2022.03.10,

Ստուգված է

5-րդ ալիքը ռուսական քարոզչությունը կապում է Հայաստանի հետ

5-րդ ալիքը առանց ստուգելու կրկնեց ռուսական քարոզչական թեզերը՝ Ուկրաինայի և Արևմուտքի դեմ ուղղված տեղեկատվական գրոհը կապելով Հայաստանի հետ։ 

Մարտի 9-ին հայկական 5-րդ ալիքի «Հայլուր» թողարկման ընթացքում հնչում էին ռուս-ուկրաինական պատերազմի մասին առավելապես ռուսական պետական աղբյուրների պնդումները՝ առանց հակակշիռ փաստեր ներկայացնելու։ Նման պնդումներից մեկը 5-րդ ալիքը կապեց նաև Հայաստանի հետ։ 

«Պաշտոնական Մոսկվան պահանջում է, որ Պենտագոնը բոլոր խաղաքարտերը դնի սեղանին ու պարզ ասի՝ ի՞նչ էր պատրաստվում ստեղծել Ուկրաինայի 30 բիոլաբորատորիաներում, որոնց բացման համար ներդրել էր 200 միլիոն դոլար»,- հայտնեց հաղորդավար Լարա Առաքելյանը և մեջբերեց ՌԴ Արտգործնախարարությանը՝ «Դաշնությունը բոլոր ապացույցները ունի․ Արևմուտքը ամբողջ աշխարհի դեմ կենսաբանական գրոհ էր նախաձեռնում»։

Հաղորդավարը նաև հավելեց՝ Ռուսաստանը «ունեցած ապացույցներով» քրեական գործ է հարուցել, և «հայ փորձագետների խոսքով՝ քննության շղթան ռուսներին կարող է անգամ Հայաստան բերել»։

Հայ փորձագետներ ասելով՝ 5-րդ ալիքը, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ ակտիվիստ Հայկ Այվազյանին, որի խոսքերը մեջբերվում են «Հայլուրի» ռեպորտաժում։ Հայկ Այվազյանը, սակայն, ոլորտի փորձագետ չէ․ նա ծայրահեղ աջ քաղաքական խմբերի անդամ է, որի պնդումներին բազմիցս անդրադարձել են փաստեր ստուգող լրագրողները (օրինակ 1, օրինակ 2)։ 

Այվազյանը, ինչպես և պրո-ռուսական դիրքորոշում ունեցող մի շարք այլ ակտիվիստներ, հայտարարել են, որ «բիոլաբորատորիաները» վտանգավոր են, չեն վերահսկվում Հայաստանի կառավարության կողմից և այնտեղ կարող է կենսաբանական զենք մշակվել (օրինակ 1, օրինակ 2)։ 

Լաբորատորիաները ամերիկյան չեն

Հայաստանում գործող այսպես կոչված «բիոլաբորատորիաները» Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղերն են և կոչվում են «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»։ Այն ֆինանսավորվել և վերանորոգվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանական վտանգների նվազեցման գործակալության կողմից, սակայն գործում է ՀՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ, հետևաբար, այն գտնվում է ՀՀ կառավարության վերահսկողության ներքո։ 

Ռուս մասնագետներին թույլատրվել է այցելել լաբորատորիաներ

Ինչ վերաբերում է կենսաբանական զենքերի ստեղծման մասին ռուսական կողմի հայտարարություններին, ապա Հայաստանի կառավարությունը դեռ 2019 թվականին կազմակերպեց ռուս մասնագետների այց լաբորատորիաներ՝ նրանց մտահոգությունները փարատելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական կարգադրությամբ` ռուս մասնագետները լաբորատորիաների հասանելիություն ստացան։ «Նրանք հասանելիության հետ կապված երբեք խնդիր չեն ունեցել և չեն ունենա այն պահից, երբ ես դարձա ՀՀ վարչապետ…. Ռուս մասնագետները գտնվել են այնտեղ ու համոզվել, որ այդ լաբորատորիաներում ոչ մի սարսափելի բան չկա»,- ընդգծել էր Փաշինյանը։

Ի դեպ, թեև «Հայլուրը» հայտնում է ռուս մասնագետների այցի մասին, սակայն դրան հակադարվում է նույն քաղաքական ակտիվիստ Հայկ Այվազյանի խոսքերը, թե քաղաքացիական փորձագետները կարող է և չհասկանային, որ այնտեղ ռազմական փորձեր են իրականացվում։ Թե ինչի վրա է հիմնված Այվազյանի պնդում-ենթադրությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը գուցե բավարար որակավորում ունեցող մասնագետներ չի գործուղել Հայաստան, 5-րդ ալիքը չի մանրամասնում։

Լաբորատորիաները ֆինանսավորվել են նաև ՌԴ-ի կողմից

«Ռեֆերենս լաբորատոր կենտրոնը» աջակցություն է ստացել նաև ՌԴ կառավարության կողմից։ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսատեխնիկական աջակցություն ցուցաբերելու համաձայնագրով Ռուսաստանի դաշնության կողմից ստացել է թվով 14 տարբեր տեսակի սարքավորումներ, կահույք և կահավորված երկու շարժական լաբորատորիաներ։ 

Լաբորատորիաների գործունեության և ՌԴ-ից Ֆինանսավորման մասին 2017 թվականին պատմել է նաև ռուսական պետական Սպուտնիկ Արմենիա լրատվական գործակալությունը: Սպուտնիկի թղթակիցներն անձամբ էին այցելել լաբորատորիա և զրուցել տնօրենի հետ: 

«Բիոլաբորատորիաների» մասին կոնսպիրոլոգիան հին է

«Բիոլաբորատորիաների» մասին պատմությունը նոր չէ: Տարիներ շարունակ ռուսական պետական աղբյուրները պնդում են, թե հետխորհրդային մի քանի պետություններում ԱՄՆ-ն ստեղծել է հատուկ լաբորատորիաներ, որտեղ ամերիկյան հատուկ ծառայությունների օգնությամբ կենսաբանական զենք է մշակվում։ 

Ռուս-ուկրաինական նոր պատերազմի մեկնարկից ի վեր ռուս քաղաքական գործիչները նորից սկսեցին տարածել այս պատմությունը։ 

Օրինակ, Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը պնդում էր, թե Ուկրաինայում գործում են 15 «բիոլաբորատորիաներ», իսկ ևս մի քանիսը կան Վրաստանում ու Ղազախստանում։ 

Մարտի 9-ին վտանգավոր ուկրաինական լաբորատորիաների մասին խոսում էին ՌԴ զինված ուժերը և ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Իսկ հաջորդ օրը ռուսական ԶՈՒ-ն հայտարարեց, թե Ուկրաինան կորոնավիրուս կրող չղջիկներով էքսպերիմենտներ է անցկացրել լաբորատորիաներում։ 

Սպիտակ տունը արդեն հերքել է Ռուսաստանի մեղադրանքները:

Կարինե Ղազարյան
Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *