Խորհրդային հեռուստաթատրոնի չխամրող էջ՝ Իսիդոր Շտոկի «Սատանայի ջրաղացը» ներկայացման մեջ (որի ռեժիսորը Ռուբեն Հախվերդյանն է) Սատանայի դերակատար Ռաֆայել Քոթանջյանը շատ սրտանց դժգոհում էր, թե մարդկանց գայթակղելու համար պիտի թաքցնի «այս պոզերը եւ պոչը», որ մարդիկ չտեսնեն ու գլխի չընկնեն:
Հայկական15 հեռուստաընկերություններին հաջողվում է օրական 24 ժամ եթերում լինել ու թաքցնել պաշտոնական՝ 30 տոկոս աղքատությունը: Ավելին՝ գեղեցիկ մատուցմամբ եւ մեկ փաթեթով ցույց տալ բարգավաճող տնտեսությունը, բիզնես լուրերը, ուրախ գյուղը, հաջողակ մարդկանց, արվեստն ու շոու բիզնեսը:
Բոլորին ձեռնտու այս «լուրերը» մատուցվում են լրագրողական պրոֆեսիոնալ եւ հմայիչ շուտասելուկով, արագախոսությամբ, լղոզված, բացառապես լավատեսական ու սրամիտ վերջաբանով: Ասենք՝ տեղական «աստղը» գլխաշոր է կապում եւ տնքտնքոցով ցախ տեղափոխում կամ սեթեւեթելով կով կթում:
Իսկ եթե մի բան վատ է, այն է, որ սարում գայլը կերավ մեկ-երկու գառ, կամ մարագում ծնվեց երեքոտանի հորթուկ: Եվ այս «իրադարձությունները» զարմանալի օպերատիվությամբ մատուցվում են հանրությանը:
Գյուղի իրական կյանքը մերժված է եթերից, եւ զարմանալիորեն մինչեւ այսօր մարզն ու նրա մարդիկ հայկական հեռուստաեթերում հիշատակվում են այնպես, ինչպես տասնամյակներ առաջ Սերգո Երիցյանի տխրահռչակ «Կարծիք» հաղորդաշարում՝ գյուղական իդիլիայով. «փռումը հաց կա, հորումը՝ կարտոֆիլ»:
Նոր ժամանակներն էլ այդ ամենին հավելել են է՛լ ավելի քաղաքակիրթ քողարկումները (չեմ ուզում ասել՝ ստերը)՝ բանկերի նոր մասնաճյուղերի բացում, պարարտանյութի բաշխում եւ այլն: Սակայն ժամանակներն են փոխվել, եւ ամենահեռավոր մարզում էլ, ի հեճուկս պետության, ինտերնետ կապ եւ սկայպ կա, որով միայնակ մնացած մեծերի հետ կապ են պահում Եվրոպայում կամ Ռուսաստանում հանգրվանած երեխաները: Նրանք էլ իրենց եվրոպական փորձով ավելի են քողազերծում տեղական հեռուստաեթերի ստերը:
Մենք էլ քողազերծենք մեր հեռուստաեթերով պարբերաբար մատուցվող «մարզերում ամեն ինչ լավից լավագույնն է գնում» անհետաքրքիր ու անհավաստի, բայց ծավալվող սերիալը:
Պարարտանյութի լուր
Ամեն գարնան, կամ ընտրությունների շեմին իրար հերթագայող գյուղնախարարները, շփոթելով նախարարի ու պահեստապետի դերերը, «էժան գներով պարարտանյութ են բաշխում»: Գործից հասկացողները գիտեն, որ դա ինքնախաբեություն է, քանի որ հողին անհրաժեշտ մի քանի տեսակի պարարտանյութի փոխարեն միայն ազոտական տալը հողն ամայացնել է նշանակում: Երկրորդ՝ այդքան տարփողված բարեգործությունը մեկ պարկի հաշվով շուկայականից ընդամենը1000 դրամով է տարբերվում: Երրորդ՝ լավագույն դեպքում անհրաժեշտ քանակի 20 տոկոսն է տրամադրվում: Մի խոսքով՝ ծխածածկույթի եւ վերադասին միամտեցնելու նման մի բան է տեղի ունենում: Կարեւոր է, որ հեռուստացույցով ասեն, թե «գյուղացու ձեռքից բռնում, մատից փուշ են հանում»:
Տեղական սերմացու
Անկախացումից ի վեր դրամաշնորհներով եւ այլ միջոցներով գումար է տրամադրվում տեղական սերմարտադրությունը իբր զարգացնելու համար, եւ առ այսօր, քսան տարի անց, կրկին փորձում են նույնը անել: Որպես գյուղի բնակիչ կարող եմ վստահեցնել, որ տեղական սերմարտադրությունը չի էլ զարգանա, քանզի ավելի հեշտ ու շահավետ է Հոլանդիայից կամ Թուրքիայից կարտոֆիլի, լոլիկի կամ ցորենի սերմացու բերել, քան տեղում արտադրել:
Ընդ որում՝ նույնքան հեշտ է բերել նաեւ որեւէ վարակ կամ ցեց (ինչպես անցյալ տարի եղավ), հետո էլ թունաքիմիկատի բիզնես անել ու պայքարել դրա դեմ: Կրկնակի շահավետ է: Այնպես որ, տեղական սերմարտադրությունը մնաց միայն հերթական դրամաշնորհ պոկելու, ներողություն արտահայտությանս, կուտ կամ խայծ:
Բանկեր
Հեռուստատեսությամբ, իբրեւ փրկչական իրադարձություն, ժամանակ առ ժամանակ ցուցադրում են այս կամ այն բանկի մասնաճյուղի բացումը մարզերում. շողշողուն, բարեկիրթ սպասարկում, ինտելիգենտ օլիգարխի արտաքինով բանկի տնօրեն, մոդել հիշեցնող աշխատակցուհիներ: Եվ ավետիս, թե ամեն ինչ այնքան լավ է, որ այլեւս հարկ չկա մայրաքաղաք գալ կամ բնակավայրից հեռանալ, տեղում, բարեկիրթ, քաղաքակիրթ ձեւով կվարկավորվեն: Տասը տարի է, ինչ «տեղում, բարեկիրթ ու քաղաքակիրթ ձեւով» Հայաստանի մարզերը կքած են բազմապիսի վարկերի տակ: Բոլոր տեսակի բանկերը քաղաքակիրթ ու բարեկիրթ ձեւով վաղուց են մտել յուրաքանչյուր տուն ու տրամադրել վարկեր, գրավադրելով գյուղացիների տունն ու հողը՝ միակ անշարժ գույքը:
Մարզերի անաշխատանք բնակիչները, չնչին բացառություններով, մեկը մեկին աչք տալով, անհուսությունից, առձեռն փողի պակասից, կքած են վարկերի տակ: Առանց չափազանցության, վարկ են վերցնում ոչ միայն կարտոֆիլի սերմացուի, այլեւ տղայի հարսանիքի ու աղջկա օժիտի համար: Զիմզիմովի եւ Կեկելի ժամանակները չեն, իհարկե, բայց ավելի լավ էլ չեն, եւ շատ հնարավոր է, որ մի օր էլ բողոքի ցույցի դուրս գան գյուղի հարսները, որոնց ոսկեղենը մշտական գրավի տակ է:
Ոռոգման ջուր կամ այլ կերպ՝«պղտոր ոսկի»
Հազարամյակների ու հարյուրամյակների մարտահրավերներով նորոգում ու վերանորոգում են ոռոգման համակարգերը, բայց կորուստները դարձյալ 40 տոկոս են կազմում: Իսկապես որ հոսող ու կորչող պղտոր ոսկի՝ պատասխանատուների համար:
Գյուղատնտեսական տոնավաճառ
Հետեւենք պարբերաբար կազմակերպվող գյուղատնտեսական տոնավաճառների հեռուստատեսային լուրերին, որոնց պարտադիր մասը գյուղանախարարի խոսքն է՝ գյուղացիների օգտին: Ապա ցուցադրում են մանդարին կամ կիվի վաճառողներին: Հաստատ՝ վերավաճառողներին, որ՞ օրվանից է հայ գյուղացին նարինջ, մանդարին կամ կիվի աճեցնում:
Ճշմարտությունը մերկ է, եթերային շպարը՝ ինքնախաբեություն: Սունդուկյանի մարգարեությամբ՝ «դիփ խաբում ինք ու խաբվում»: Ինչու՞ ենք զարմանում ընտրության արդյունքների վրա, իսկ ինչպե՞ս պիտի քվերարկեին աղքատության շեմին ապրող, «չքավոր ու էն էլ ի՜նչ չքավոր» Հայաստանի գյուղացիները: Հացի խնդիր ունեցող եւ տեղական «ցեցերի» կողմից կեղեքվող: Անարժանապատիվ կյանքով ապրող արժանապատիվ մարդիկ, ում ամենից շատ տխրեցնում ու հուսահատեցնում է դատարկվող գյուղը:
Գայանե Մկրտչյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: