2022.05.02,

Քննադատ

Բեմի խնդիր՝ արձաններից մինչև մեդիա

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Երևանը մի քանի օր է վերածվել է բեմահարթակի, որտեղ տարբեր հին ու թեթևակի ափգրեյդ արված անձեր ու ուժեր, որոնք իրենց կոչում են «ընդդիմադիր», փորձում են անել ամեն ինչ, որ ընդլայնեն բեմի գաղափարն ու ներառեն որքան կարելի է շատ մասնակցի: 

Թատրոնի լեզվով ասած՝ որ հանդիսատեսը դառնա գործող անձ: Որ ընդհանրապես չլինի հանդիսատես, այլ լինեն ակտիվ մասնակիցներ՝ առնվազն բեմի շրջանակի մեջ կանգած (թեկուզ լուռ ստատիստների դերում, բայց զանկալի է բարձր գոռգոռացող՝ հայրենիքի փրկության ու հողերի թալանին վերջ դնելու մասին):

Տոտալ թատրոնի այդ հնարքը հիասքանչ գործեց 2018-ին, քանի որ փողոցային պայքարն իրոք զանգվածային էր ու միաժամանակ զարմանալիորեն անհատակացված: Ժողովուրդը դուրս էր եկել փողոց փակելու ու իշխանությունների հրաժարականը պահանջելու, և ամեն մի մարդ գիտեր, որ ինքը միաժամանակ թե՛ մեծ բանի մասնակից է, թե՛ ինքնուրույն միավոր:

Այդ ժամանակ բեմի գաղափարն էր անգամ շարժական: 

Այսինքն, բեմն այնտեղ էր, որտեղ մարդն է: Մարդը շարժվում էր՝ իր հետ տանելով իրադարձությունն ու այդ մասին սոցիալական մեդիայում թողնում հետք, որին հետևում էր արդեն նոր տեղաշարժն ու նոր հետք՝ ցանցային տիրույթում:

Իսկ հիմա 2022-ին (պատերազմ տեսած ու պարտությունը դժվար մարսող) մարդկանցից պահանջելը, որ գան կանգնեն հին ու թեթևակի ափգրեյդ եղած անձերի կողին, լավ միտք չէ:

Իհարկե, կա հիասթափություն ու զայրույթ գործող քաղաքական ուժի հանդեպ, որը պարտության բեռի հիմնական կրողն է ու որ պակաս կարևոր չէ՝ կիսատ թողեց շատ ոլորտների ռեֆորմներ:

Բայց 2022-ին արդեն չեն կարող գործել այն քաղաքական հնարքները, որոնք ապահովեցին զանգվածային անհնազանդությունը 2018-ին: 

Հիմա երթերը, ավտոմեքենաների բարձր ազդանշաններն ու բարձրախոսներով հեռարձակվող երգերը դարձել են քաղաքի դեկորացիայի նման մի բան:

Հենց դեկորացիա, ոչ թե բեմ, որի վրա գործողություն է ու բախում: Այդ դեկորացիան ի դեպ՝ շատ է ոգևորում Ռուսաստանից պատերազմի ու ճնշումների պատճառով հեռացած քաղաքացիներին՝ նման բան իրենց պետությունում վաղուց թույլատրելի չէ: Իսկ այստեղ մտնում է տուրսիտական լանդշաֆտի մեջ որպես տեսարժան ժամանցային դրվագներ:

2022-ի Երևանը տարօրինակ Երևան է: Այստեղ ուզում են կրկնել մի բան, որի արդյունքը շատերին չի գոհացրել, բայց հիմա ուրիշ մարդիկ համառորեն կրկնում են նույնը ու համառորեն փորձում ստանալ ուրիշ արդյունք: 

Կա երեք հենման կետ, որոնք կարող են արդյունավետ լինել փողոցային պայքարի մեկնարկի դեպքում՝ մեդիա ռեսուրսի պակաս, հորիզոնական կապերի ստեղծում ու թարմ բառապաշարի կիրառում:

Եկել ենք, որ ի՞նչ լսենք

Փողոցային պայքարն ունի իմաստ, եթե այլ տեղ չունես հանրայնացնելու քո գաղափարներն ու հետագա քայլերը: Հետևաբար, քեզ հրապարակ-բեմ է պետք: 

Իսկ այսօր «ընդդիմադիրներն» ունեն այնքան մեծ մեդիա ռեսուրս՝ վերգետնյա հեռարձակողներից սկսած, փոքր տելեգրամյան ալիքներով վերջացրած (արանքում էլ կան իրենցից սնվող լիքը բլոգերներ-ինֆլուենսերներ), որ փողոցային պայքարի կոչ անելը դառնում է զուտ պատկեր, որը տարածվում է հենց այդ ուժերի հովանու ներքո գործող մեդիայում որպես բովանդակություն կամ պայքարին նպաստող պիտանի վավերագրական նյութ: 

Ստացվում է, որ անում ես մի բան, որ այդ մասին զեկուցես քո մեդիայում (նաև):

Եվ առաջանում է բնական հարց՝ ի՞նչ կա ասելու, որ պիտի ասվի փողոցում, այլ ոչ թե հեռուստատեսությամբ կամ սոցիալական ցանցերում: Հռետորաբանությունը նույնն է (հայրենիքի փրկություն, կառավարության հրաժարական, վախենալի սցենարների տարածում և այլն), և հարթակների փոփոխությունից ոչինչ չի փոխվում ու առավելևս չի կոնկրետանում:

Ի վերջո, եթե քաղաքական ուժը ռեֆորմի հայտ է ներկայացնում, պիտի հայտարարի ոչ թե փրկության մասին, այլ՝ ինչ քայլեր է անելու (ասենք, չեղյա՞լ է ճանաչելու պարտության համաձայնագիրը): 

Եվ դա ավելի արդյունավետ է անել միլիոնավոր լսարան ունեցող հեռուստատեսությամբ, քան մի խումբ քաղաքային անհնազադներին միանալու անդադար ու կպչուն հրավերով:

Դասակարգային դիսոնանս

2018-ի անհնազանդության շարժումը նախևառաջ հարաբերությունների օլիգարխիկ կառուցվածքի դեմ էր, և հրապուրիչ էր ուղղահայացը հորիզոնականով փոխարինելու շանսը:

Ի վերջո, հարուստների ու ոչ այնքան հարուստների բախումը անտեսել չի ստացվի նաև այսօր: 

Ակնհայտորեն նյութապես հարուստ մարդիկ հիմա ուզում են միասնության պատրանք ստեղծել հասարակության լայն շերտերի հետ, որոնց ընդամենը վերջերս անվանում էին «ժեխ», «նախիր» և նման բաներ: Եվ այդ բառապաշարով իսկ ընդգծում, որ իրենք նախիր չեն, այլ պատրաստ են դառնալ (կրկին) նախիրի առջևից գնացող առաջնորդներ:

Բառերը շատ հետաքրքիր են աշխատում: Եվ երբ լսում ես, թե ինչպես են, օրինակ, ազատ ու անկախ կեցվածքով շատ լրագրողներ խոսում ոստիկանների հետ սպասվող բախումների ու բռնի ուժի կիրառման  մասին, հասկանում ես, որ դա է նաև այս ցույցերի ալիքի սպասվելիք ու ցանկալի արդյունքը:

Ժեխն ու էլիտան ձեռք ձեռքի կարող են տալ ու միասին երգել հազվադեպ իրավիճակներում. եթե որևէ կողմ որոշի, որ ինքնախաբեությունը արժեքավոր է:

Բայց հիմա քաղաքը նայում է այս իրավիճակին որպես թատերական ներկայացման: Թատրոնում հանդիսատեսը գիտի, որ բեմում հորինվածք է, բայց ընդունում է հորինվածքի կանոնները: Հո՞ չի դուրս գալիս բեմ ու դառնում գործող անձ:

Առավելագույնը կարող է բարձրանալ արձանի վրա, որ լավ տեսնի կատարվելիքը:

Եվ դա շատ առողջ ու նորմալ ցանկություն է, քանի որ քաղաքը բացում է իր գիրկը, մատուցում իր արձաններին, որ տեղի ունենա քաղաքի ու նրա բնակիչների մերձեցում:

Անգամ եթե արձանի վրա բարձրացողի կանգնելու ոճն ու սանրվածքը մեղմ ասած՝ լավը չեն:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *