2013.04.30,

Քննադատ

Սենսացիոն վերնագրեր

Գրականության եւ լրագրության մեջ միշտ էլ ստեղծագործության վերնագիրը կարեւորվել է: Մանավանդ` լրագրության բնագավառում:

Կանչող ու արտասովոր վերնագրերն իսկապես կանչում են ընթերցողին` տվյալ հոդվածը կամ հրապարակումն ընթերցելու: Միշտ է այդպես եղել:

Բայց կանչող ու արտասովոր վերնագիրը շատ քիչ էր, որպեսզի տվյալ հոդվածագրի կամ հրապարակման հեղինակի նյութը տպագիր մամուլում ընթերցվեր:

Ամենահետաքրքիր ու ամենասենսացիոն վերնագրի ներքո ներկայացվող նյութն ինքնին պիտի հետաքրքրություն ու արժեք ներկայացներ, որպեսզի ընթերցողը մինչեւ վերջ կարդար տվյալ հրապարակումը:

Անկախ ինձանից` սկսեցի անցյալ ժամանակով գրել, եւ չնայած անցյալ ժամանակին անցնելս ինքնաբերաբար ստացվեց՝ ամենեւին էլ անհիմն չի, որովհետեւ վերջին մեկ եւ երկու տարիների ընթացքում մեր լրագրության մեջ շատ բան է փոխվել, ընդ որում` բավական կտրուկ ու էապես է փոխվել, եւ մենք այդ կտրուկ ու էական փոփոխությունների կենդանի վկաներն ենք, եթե չասենք` մասնակիցները:

Ասվածն ուղղակիորեն վերաբերում է մեր լրատվական կայքերին, որոնցից շատերն արդեն իրենց մասայականությամբ ստվերել են տպագիր լրատվամիջոցներին, եւ եթե ընդամենը մեկ տարի առաջ կասկածանքով էի վերաբերվում այն հայտարարություններին, թե ապագան լրատվական կայքերինն է, հիմա ինքս եմ նման պնդումներ անում, որովհետեւ կյանքն ու լրագրությունը խելահեղորեն են առաջ ընթանում` առանց հաշվի առնելու մեր կարծիքներն ու ցանկությունները:

Եվ ես, որ ընդամենը մի քանի տարի առաջ կարծում էի, թե անկախության առաջին սերնդի լրագրողներին մոտակա տարիներին արժանի փոխարինողներ չեն գտնվելու, հիմա ճիշտ հակառակ կարծիքին եմ, եւ հակառակ կարծիքս այն է, որ փոխարինողներ արդեն իսկ գտնվել են ու կան, եւ այն էլ` լիքը:

Եվ էս ամենանորերն էնպիսի արագությամբ ու թափով են ինտեգրվել նորագույն լրատվական կայքերի ընթացքի մեջ, որ հներն ու առավել փորձառուները դժվարանում են էս ամենանորերի ու ամենաջահելների հետեւից հասնել:

Հներն ու ամենափորձառուները շարունակելով տպագիր մամուլում հրապարակել իրենց ավանդական վերլուծություններն ու հարցազրույցները` իրենց ուժերը զուգահեռաբար փորձում են նաեւ լրատվական կայքերում, մինչդեռ ամենանորերը հիմնականում քաղաքական գործիչների, պաշտոնյաների ու մտավորականների ասուլիսներին են հաճախում, ընդ որում` այդ ասուլիսներից փորձում են քամել առավելագույնը, եւ սովորաբար միեւնույն ասուլիսից մի քանի նյութ են սարքում եւ տեղադրում լրատվական կայքերում, եւ դրանք հիմնականում կարճ են լինում` համեմված ինտրիգներով ու աղմկահարույց վերնագրերով, եւ «դիտումներով» ու «լայքերով» էլ են ամենանորերը փորձառուներից առաջ անցել:

Եվ եթե չասենք, որ լրատվական կայքերի շնորհիվ լրագրողական էս ամենանոր սերունդն արդեն կայացել է, պիտի խոստովանենք, որ առնվազն կայացման ճանապարհին է:

Եվ եթե ասում ենք, որ էս ամենանորերը «դիտումների» ու «լայքերի» քանակով գերազանցում են հներին ու փորձառուներին, էդ ամենեւին չի նշանակում, թե նորերն առավոտից իրիկուն մտածում են էդ ցուցանիշներով հներից ու փորձառուներից առաջ անցնելու մասին:

Ընդհակառակը՝ իրենց մոտ դա միանգամայն ինքնաբերաբար ու բնականաբար է ստացվում, որովհետեւ իրենք չունեն տպագիր մամուլի փորձը, որը կխանգարեր փոխակերպվել ու հարմարվել լրատվական կայքերի հրամցրած միանգամայն նոր պայմաններին ու իրավիճակներին, ինչպես որ հներին ու փորձառուներին է խանգարում:

Այսինքն՝ նորերը ոչ թե հարմարվում են լրագրողական նոր պայմաններին ու իրավիճակներին, այլ իրենք հենց այդ նոր պայմանների ու նոր իրավիճակների ծնունդն են եւ հենց այդ նոր պայմաններին ու իրավիճակներին զուգահեռ են փոփոխվում, զարգանում, շարժվում ու առաջանում:

Եվ հների ու նորերի այս լուռ մրցակցությունն ամենեւին էլ անհետաքրքիր ու անօգուտ չէ, մանավանդ որ` նորերից ամենաօժտվածները չեն զլանում ավագների փորձից օգտվել եւ հարկ եղած դեպքերում նաեւ լրագրողական լուրջ վերլուծությունների փորձեր անել:

Եվ ավագներն էլ նորերից են օրինակ վերցնում` հիմնականում հրապարակումների կարճության եւ վերնագրերի երկարության իմաստով:

Մտքովս չէր անցնի, որ ես՝ վաթսունս արդեն անց, անկախության առաջին սերնդի լրագրողներին մի օր «ավագ» կանվանեմ, եւ չնայած լեզուս բռնեց ու իրենց էդպես անվանեցի՝ իրենք դեռեւս միանգամայն ջահել ու գեղեցիկ են, ինչպես նաեւ միանգամայն մրցունակ` մասնագիտական փորձի ու թարմության իմաստով:

Էսպես, լրատվական կայքերի շնորհիվ, նորերն անհավատալի արագությամբ կայանում են, եւ վաղուց կայացած հներն էլ շարունակում են վերստին կայանալ, եւ, երկուստեք միմյանցից սովորելով ու օրինակ վերցնելով, փոփոխվում ու իմաստավոր շարունակվում են:

Եվ հներից ամենահինը, որ ձեր խոնարհ ծառան է, երկուսից էլ հավասարապես սովորում ու փորձում է ջրի երեսին մնալ: Բայց վերնագրերի ուղղությամբ առանձնապես ջանք չեմ թափում, որովհետեւ կայքը, որի համար էս պահին գրում եմ, դիտումների քանակը չի գրանցում: Չնայած՝ էս անգամ վերնագիրս լավ էլ սենսացիոն ստացվեց:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *