2022.07.18,

Ստուգված է

Ամերիկյան հետախուզության պետի այցը Հայաստան` ռուսական մամուլում

Հուլիսի 15-ին Հայաստան էր ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզության գործակալության պետ Ուիլիամ Բըրնսը։ 

Բըրնսի այցի մասին նախապես չէր հայտարարվել և գաղտնի էր պահվում մինչև վերջին պահը, ինչը նպաստեց, որ հայկական ու ռուսական մամուլում դավադրության տեսություններ տարածվեն այս հանկարծակի և «խորհրդավոր» այցի մասին։

Լուրը տարածեցին ռուսական կայքերը

Ուիլիամ Բըրնսի հայաստանյան այցի մասին առաջինը հայտնել էին ռուսական կայքերը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ն, ապա այլ ռուսական ալիքներ՝ հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին։ 

Այնուհետև Ազատություն Ռադիոկայանը փորձել էր հաստատում կամ հերքում ստանալ պետական մարմիններից և ԱՄՆ դեսպանատնից, սակայն ապարդյուն։

Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո միայն պաշտոնական Երևանը լուսանկարներ հրապարակեց։

Բըրնսը նախքան ԱՄՆ գլխավոր հետախուզության պետ նշանակվելը 2021 աշխատել է նաև որպես ԱՄՆ փոխպետքարտուղար, եղել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը։ 

Քննարկում Ռուսաստանի առաջին ալիքով

Ռուսաստանի Առաջին Ալիքով հեռարձակվող “Время покажет” հաղորդման ընթացքում հիմնականում Ուկրաինային վերաբերող հարցերին զուգահեռ քննարկվեց նաև Բըրնսի Հայաստան այցն ու դրա պատճառների վերաբերյալ ռուս փորձագետների տեսակետները։ 

Ազգությամբ ամերիկացի լրագրող Մայքլ  Բոմը հեգնանքով նշեց, թե գուցե նոր «գունավոր հեղափոխության ժամանակն Է», դրա համար է բարձրաստիճան պաշտոնյան որոշել այցելել Հայաստան։ Մեկ այլ փորձագետ էլ պնդեց բազմիցս տարածված թեզը, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների թիկունքում բրիտանական և ամերիկյան հետախուզական գործակալություններն են կանգնած եղել, և այս այցն էլ պետք է դիտարկել դրա շրջանակում։ 

Մայքլ Բոմի համոզմամբ, սակայն՝ Ռուսաստանը անհանգստանալու բան չունի, որովհետև Հայաստանում ռուսական ռազմաբազա և «չորս հազար զինվոր կա»՝ «ամեն դեպքում»։ 

Մեկ այլ փորձագետ զարմանք հայտնեց, թե ինչու է պաշտոնյան առհասարակ թույլտվություն ստացել Հայաստան մտնելու։ Նա հիշեցրեց, որ Հայաստանը «միշտ, կամ ոչ, միշտ չէ՝ ժամանակ առ ժամանակ» գնում և օգնություն է խնդրում Ռուսաստանից, այդ թվում՝ ֆինանսական։ 

Հաղորդման ընթացքում արված այս հայտարարությունները տեղ էին գտել նաև 5-րդ ալիքի հաղորդման մեջ՝ «Ռուսները չեն հասկանում՝ «ինչպե՞ս են հայերը թույլ տվել, որ ԱՄՆ հետախուզության ղեկավարը Հայաստան մտնի»» խորագրով։ 

Բըրնսը այս տարվա մայիսի վերջին հայտնվել էր Ռուսաստանի սև ցուցակում՝ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այլ թեզեր ռուսական մամուլից

Պաշտոնական Մոսկվան մինչ օրս չի արձագանքել ԱՄՆ հետախուզության պետի այցին։ Ռուսական առցանց մամուլում, սակայն, տարածվել են դավադրության մի շարք տեսություններ՝ սկսած Ուկրաինայից մինչև հայ-թուրքական հարաբերություններ։ 

Ըստ news.ru կայքի՝ Բըրնսի, ով տիրապետում է արաբերենին, այցը Հայաստան այն ընթացքում, երբ Բայդենը Մերձավոր Արևելքում էր, խոսում է վերջինիս այցի կարևորության մասին։ Կայքը ենթադրում էր նաև, որ այս այցը գուցե կապված լինի Ղարաբաղում Ռուսաստանի համար «երկրորդ ճակատ» բացելու խնդրի հետ։

Ըստ կայքի՝ քննարկվում է նաև թեզը, որ հնարավոր է՝ այցը կազմակերպված լինի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ակտիվները առգրավելու թեման քննարկելու և Փաշինյանին «նվեր անելու» թեման քննարկելու համար։ Դրա դիմաց հայկական իշխանություններից պահանջելով «այլ ծառայություններ»։ Այս թեզը տարածվել էր նաև հայկական մամուլում։ 

Կայքը չէր բացառում նաև Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների սպասվող հանդիպման հետ առնչվող ծրագիր՝ այս այցի հետևում։

Հոդվածի վերջում կայքը եզրակացնում էր, որ եթե Ռուսաստանին վերաբերող հերթական քվեարկության ժամանակ Հայաստանը կրկին ձեռնպահ քվեարկի՝ մեծ անակնալ չի լինի։ Հայաստանը ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի օգտին է քվեարկել միայն վերջինիս Եվրոպական Խորհրդին անդամակցությունը դադարեցնելու հարցի քվեարկության ժամանակ, մյուս չորս քվեարկություններում Հայաստանը ձեռնպահ է եղել։ 

Ըստ Regnum-ի՝ ԱՄՆ-ի տարածաշրջանում «խաղի մեջ մտնելու» արդյունքում կա՛մ Բաքուն, կա՛մ Երևանը սկսելու է իրեն «ավելի վստահ զգալ»։ 

Ռուս ադրբեջանամետ փորձագետ Իգոր Կորոտչենկոն Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի Շուշի այցը կապել էր Բըրնսի Երևան այցի հետ։ 

Ամերիկացի պաշտոնյայի այցը Հայաստան աննկատ չէր մնացել նաև ադրբեջանական մամուլում, որտեղ ենթադրում էին, թե ամերիկացի հետախույզն այստեղ է նոր աղբյուրներ գտնելու հույսով՝ ի դեմս Իրանից Հայաստան եկող վարորդների և զբոսաշրջիկների և Ռուսաստանը լքած այլախոհների։

Անի Ավետիսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *