2022.07.01,

Նյուսրում

Պատկերապատում հայ աղջկա դրամատիկ կյանքի ու մեծ արհավիրքների մասին

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Ամառային արձակուրդ. երկու կրակի արանքում» պատկերապատումը (կամ գրաֆիկական նովելը) կարելի է համարել առաջին հայաստանյան արտադրանքը այս յուրահատուկ ու շատ կարևոր տպագրական ժանրում։ Լևոն Գյուլխասյանի (պատկեր) ու Տիգրան Պասկևիչյանի (սցենար) աշխատանքը ամբողջովին հայկական թեմայով ու հայկական արտադրության է։ Մինչ այդ նույնիսկ եթե թեման առնչվել է հայկական պատմության մի հատվածին, դա եղել է կամ համատեղ արտադրություն, կամ զուտ արտասահմանյան նախագիծ (հիմնականում ֆրանսիական)։

Սա պատմություն է, որը շատ հետաքրքիր ճոճվում է փաստի ու հորինվածքի տիրույթներում։ Մեծ համատեքստում է տեղադրված 14-ամյա երևանցի Արևիկի կյանքը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ու դրան հաջորդած տարիներին անցնում է զրկանքներով, սարսափով ու նվաստացումով լի ճանապարհ՝ հատելով երկրներ, մայրցամաքներ ու առերեսվելով բարդագույն գոյաբանական իրավիճակների։

Ի վերջո, սա նաև հասունցման մասին պատմություն է։ Հասունացում, որն ապրում է դեռահասը՝ ակամայից ընկղմվելով քաղաքական մեծ խաղի մեջ՝ իր մաշկի վրա զգալով, թե ինչ է իրական պատերազմը և ինչպես է աշխատում սառը պատերազմը՝ իր բոլոր ճյուղավորումներով։

Սովետական Հայաստան, Սովետական Ռուսաստան, նացիստական Գերմանիա, հետպատերազմյան Գերմանիայի հայկական ճամբար, ԱՄՆ, նորից Հայաստան։ Ահա այսպիսի շրջապտույտի մեջ է գցում իր հերոսին սցենարիստ Տիգրան Պասկևիչյանը, որի համար Արևիկը հավաքական կերպար է։ 

Արդեն տարիներ շարունակ Տիգրան Պասկևիչյանը նկարահանում է ֆիլմեր, հավաքում բանավոր վկայություններ և կինոարխիվ, պատրաստում ցուցահանդեսների հիմք այն մասին, թե ինչպես են ապրել ու վերապրել տեղահանված մարդիկ և ռազմագերիները խորհրդային տարիներին։

Եվ այս ահռելի նյութից այժմ կառուցվեց պատկերապատում։ Մի ժանր, որը մեծ տարածում ունի աշխարհում առաջին հերթին իր ճկունության շնորհիվ։ 

Սյուժեի կառուցվածքը գրաֆիկական նովելներում առաջնային է, բայցև առավելագույնս սեղմ է իր բառային նկարագրությամբ։ Բառը միշտ իր տեղը զիջում է պատկերին, եթե ունի գեթ մեկ շանս չգրվելու։

Մեծ հաշվով, թեև պատկերապատումը գիրք է, բայց աշխատում է կինոյի տրամաբանությամբ, քանի որ երկխոսություններն ու առավելևս հեղինակի տեքստը ոչ թե հնչում են, այլ ցուցադրվում։

«Ամառային արձակուրդ. երկու կրակի արանքում»-ը այդ առումով գերպրոֆեսիոնալ է արված։ Այն թեթև սահում է բարդագույն խնդիրների վրայով՝ թողնելով ամբողջական տպավորություն։

Նկարիչ Լևոն Գյուլխասյանը օգտագործել է սև-սպիտակ գունավորում ու գծային զուսպ ոճ, ինչը լավ փոխանցում է հիշողության ազդեցիկությունը։ Իսկ ուրվագծերի որոշակի անավարտությունը թողնում է տեղ, որ ընթերցողը մտորի, թե որքան փխրուն նյութ է հուշն ինքնին և որքան հեղհեղուկ։

Պատկերապատումը՝ վիզուալացնելով նյութը, ֆանտաստիկ կամ ծայրահեղ դոկումենտալ հիմք ունեցող, միանգամից է սուզում ընթերցողին միջավայրի մեջ (հենց կինոյի նման) ու տալիս այն բանալի կոդերը, որոնցով հարստանում է պատումը։ 

Ասենք, եթե պետք է տեսանելի դարձնել դարաշրջանը (հագուստով, ենթակառուցվածքներով, փողոցային ազդագրերով, փաստաթղթերով, զենքերի տեսակներով և այլն), ապա մի քանի կադրերի հաջորդականությունը միանգամայն բավարար է՝ ժամանակը «տեսնելու» համար։ Պատկերաբաշխումը հետևում է սցենարին՝ փորձելով ազատվել բառային կաղապարներից։

Կան բաներ, որոնք տպավորիչ են որպես պատկեր։ Օրինակ, այս դեպքում՝ քարտեզները (ռազմական գործողությունների ընթացքի մասին), փաստաթղթերը (հրահանգներն ու հրամանները, թե ինչ պիտի անեն տեղահանվող մարդիկ ու ինչ իրավունք ունեն իրենց հետ վերցնել), լուսանկարները (գրքի վերջում արխիվային լուսանկարներ են նաև)։ 

Եվ այդ ամենը դարձնում է «Ամառային արձակուրդ…»-ը մուլտիմեդիա պատկերապատում, որը մի քանի շերտ ունի։ 

Այնպես, ինչպես թվային տեքստերում են աշխատում հղումների խաչումները, այնպես էլ այստեղ է առաջարկվում խորանալ պատմության մեջ այնքան, որքան պետք է։ Արժե հիշել, որ շատ բան խորհրդային նիստուկացից կամ նացիստական ռազմավարությունից անծանոթ է ավելի երիտասարդ լսարանին։ Նրանք կարող են այդ մասին իմանալ վիզուալ տարբեր հավելվածներից։

«Ամառային արձակուրդ…»-ը դասական գրաֆիկական նովել է՝ ընդհանուր ու խոշոր պլանների ռիթմով, հերոսների զարգացմամբ ու պատմական նյութի սեղմ մատուցմամբ։ 

Սեղմ ձևաչափը իրականում շատ գրավիչ է։ Եթե այսպիսի վեպը գրվեր միայն բառերով, ապա կլիներ մոտավորապես երեք անգամ ավելի մեծ ծավալի։ Այսինքն, ընթերցումը կլիներ ավելի երկար, իսկ էմոցիոնալ ազդեցությունը կմնար կամ նույնը, կամ նույնիսկ ավելի պակաս։ 

Պատկերապատումը քիչ ժամանակում ավելի շատ ինֆորմացիա է փոխանցում ու ավելի մեծ ներգործություն ունենում զգայարանների վրա։

Դա առավել գնահատելի է, երբ սյուժեի հյուսվածքը փաստագրական է, իսկ հերոսները հորինված։ Այդ դեպքում ապրումներն ու հույզերը ևս ձեռք են բերում վավերագրական արժեք։ 

Պատմությունից միշտ անբաժան են մարդկային հույզերը։ Անգամ կարելի է ասել, որ հույզերն են տեսանելի դարձնում պատմությունը։ 

Եվ Արևիկը՝ անցնելով գերության, քաղցի, կորստի, հարկադրված ծանր աշխատանքի ու մշտական վախի միջով, բախվում է միշտ արդիական հարցի՝ ի՞նչ անել, երբ փլվում է քեզ ծանոթ աշխարհը ու պետք է փորձել մնալ մարդ, երբ դա գրեթե անհնարին է։

«Ամառային արձակուրդ. երկու կրակի արանքում» պատկերապատումը դժվար թե ծնվեր, եթե չլինեին աջակիցները (այս դեպքում եվրոպական կառույցները)։ Նման գործերը ծախսատար են, բայցև դրանք են թույլ տալիս խոսել սեփական պետության անունից ու սեփական լեզվով։

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *