2022.04.21,

Նյուսրում

Freedom House-ի ցուցանիշներով Հայաստանը նահանջել է ազատ մեդիայի ոլորտում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Freedom House-ի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազգերն անցումային շրջանում» (Nations in Transit 2022) տարեկան զեկույցը, որը գնահատել է նաև Հայաստանի իրավիճակը 2021 թվականի ընթացքում:

Ըստ զեկույցի՝ Հայաստանն անցում է կատարել ավտորիտար կառավարումից հիբրիդայինի, բայց «դեռևս չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»: 

Հայաստանն ընդհանուր ցուցանիշով առաջընթաց է գրանցել՝ առավելագույն 7 միավորից (որը համապատասխանում է ժողովրդավար պետության ցուցանիշին), ստանալով 3.04 միավոր: Նախորդ տարի ուներ 2.96 միավոր:

Զեկույցում ասվում է, որ «նոր կառավարությունը խոստացել է լուծել երկարամյա խնդիրները՝ համակարգային կոռուպցիան, ոչ թափանցիկ քաղաքականության, թերի ընտրական համակարգն ու օրենքների թույլ գերակայությունը»: 

Հայաստանը հետխորհրդային երկրներից զիջում է Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային: Լավագույն ցուցանիշն ունի Էստոնիան, վատագույնը՝ Թուրքմենստանը։

Հայաստանի ցուցանիշի դրական փոփոխության հիմք են դարձել նոր «Ընտրական օրենսգրքի» ընդունումն ու 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Որոշակի առաջընթաց է գրանցել նաև դատաիրավական ոլորտում, զեկույցի հեղինակները իշխանություններին հորդորդում են շարունակել բարեփոխումները։ Հայաստանը միևնույն ժամանակ նահանջել է մամուլի անկախության ոլորտում։

Կա՞ն ազատ և անկախ լրատվամիջոցներ 

Այս հարցը ստացել է պատասխան, որ անկախ ու հետաքննող լրատվամիջոցները համեմատաբար ազատ են ու թեև դրանք փոքր են, բայց ապահովում են հիմնավոր լուսաբանում՝ մարտահրավեր նետելով պետական հեռարձակողներին ու պաշտոնական մեդիային:

«Համեմատության համար, տպագիր կամ հեռարձակվող լրատվամիջոցների մեծ մասը կապված են քաղաքական կամ ավելի լայն կոմերցիոն շահերի հետ»,- ասված է զեկույցում:

Որպես լրագրողների ազատությունների սահմանափակման օրինակներ հիշատակվում են լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումը խորհրդարանում ու Սյունիքի մարզի որոշ հատվածներում: 2021-ին ընդունված այս որոշումները դատապարտել են տեղական ու միջազգային կազմակերպությունները, իսկ տեղական մեդիա կազմակերպությունները կոչ են արել կառավարությանը վերջ դնել մեդիայի խոչընդոտումներին ու ոտնձգություններին:

Աճել են նաև լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերը: Այս պնդման հիմք է դարձել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) տվյալները: 2021-ին (ներառյալ հոկտեմբեր) արձանագրվել է մեդիա ներկայացուցիչների նկատմամբ բռնության գրեթե երկու տասնյակ դեպք:

Մեդիա ազատության չափման վրա վատ հետք է թողել 2021-ի հուլիսին ընդունված օրենքը, որը քրեականացրեց պաշտոնյաներին և հասարակական գործիչներին հասցեագրված վիրավորանքն ու զրպարտանքը: Այդ մասին Freedom House-ը զգուշացրեց 2021-ի մարտին՝ հատուկ կոչով դիմելով ՀՀ իշխանություններին:

Մտահոգիչն այն է, որ այս օրենքը հեշտությամբ կարող է դառնալ չարաշահման առիթ՝ սահմանափակելով ազատ արտահայտվելու իրավունքը, իսկ լրատվամիջոցները կարող են ենթարկվել ուղիղ քաղաքական ճնշման, եթե քննադատեն քաղաքական գործիչներին:

Ազատության չափման վրա ազդում է նաև ինքնագրաքննությունը, որը ըստ Freedom House-ի առկա է կրթական ու ակադեմիական համակարգում: 

2021-ին խորհրդարանը ընդունեց որոշում, որով կառավարությանը իրավունք ստացավ նշանակել երեք առաջատար պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների անդամների մեծամասնությանը: Եվ դա թույլ տվեց իշխանություններին ազդել համալսարանների կարևոր որոշումների վրա, այդ թվում՝ ռեկտորների ընտրության:

Զեկույցը նշում է, որ մասնավոր քննարկումները համեմատաբար ազատ են ու բուռն: Թեև գաղտնալսումն ու էլեկտրոնային հսկողությունը հնարավոր չէ առանց դատական որոշման, բայց օրենքը, որը քրեականացրել է հանրային դեմքերի հասցեին զրպարտությունը, մտահոգիչ է (արդեն ընթացքում են 9 դատական գործեր): Դա թույլ չի տալիս խոսել քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի ամբողջական իրացման մասին:

Որպես դրական քայլ հիշատակվում է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության խմբերը կարողացել են կանխել իշխող կուսակցության օրինագիծը, որի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կհայտնվեր կառավարության վերահսկողության ներքո։

Զեկույցում անդրադարձ կա հայ-ադրբեջանական պատերազմին, որի ազդեցությունը շարունակում է ծանր լինել Հայաստանի համար: Հակամարտության արդյունքում հազարավոր մարդիկ սպանվել և տեղահանվել են։ Իսկ 2021-ին որոշ տարածքներ ՀՀ-ում շարունակաբար օկուպացվում  էին ադրբեջանական ուժերի կողմից, ինչի արդյունքում խոչընդոտվում էր Հայաստանի քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի իրավունքը:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *