Կզարմանամ, եթե Սահմանադրական դատարանը այս դիմումը, որը որ իրենք ներկայացրել են, երկար քննի, որովհետև ակնհայտ է, որ սա արվում է դեմքը պահպանելու համար, որպեսզի մենք հնարավորություն չունենանք ասել, որ ևս մեկ աննախադեպ արդար ընտրություններ ենք անցկացրել Հայաստանի Հանրապետությունում»,- հայտարարել էր նա։

2021թ․ հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ ՍԴ-ն անփոփոխ է թողել ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը։ Ըստ ՍԴ-ի` դիմումատուների ներկայացրած դեպքերն ունեցել են դրվագային կամ եզակի դրսևորումներ։

Այսպիսով, Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե 2021-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ՍԴ-ում չեն բողոքարկվել, չի համապատասխանում իրականությանը։ Բողոքարկման հայտ էր ներկայացվել միանգամից 4 քաղաքական ուժի կողմից։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *